Մեր պատմության տխուր էջերից. Ղեւոնդ սրբազանի եղերական սպանությունը եվ ոճիրի մանրամասները. Հակոբ Վարդիվառյան

Ղեւոնդ սրբազանի եղերական սպանությունը եվ ոճիրի մանրամասները

 

Շուրջ 85 տարի է անցել Ղևոնդ արք. Դուրյանի սպանությունից, սակայն վերքը չի սպիացել և դժվար թե սպիանա: Նյութի հիմնական աղբյուրներն են Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» եւ «Նյու Յորք Թրիբուն» պարբերականները:

«Դեկտեմբեր 24, 1933-ին, երբ աշխարհում բազմահարյուր միլիոն քրիստոնյաներ պատրաստվում էին տոնելու իրենց Փրկչի ծնունդը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատարագիչ առաջնորդը` Ղևոնդ արք. Դուրյանը սպանվեց եկեղեցու մեջ»:

Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ Ղևոնդ արք. Դուրյանի սպանության պարագաները եւ նույնքան դատապարտելի դրդապատճառները բովանդակ գաղթահայության, և ի մասնավորի ամերիկահայ կյանքում բացեցին խորունկ վերք, որի սպիացումը տեղի չի ունեցել այնքան այնքան ժամանակ, քանի դեռ հետևանքներն այսօր, ավելի քան երբեք, զգացնում են եկեղացական մեր կառույցների շարունակվող մասնատումը:

«Ամերիկյան պատմության մեջ մի անլուր ոճիր», այսպես էր սկսել կիրակի, դեկտեմբեր 24, 1933 երեկո հեռագրալուրերի հաղորդագրութունը ծանուցանելով Ամերիկայի հայոց առաջնորդ Տ. Ղևոնդ արք. Դուրյանի սպանությունը, որ տեղի էր ունեցել նույն օրը, առավոտյան ժամը 10.30-ին, Վաշինգտոն Հայթցի, Նյու Յորք, Ս. Խաչ եկեղեցում, Ուեսթ 178-րդ փողոց, ուր պատարագելու հրավիրված էր նորին սրբազնությունը: Ոճիրը գործվեց, երբ Ղևոնդ արքեպիսկոպոսը, ըստ հայկական սովորության, դրսում զգեստավորված հանդիսավոր թափորով եկեղեցի է մտնում ու առաջանում դեպի խորան:

 

 

 

 

 

Պատարագիչ սրբազանը եկեղեցու մեջ հազիվ նստարանների հինգերորդ շարքն է հասնում, երբ մի խումբ մարդիկ շրջապատում են նրան: Նրանցից երկուսը հրում են սարկավագներին ու բռնում են սրբազան առաջնորդինը եւ ուրիշներ էլ մոտենալով, որովայնից դաշունահարում են նրան, իսկ մյուս դավադիրները պատվար են կազմում` ժողովրդից ծածկելու համար:

Եղերաբախտ Դուրյան սրբազանը ծնկում է, իր գավազանից հազիվ կառչած, խույրը գլխից վայր է ընկնում և երեսը դեպի խորան, խաչը ձեռքին, արյունլվա գետնին է փռվում:

Ընդհանուր իրարանցումից դավադիրները հաջողեցնում են խառնվել բազմությանը, սակայն ներկա հավատացյալներից երկու հոգի բռնում են Մատթեոս Լեյլեկյանին եւ Նշան Սարգիսյանին:

Ամերիկյան թերթերը գրում էին Չիկագոյի դեպքի (եռագույնի հարց) և այնուհետև Ղևոնդ արքեպիսկոպոսի դեմ հակախորհրդային փոքրամասնության (ՀՅԴ) հալածանքինմասին: Հիշում էին Ուեսթբորոյում սրբազանի վրա եղած հարձակման ու դրան հետևած դատավարությունը, Նյու Յորքի Երեսփոխանական ժողովը, նրա ելքը, երկու շաբաթ առաջ Նյու Ջերսիում եկեղեցու շուրջ տեղի ունեցած վեճը, և բացատրում էին, թե ինչպես նահատակված առաջնորդը, հարգելու համար Ամենայն հայոց Խորեն կաթողիկոսի դիրքը, պարտականություն էր համարել տեղի չտալ իրեն դեմ եղած հալածանքի ու սպառնալիքների առջև ու դրվատում էին իր հոգևոր ձիրքերը եւ քարոզչական ու գրական կարողություններն ու երկերը: Հատկապես շեշտում էին Դաշնակցության անունը և նրան էին վերագրում կազմակերպված դավադրությունը:

Կիրակի օրը Նյու Յորքում անակնկալ կերպով վեց գաղտնի ոստիկանների կողմից խուզարկության էր ենթարկվել Դաշնակցության Արմեն Գարո ակումբը` 366-րդ պողոտայում և այնտեղ գտնվող 300 հոգուն խիստ հարցաքննության էին ենթարկել: Ակումբի բոլոր թղթերը գրավված էին:

Դավադրությունը Բոստոնում էր սարքված:

 

 

 

 

 

 

 

 

 

Քննության մեջ նկատի էր առնվում, թե դավադրությունը Բոստոնում էր կազմակերպվել, ուր և գտնվում էր ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի կենտրոնատեղին: Բացի վերոհիշյալ անուններից, սրբազանի սպանության հարցով ձերբակալվում են Օսկան Երկանյանը, Եվան Գոնզալես Չալիկյանը եւ Մարտին Մոզյանը: «Հայրենիք» օրաթերթն արդեն հուլիսի մեկից սկսած անխնա և անիրավ վայրագությամբ հալածում էր սրբազանին: Սպառնալիքների, բուռն, անսանձ եւ մոլեգին հայհոյությունների գրգռիչ ազդեցության տակ էլ կազմակերպվել էր այս սպանությունը:

Ավելի քան քսան հազար հայեր եւ օտարներ ներկա են գտնվում Դուրյան սրբազանի հուղարկավորության և վերջին օծման արարողությանը, որոնք կատարվեցին հունվարի 1-ին, 1934թ., Սեյնթ Ջան Դիվայն Նյու Յորքի մայր եկեղեցում: Հուղարկավորության և արարողության կարգադիր հանձնախմբի ատենապետն էր ՌԱԿ ղեկավարներից Տիրատուր Ա. Տիքիջյանը: Մասնավոր մի հանձնախումբ ևս այս տխուր առիթով բացվեց հայտարարում էր Դուրյան սրբազանի ֆոնդը:

Ամերիկայի և արտասահմանի զանազան հայաշատ քաղաքներում կազմակերպվեցին բողոքի ցույցեր: Հունվար 14-ին բողոքի հսկայածավալ ցույց տեղի ունեցավ համագաղութային կազմակերպությամբ Բոստոն Օպերա Հաուզում: Նույն օրը` Դիթրոյթի Գես Թեքնիքըլ հայկական դպրոցում: Փրավիդենսի Սթէյթ Արմըրիում: Կլիվլենտի YMCA-ում, Ուորթըրթաունի Սինիըր հայկական դպրոցում: Ինչպէս նաև` Նյու Ջըրզիում, Չըլսում, Ֆիլադելֆիայում, Սփրինգֆիլդում, Բրաքթընում, Սէյնթ Լուիզում եւ վերջապէս Նյու Յորքում:Հայաստանյայց եկեղեցու իշխանավորները ու պատասխանատուները, Ռամկավար ազատական կուսակցության, Ս.Դ.Հ. կուսակցության ղեկավարները ու շարքայինները, Հ.Բ.Ը. Միության մարմինները, Հայ կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների հոգևորականները, մամուլի պատասխանատուները և զանազան ազգայիններ ունեցան զայրույթի արտահայտություններ: Արտասահմանի հայ մամուլը, բացի դաշնակցական օրգաններից, խմբագրականներով եւ հոդվածաշարերով անորակելի ոճիրն էին դատապարտում:

 

 

 

 

 

Այսօրվա պայմաններում գուցե ամեն հայ պիտի զարմանայ, թե ինչո՞ւ այսքան հակամարտություն կարող է ստեղծել հայկական եռագույն դրոշը:

Իրողութունը այն է, որ առաջին հանրապետության անկումօց հետո եռագույնը դադարեց իրավական պետություն խորհրդանշել: Դաշնակցությունը այն վերածել էր իր մենատիրության խորհրդանիշը` այն գործածելով Հայաստանի և ընդհանրապես սփյուռքի հայրենասեր զանգվածներոի դեմ: Այդ պատճառով էլ Ամենայն հայոց Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսը հրահանգել էր եռագույնը հեռու պահել եկեղեցուց ու հասարակական վայրերից:

Դուրեան Սրբազանը անսալով այդ հրահանգին, ավելի վաղ մերժել էր եռագույն դրոշի տակ անցնել Չիկագոյի միջազգային փառատոնին, զայրույթ պատճառելով դաշնակցական հատվածին, որ այդ պատճառով չէր վարանել մինչև անգամ սրբապիղծ ոճիրի դիմելու եկեղեցու մեջ:

 

 

 

 

 

Հակոբ Վարդիվառյան, Նյու Յորք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

haydzayn.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,