Հայ-ռուսական պայմանագրով ՀՀ-ն չի գաղութացվել, ՌԴ-ն վերցնում է այն, ինչ տալիս են ՀՀ իշխանությունները. քաղաքագետ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը տարածաշրջանում զսպող, հավասարակշռող նշանակության ունի, չնայած նրան, որ գործնականում հայ-ռուսական հարաբերությունների մեջ բացեր, խնդիրներ կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական պայմանագրին, որի 20-ամյակը լրացավ այսօր:

«Պայմանագիրը կնքվել է դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածում, հետաքրքիրն այն է, որ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը համարվում էր պրո-արևմտյան սերնդի գործիչ էր, բայց, այնուամենայնիվ, նա էլ լիբերալ-ազատական ժամանակաշրջանում տեսավ, որ տարածաշրջանում ՌԴ-ին ռեալ այլընտրանք չկա: Քաղաքականությունը կառուցվում է պրագմատիկ հաշվարկից ելնելով, ոչ թե ցանկություններից ելնելով, և այս առումով ճիշտ որոշում էր»,-մանրամասնեց նա:

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ պայմանագիրը որքան Հայաստանին է պետք, այնքան էլ՝ ՌԴ-ին: Ըստ նրա՝ բացեր պետք է փնտրել ոչ թե պայմանագրի կետերի, այլ գործնական հարաբերությունների մեջ:

«ՌԴ-ն, փորձելով իր քաղաքականությունը տանել, նմանատիպ հարաբերություններ է վարել նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք մեզ բարեկամ չեն: Մեզ հետ ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական գործընկեր. բնականաբար դաշնակցի հետ պիտի հարաբերություններն ավելի բարձր մակարդակի լինեն։ Նաև ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ ենք: Եվ այս տեսանկյունից ամենալուրջ խնդիրը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելն է, անկախ նրանից, թե ՌԴ-ն դա ինչ է անվանում՝ բիզնե՞ս, թե քաղաքականություն: Ես կարծում եմ, որ բիզնես խնդիր չէ, դա քաղաքականություն է, որը նաև բիզնես կոմպոնենտ կարող է ունենալ»,-ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն 20 տարիների ընթացքում, ըստ էության, «սեփականաշնորհել» է հայկական կապիտալը, տնտեսության համար առանցքային ճյուղերը՝ Վիգեն Հակոբյանն ասաց. «ՌԴ-ն վերցնում է այնքան տնտեսական մեխանիզմներ, որքան ՀՀ իշխանություններն են տալիս. 3 նախագահների ընթացքում է այդ գործընթացը գնացել: Ոչ ոք չի կարող այդքան լծակ վերցնել, եթե դու չես տալիս»,-շեշտեց նա:

Վիգեն Հակոբյանը համաձայն չէ նաև այն դիտարկումների հետ, թե ՀՀ-ն ՌԴ-ի կողմից գաղութացվել է նաև այս պայմանագրի շնորհիվ: Ըստ նրա՝ գաղութացնել ասվածը էմոցիոնալ է:

«Աշխարհում ցանկացած երկիր, որն աշխատում է գեոքաղաքական կենտրոնների հետ, քաղաքական, տնտեսական որոշումների հետ կապված ինքնուրույնության խնդիրներ են առաջանում. ես չեմ կարծում գաղութացման գործընթաց է: Եթե ինչ-որ միություն ես մտնում, ինչ-որ չափով քո ինքնիշխանությունը սահմանափակում ես, անկախ նրանից՝ ԵԱՏՄ, թե՞ Եվրամիություն»,-ընդգծեց նա:

Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ ինչպես հայ-ռուսական պայմանագրի կնքման ժամանակ, այնպես էլ հիմա ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջնահերթությունն անվտանգության հետ կապված հարցերն են:
Անի Գևորգյան

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,