Պետք է ներգրավվեն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ թափոններ են եղել այրված արտադրամասում

«Նաիրիտ» գործարանի պայթյունն ու հրդեհը և դրան նախորդած հրդեհները փաստում են, որ Հայաստանում լուրջ չեն մոտենում այն հանգամանքին, որ մեր մոլորակը մտել է աղետալի փուլ՝ բնական ու տեխնոգեն աղետներ են գրանցվում աշխարհի տարբեր երկրներում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ հավելելով, որ հատկապես աղետների ռիսկերի նվազեցմանը պետք է լուրջ մոտենալ: Եվ դա միայն մեկ կամ երկու նախարարության խնդիր չէ, համազգային խնդիր է:

 

«Բնական ու տեխնոգեն աղետները սերտ կապված են միմյանց հետ, Նաիրիտի հրդեհը  տեխնոգեն աղետ է, բայց հիմքը բարձր ջերմաստիճանն է, որը շատ երկար տևեց: Հավանաբար չեն կարողացել ապահովել անհրաժեշտ պայմաններ, որովհետև այրվող լաքէթինոլ նյութը պայթուցիկ է անգամ 32 աստիճանի պարագայում: Այսինքն՝ այն պետք է սառը պայմաններում պահվեր: Նաև Խոսրովի արգելոցի հրդեհը ցույց տվեց, որ մենք չենք գնահատում այն վտանգի աստիճանը, որ հիմա համաշխարհային մակարդակով կա, և Հայաստանը զերծ չէ այդ ամենից: Մենք առհասարակ շատ ավելի լուրջ պետք է մոտենանք էկոլոգիական խնդիրներին, որոնք մեզ մոտ միշտ անտեսված են եղել»,- ասաց մասնագետը:

«Նաիրիտում» երեկ բռնկված հրդեհի հետևանքով սև ծուխ է արձակվում մթնոլորտ: Կարինե Դանիելյանի խոսքով՝ համաշխարհային փորձն ասում է, որ նմանօրինակ պայթյունների ու հրդեհների ժամանակ, երբ սև մրով հագեցած ծուխ է լինում, ուրեմն դրանում տոքսիկ նյութեր կան, դա վտանգ է առաջացնում միջավայրի ու մարդկանց համար:

«Միջազգային փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ ռիսկեր կան: Այստեղ համատեղ ուսումնասիրություն է պետք, պետք է այդ աշխատանքներին ներգրավվեն այն մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է եղել այդ թափոնների պահեստում: Բացի լաքէթինոլից, փոքր քանակությամբ տարբեր թափոններ կան այնտեղ: Կաուչուկի արտադրության թափոնների հավաքածու է եղել այնտեղ: Իսկ այդ թափոնների հիման վրա պատրաստել են այդ լաքէթինոլը, որն օգտագործվել է որպես հակակոռոզիոն նյութ՝ մետաղային սարքերը ծածկելու համար: Բայց թե էլ ինչ նյութեր են եղել, ինչ քանակությամբ, այդ մասին պետք է հստակ տեղեկատվություն տրամադրվի»,- ասաց մասնագետը:

Առողջապահության, բնապահպանության և ԱԻ նախարարության մասնագետները երեկվանից հայտարարում են, որ հրդեհի արձակած ծուխը վտանգավոր չէ մարդկանց առողջության համար, միաժամանակ հորդորում են ռիսկային խմբերին՝ երեխաներին, ծերերին ու խրոնիկ հիվանդներին զգուշավորություն ցուցաբերել:

Բնապահպանության նախարարությունը հայտարարել է, որ մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ: Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ: Ընդհանուր առմամբ, այս տվյալների հիման վրա նախարարության մասնագետները եզրակացրել են՝ արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը: Հետևաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:

Կարինե Դանիելյանը, սակայն, պնդում է, որ ավելի լայն հետազոտություններ պետք է արվեին տարածքում: «Դրանք հիմնական աղտոտիչներ են, բայց դրանցով չպետք է  սահմանափակվել: Դրանք այն նյութերն են, որոնք նախարարության մասնագետներն օդային ավազանում դիտարկում են մշտապես, բայց այս դեպքում ավելի լայն պետք է ուսումնասիրել՝ հաշվի առնելով, թե ինչ նյութեր են այնտեղ եղել: Բայց դա նաև կապված է նախարարության մոնիթորինգի լաբորատորայի հնարավորությունների հետ, դրա համար ճիշտ կլինի ներգրավել նաև ակադեմիական ինստիտուտներին, համալսարաններին ու դրանց լաբորատորիաները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ռիսկային խմբերին նախազգուշացնելուն, դա, ըստ մասնագետի, երեկ պետք է անեին: «Անհրաժեշտ էր հենց հրդեհի բռնկումից անմիջապես հետո տարածքի մանկապարտեզներից ու հաստատություններից երեխաներին ու խոցելի մարդկանց դուրս հանել, բայց ասում էին, թե վտանգ չկա», հավելեց Կարինե Դանիելյանը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,