Գործարանը տարիներ շարունակ դիմում է կառավարությանը, որ հրդեհված պահեստի քիմիական նյութերը կամ այրեն, կամ թաղեն. «Նաիրիտի» արհմիության ղեկավար

Տարիներ շարունակ «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով գործարանի «Դյուրավառ հեղուկ նյութերի պահեստ» անվանմամբ հրդեհված պահեստարանում գտնվող էթինոլ լաքի տարաները պետական միջոցներով կամ այրել, կամ թաղել՝ կոնսերվացնել։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը. «Այնտեղ կան տարբեր նյութեր՝ հեղուկ և դյուրավառ, այդ պահեստներից մեկը բռնկվել է:  Ճիշտն ասած՝ մենք դիմել էինք շուտ՝ դեռ տարիներ առաջ, որ պետական միջոցներով այրում կատարվեր։ Կառավարությունն էլ երևի ֆինանսական միջոցներ չուներ կամ նպատակահարմար չի գտել՝ մտածելով, որ գործարանը կվաճառվի։ Չեմ կարող ասել, բայց որ ասվել է, որ այդ նյութերը կա՛մ պետք է թաղվեն, կա՛մ այրվեն, դա հաստատ է»:

Ի պատասխան հարցի, թե կառավարությունները տեղյա՞կ են եղել, որ այդ քիմիական նյութերը հրդեհավտանգ են, Հրաչ Մուրադյանն ասաց. «Եթե, օրինակ, տանը մի կանիստր բենզին պահես, քանի՞ տարի կարող ես պահել. վերջը մի օր գլխիդ փորձանք կգա, չէ՞»:

Նրա խոսքով՝ նույն պահեստարանի այլ մասում գտնվում է «տոլոլ» անվանումով բենզինանման դյուրավառ նյութ ևս:

Հիշեցնենք, որ երեկ խոշոր հրդեհ է բռնկվել «Նաիրիտ» գործարանում։ Այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: Նույն ժամի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված էր, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: Նույն ժամի դրությամբ հաղորդվել էր, որ գործարանում պահեստավորված է 1025 տոննա էթինոլ նյութ, որից այրվել է 200 խորանարդ մետրը:

Գործարանի արհմիության ղեկավարը հերքեց տեղեկությունը, ըստ որի՝ հենց հրդեհված պահեստին հետևող աշխատակիցներն են ավելի վաղ ազատվել աշխատանքից:

«Հետևողներից չէ, այդ ազատվածներն այլ աշխատակիցներ են եղել՝ այլ արտադրամասի պետեր, որոնք ընդհանրապես կապ չունեն այդ արտադրամասի պահեստի հետ: Իսկ այն աշխատողները, որոնք հետևում են, արդեն քանի ամիս է՝ ԱԻՆ աշխատակիցներ են. նրանք գործարանի հին աշխատողներն են, ուղղակի այդ հաստիքները՝ մոտ 100 հաստիք, փոխանցվել է ԱԻՆ-ին, այնտեղից են աշխատավարձ ստանում, քանի որ գործարանն ի վիճակի չէ աշխատավարձ տալ»,-մանրամասնեց Հրաչ Թադևոսյանը:

Նա հերքում է տեղեկությունը, թե հնարավոր է՝ միայն էթինոլը չի այրվում, և հնարավոր է՝ այլ նյութեր ևս՝ կահույք, ձեռնոցներ, քանի որ, ինչպես մասնագետներն են պնդում, էթինոլն այրվում է անգույն, ոչ թե «սմոգով», ինչպես այս դեպքում էր, երբ օրվա երկրորդ կեսից սև, թանձր ամպերը շարժվում էին մայրաքաղաքի վրայով:

Գործարանի արհմիության ղեկավարն այս առնչությամբ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. «Կողքից ոչ մի նյութ չի վառվել, լաքէթինոլից բացի, եթե վառվեր, դա պահելու բան չէր, բոլորն էլ կիմանային»:

Հրաչ Թադևոսյանի բացահայտումների առնչությամբ ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից նյութերը ոչնչացնելու մասով առաջարկեցին հարցերն ուղղել գրավոր, քանի որ պատասխանի համար պետք է ուսումնասիրություններ արվեն՝ պարզելու համար՝ արդյոք դիմե՞լ են դյուրավառ նյութը այրելու, չեզոքացնելու առաջարկով:

Ինչ վերաբերում է «Նաիրիտի» անվտանգության աշխատակիցներին, ապա լրատվական ծառայության աշխատակից Գոհար Բաղդասարյանն ասաց, որ եթե անգամ «Նաիրիտի» անվտանգության աշխատակիցներն աշխատանքի անցած լինեն ԱԻՆ-ում, պետք է որ գործարանի անվտանգության ու վերահսկողության հետ կապ ունենան:

Tert.am-ի հետ զրույցում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը նախկին նաիրիտցիների՝ ԱԻՆ անցնելու կապակցությամբ հայտնեց հետևյալը. «Ես նման տեղեկատվություն չունեմ: ԱԻՆ-ն էլ այնտեղ անվտանգության աշխատանքներ չի իրականացնում, դա չգործող օբյեկտ է»:

Այլ մանրամասներ Հովհաննես Խանգելդյանը չհայտնեց՝ առաջարկելով դիմել ԱԻՆ լրատվական բաժին:

Բեթղեհեմ Արաբյան

tert,am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,