Ադրբեջանն այսօր ուղիղ կրակ բացեց Մինսկի խմբի ամբողջ ձևաչափի վրա, այս փնթի գործողությունը կունենա քաղաքական հետևանք. Միհրան Հակոբյան

Ադրբեջանի՝ ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ կրակ բացելը նշանակում է, որ Ադրբեջանը հրազենից ուղիղ կրակ է արձակում Մինսկի խմբի ամբողջ ձևաչափի վրա, որի անդամ են գերտերությունները: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Միհրան Հակոբյանը՝ նկատելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններն՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն միջազգային հանրության աշխարհակարգը պահպանող պետություններ են: Նրա գնահատմամբ՝ պետք է խիստ արձագանք ակնկալել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ պետություններից, քանի որ փաստացի իրենց վրա են կրակել:

«Եռանախագահ պետությունները պետք է արձագանքեն թե՛ առանձին վերցրած, թե՛ ամբողջական Մինսկի խմբի ձևաչափով: Ես հիշում եմ՝ դեռևս 90-ականներին նման խնդիր է եղել և դա մեծագույն դիվանագիտական սկանդալ առաջացրեց պատերազմի շրջանում: Հիմա, երբ Ադրբեջանն այս պայմաններում ՀՀ-ի և Ադրբեջանի պետական սահմանին է կրակ բացում մոնիտորինգ իրականացնող խմբի վրա, ապա սրան պետք է միջազգային հանրությունն արձագանքի, քանի որ հասցեատերը հենց Մինսկի խմբի համանախագահությունն է»,- ասաց նա:

Հարցին՝ ստեղծված իրավիճակը հետևանք չէ՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի նմանատիպ իրավիճակներին արձագանքելու ոչ համարժեք մոտեցումներին, Հակոբյանը պատասխանեց, թե պետք է հիշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության հիմքում հակամարտող կողմերի միջև բանակցություններ, հաղորդակցություն ապահովելն է: Նրա խոսքով՝ շատ անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող իրեն ավելի կոպիտ ու խիստ ձևակերպումներ թույլ տալ:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է փորձի կողմերի միջև իրավահավասարություն պահել, չնայած վերջին շրջանում Մինսկի խումբը մի անգամ շատ հասցեական գնահատական տվեց Ադրբեջանի գործողություններին, մի քանի անգամ էլ ակնարկներ են եղել: Կարծում եմ՝ այս անգամ էլ Մինսկի խումբը պետք է հասցեական գնահատական տա, քանի որ հենց իրենց աշխատակիցներն են եղել դեպքի վայրում, իրենց աշխատակիցների ուղղությամբ է կրակ բացվել»,- ընդգծեց Հակոբյանը:

Քաղաքագետն Ադրբեջանի գործողություններում տրամաբանություն չի տեսնում, ավելին՝ կարծում է, որ Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները տրամաբանության մեջ տեղավորելը մի քիչ բարդ և անշնորհակալ գործ է դարձել: Նրա կարծիքով՝ բռնատիրական ղեկավարությամբ երկրների պահվածքն, ինչպիսին Ադրբեջանն է, միշտ անկանխատեսելի է:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը կրկին զինվորականության մակարդակով հանդես է եկել փնթի գործողությամբ , որն ունենալու է քաղաքական հետևանքներ: Չի կարող չունենալ քաղաքական հետևանք, նման միջադեպը հետևանք, անպայման, ունենում է: Ադրբեջանի  հերթական հոռացած և միջազգային հանրության նկատմամբ ունեցած գոռոզ վերաբերմունքի դրսևորումն է»,- եզրափակեց Միհրան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ին Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ դիտորդական խումբը Չինարիի հատվածում մոնիթորինգ անցկացնել չի կարողանում, քանի որ ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ:

 

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա-ի:

Անի Օհանյան

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,