Զարթոնքում աղիքային հիվանդությունների համաճարակի վտանգ կա. ավագանին ուղերձով դիմել է վարչապետին

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում համաճարակի բռնկման վտանգ կա: Պատճառն այն է, որ Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերը լցվում են այն ջրատարը, որտեղից պոմպերի օգնությամբ ոռոգում են գյուղի հողատարածքները: Իրավիճակն այնքան է սրվել, որ Զարթոնքի ավագանին ուղերձով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ տեղեկացնելով, որ կոյուղաջրերում պարունակվող վնասակար նյութերի մեծ չափաքանակը հանգեցրել է հակասանիտարական վիճակի: Գարշահոտությունն անհնարին է դարձրել համայնք մտնող ճանապարհով երթևեկությունը: Համայնքի ավագանին ուղերձի վերջում նշել է` «մենք Ձեզ հավատում ենք», սակայն մեկ ամիս անց դեռ էական տեղաշարժ չկա: Միայն տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից են ներկայացուցիչներ եկել, նկարահանել են կոյուղաջրերի թափման վայրն ու հեռացել:

Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ է, ինչ կոյուղաջրերը լցվում են ջրատարի մեջ, իրենք այդ մասին չեն էլ իմացել: Սակայն, վերջին տարիներին, երբ Սևջուր գետի ջրերը պակասել են, արդեն նկատելի է դարձել, որ երկու քաղաքների կոյուղաջրերը թափվում են ջրատարի մեջ: Իսկ գյուղ կոյուղաջրից բացի` այլ ջուր չի մտնում:

Պարույր Սարգսյանն ասաց, որ 1998թ. սեպտեմբերին  համայնքում խոլերա հիվանդություն է տարածվել, մտավախություն ունի, որ սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդության տարածումը կարող է կրկնվել:

«Մենք ուրիշ բան չենք խնդրում, կառավարությանը խնդրում ենք այս կոյուղաջրերի հարցը լուծել, չուղարկեն այստեղ: Եթե դա շատ կարևոր է, թող մնա քաղաքին, մեզ պետք չի իրենց կոյուղին: Փակելու հնարավորություն էլ չկա, որ դեմն առնենք: Եթե մենք դրենաժը փակենք, ուրեմն կողողվի ամբողջ տարածքը: Ամեն տարի գրում եմ, տեղեկացնում եմ, հարգարժան մարզպետը լավ գիտի: Գալիս է հաշվետվության ժամանակ, ասում են՝ մաքրման կայանը կառուցվելու է, բայց առ այսօր ոչինչ չկա»,- ասում է Զարթոնքի համայնքապետը:

Մեծամորի կոյուղաջրերի մաքրման կայանի շենքը ջրատարից քիչ հեռվում է գտնվում, սակայն չի գործում:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Քյարամ Աջոյանը ասում էր, որ երեկոյան, երբ պոմպակայաններն աշխատում են, գյուղացիները չեն կարողանում տնից դուրս գալ, գարշահոտությունը տարածվում է գյուղով մեկ: Նույն ջուրը գնում է նաև հարևան Արտաշար համայնք:

«Թիվ 1 վտանգը մեր գյուղինն է, մինչև հասնում է հարևան համայնքներ, այլ ջրեր էլ են խառնվում, բայց մեր գյուղ գալիս է հիմնականում կոյուղաջուրը»,- ավելացրեց համայնքապետը՝ հավելելով, որ բոլոր ժամանակներում Զարթոնքը կառավարության կողքին է կանգնել, և այսօր ժամանակն է, որ կառավարությունն իրենց կողքին կանգնի:

Համայնքապետը համոզված է, որ, եթե շարունակաբար կոյուղաջուր տան գյուղացիներին, գյուղում անպայման խոլերայի բռնկում է լինելու:

Զարթոնքցի Յուրիկը պատմեց, որ իր տունը գտնվում է գյուղի սկզբնամասում, որտեղով հոսում են ոռոգման համար նախատեսված ջրերը: Վերջերս արտերկրից հյուրեր են ունեցել և մարդկանց ստիպված խաբել է, թե գարշահոտության պատճառը հավանաբար սատկած կենդանիներն են:

«Ստիպված խաբեցի, որ մարդիկ չզզվեին գոնե ծառ ու ճյուղին դիպչելուց: Եթե իմանային, որ կոյուղաջրով ենք ոռոգում մեր հողերը, մեր տանը հաց էլ չէին ուտի»,- ասում է Յուրիկը:

Համայնքապետն էլ ասում է, թե կոյուղաջրով աճեցրած բերքը շուկայում է վաճառվում, և այն կարող է վնասել բոլորին: Պատմեց, որ երբեմն խաբում են մարդկանց՝ չնշելով, թե որ գյուղի ապրանքն է, որպեսզի կարողանան իրացնել: Եթե մարդիկ իմանան կոյուղաջրով են ոռոգել, գյուղացին չի կարողանա բերքը վաճառել:

Այս ամենով հանդերձ այս գյուղում էլ շարունակում են ոռոգման ջրի դիմաց վճարել այն գումարը, ինչ մյուս համայնքներում, որտեղ նորմալ ջուր են ստանում:

«1 հեկտար հողի ջրի վարձը 100-120 հազար դրամ է, որտե՞ղ ես նման բան տեսել: Իսկ 1996թ., որ առաջին անգամ ընտրվեցի, 17 հազար դրամ էր, ժողովուրդը կարողանում էր վճարել: Բայց դրանից հետո ամեն տարի բարձրացրեցին, թե Եվրոխորհուրդն է ասում: Եվրոպայում 5-10 հազար դոլար աշխատավարձ են ստանում, նրանց ինչ կա: Մեզ նորմալ ջուր տվեք, թող ժողովուրդը լապատկեն վերցնի գնա իրա համար աշխատի, մեզ բան պետք չի»,- հավելեց Պարույր Սարգսյանը՝ նշելով, թե գրեթե նույն բառերն ասել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին, երբ վերջինս այցելել էր մարզ:

Առողջապահական պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Զարթոնք համայնքի բնակիչների բարձրացրած հարցին ծանոթ են: «Մաքրման կայանը չի գործում, կեղտաջրերը դուրս են գալիս կոյուղու կոլեկտրից և լցվում դաշտերը, Սևջուր գետը, որը պատճառ կարող է դառնալ տարափոխիկ հիվանդությունների բռնկմանը, հատկապես որ Զարթոնք համայնքում 1998 թվականին խոլերայի դեպքեր արձանագրվեցին»,- ասաց Աշխեն Պողոսյանը:

Նրա խոսքերով` հնարավոր է բռնկումը լինի ոչ թե խոլերա, այլ օրինակ, դիզենտերիա հիվանդության տեսքով: «Քանի որ կեղտաջրերը չեն վնասազերծվում, չենք կարող ասել, թե ինչ հարուցիչներ կլինեն: Համենայն դեպս, վտանգը բավականին մեծ է»,- հավելեց բժիշկ-համաճարակաբանը:

Աշխեն Պողոսյանը նշեց, որ Զարթոնքի և հարևան գյուղերի համայնքապետերին, մարզպետին գրություններ են ուղարկում, պարբերաբար զգուշացնում են վտանգի մասին:

Արմավիրի մարզպետարանից էլ տեղեկացրեցին, որ ոռոգման խնդիրն առավել լուրջ է արտահայտված Զարթոնք համայնքում, որտեղ, կարելի է ասել, ոռոգում չի իրականացվում: Բազմիցս դիմել են պատկան մարմիններին, շահառու կազմակերպություններին: Արդյունքում` Գերմանական զարգացման բանկի (KFW), ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ ծրագրերով Մեծամորի նոր մաքրման կայանի կառուցման համար նախատեսվել է 5,9 մլն եվրո: Նշված կազմակերպությունների ծրագրերով առաջիկա ամսում նախատեսվում է կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:

Հ.Գ. Զարթոնքին հուզող այլ թեմաներին կանդրադառնանք առաջիկայում

hetq.am

Գրիշա Բալասանյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,