Սխալներից դասեր չքաղելու հետեւանքը

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մինչեւ այս պահը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ռուսական «Իլ-76ՏԴ» հրշեջ օդանավը: Այն արդեն հասցրել է հրդեհաշիջման 9 թռիչք կատարել:

Այն բանից հետո, երբ հայկական կողմը համապատասխան խնդրանքով դիմեց ռուս գործընկերներին, որոնք ուղարկեցին օդանավը, Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների կողմից տրամաբանական հարց բարձրացվեց, թե ինչու մի ամբողջ երկիր, որը գտնվում է չոր կլիմայական գոտում ու հրդեհների մշտական ռիսկի տակ, այսքան ժամանակ չի պատրաստվել իր ուժերով դիմագրավել նման մարտահրավերներին: Տվյալ պարագայում խոսքն առաջին հերթին տեխնիկական համալրվածության մասին է, որի մաս է կազմում հրշեջ ինքնաթիռը: Ինչպես տեսանք, ՀՀ ՊՆ ուղղաթիռը փոքրիշատե կարողացավ օգուտ տալ Արտավանի հրդեհի մարման գործում, սակայն Խոսրովի անտառում պետության ունեցած միջոցները չբավարարեցին:

Խնդիրն այն է, որ Հայաստանի պետական ավիացիան շատ սուղ է, ինչը, ցավոք, վերաբերում է նաեւ կոմերցիոն ավիացիային. ամբողջ երկրում կա գրանցված ընդամենը 23 քաղաքացիական օդանավ: Այս 23-ից մեկը պետական ավիացիայի ինքնաթիռ է («Տու-134»), նախկինում ծառայել է որպես նախագահական բորտ, սակայն այսօր չի շահագործվում: Իսկ այսօր թռչող նախագահական ինքնաթիռը («Airbus A319») ռազմական օդանավ է, ինչպես պետական ավիացիայի մնացած բոլոր օդանավերը:

Այսինքն՝ մեր երկրի գործող պետական ավիացիան (ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ) ամբողջությամբ ռազմական է եւ ՊՆ ենթակայության տակ է: Այնինչ շատ այլ երկրներում, որտեղ ժամանակին պետության թողտվության պայմաններում ավիացիան տոտալ կերպով մասնավորի ձեռքը չի անցել, պետական գերատեսչություններն (օրինակ՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների ոլորտների) ունեն իրենց հաշվեկշռում գտնվող օդանավեր:

2012-ին Հայաստանը, կարծես, փորձ արեց գնալ այս ճանապարհով՝ չմնալ ռազմական օդանավերի հույսին, որոնք ամեն իրավիճակում չէ, որ կարող են օգուտ տալ, ինչպես տեսանք վերջին հրդեհների պարագայում: Այդ տարի ՀՀ եւ ՌԴ ԱԻՆ-ները ստորագրեցին «Մարդասիրական արձագանքման համատեղ կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ արձանագրությունը», 2013-ին հաստատվեց կենտրոնի ծավալմանն ուղղված համատեղ միջոցառումների պլանը, իսկ 2015-ին Մոսկվայում երկու կառավարությունները ստորագրեցին հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը:

2016-ի մարտի 18-ին Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղի ունեցավ հայ-ռուսական կենտրոնի բացումը: Վերջինիս գործառույթներն են՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման միջոցառումներին (ներառյալ հրդեհաշիջման աշխատանքներին) մասնակցությունը, արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերումը, ՀՀ եւ այլ երկրների տարածքներում համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը եւ մարդասիրական ականազերծման նախագծերի իրականացումը, արտակարգ իրավիճակների կանխման եւ վերացման բնագավառում մասնագետների ուսուցումը եւ որակավորման բարձրացումը, ժամանակակից հրշեջ-փրկարարական միջոցների եւ տեխնոլոգիաների փորձարկումների իրականացումը:

Նախատեսվում էր, որ սկզբնական փուլում ռուսական կողմը մատակարարելու է համապատասխան գույք, տեխնիկա եւ սարքավորումներ, մասնավորապես՝ ռոբոտատեխնիկական համակարգեր (հրդեհաշիջման եւ սակրավորական), հրշեջ, լեռնափրկարարական, վթարափրկարարական, ջրափրկարարական մեքենաներ եւ ավտոսանդուղքներ, վթարափրկարարական գործիքներ, լեռնափրկարարական լրակազմ, մոտորանավակներ, ջրափրկարարական համազգեստներ, որոնման սարքավորումներ, «Օմեգա» շնչառական ապարատներ, ինժեներական եւ ավտոմոբիլային տեխնիկա, ամենագնացներ, արագ արձագանքման փրկարարական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, իրազեկման եւ ազդարարման շարժական միջոցներ եւ այլն: Ռուսական կողմի ներդրումը 2016-2018 թթ. համար կազմում է 34 մլն դոլար:

Երկու պետությունները նաեւ համաձայնություն էին ձեռք բերել հումանիտար կենտրոնի ավիացիոն բաղադրիչի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Ռուսաստանը հերթապահություն իրականացնելու համար կենտրոնին տրամադրելու էր ինքնաթիռներ («Իլ-76», «Բե-200») եւ ուղղաթիռներ («Մի-26», «Կա-32»): ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը 2015-ին հայտնել էր նաեւ «Մի-24» ուղղաթիռի մասին: Իհարկե, չենք կարող ասել, թե սրանք լինելու էին Հայաստանի սեփականությունը, բայց միանշանակ է, որ երկիրն իր տրամադրության տակ եւ տարածքում ունենալու էր համապատասխան ավիապարկ:

Այս կենտրոնի ստեղծման աշխատանքներին զուգահեռ՝ Երիցյանի ղեկավարած ԱԻՆ-ը առաջարկել էր իրեն հանձնել կառավարության կողմից մասնավորեցման հանված Ստեփանավանի օդանավակայանը: 2013-ի օգոստոսին գործադիրը դրական արձագանքեց նախարարության առաջարկին: Հենց Ստեփանավանում պիտի բազավորվեր փրկարար ավիացիան, սակայն վաղուց անտերության մատնված կառույցը նախ պիտի վերանորոգվեր: «Այս օդանավակայանը անհրաժեշտություն է ԱԻՆ-ի համար,- դեռ 2013-ին հայտարարել էր Արմեն Երիցյանը,- դրա գործարկման շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման, երկրի ներսում եւ արտերկրում փրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Այն ունի նաեւ ռազմավարական մեծ նշանակություն, օդանավակայանի վերագործումը կխթանի փոքր ավիացիայի զարգացումը: Օդանավակայանում կլինեն ուղղաթիռներ եւ փոքր ինքնաթիռներ, ինչպես նաեւ հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիան»:

Ինչպես գրել ենք, օդանավակայանի կառուցապատողը սնանկացել է, 2016-ի երկրորդ կիսամյակից այստեղ շինաշխատանքներ չեն կատարվում: Այս տարվա հունիսին էլ ԱԺ-ն կառավարության առաջարկով հավանություն տվեց պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրին, որի մեջ ընդգրկվել է նաեւ Ստեփանավանի օդանակայանը (պաշտոնապես՝ «ՀՀ ԱԻՆ արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ): ԱԻՆ-ը (թերեւս, ճիշտ կլինի ասել նոր ղեկավարությունը) որոշել է օդանավակայանը մասնավորեցնել՝ ներդրումների միջոցով դրա հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու եւ հետագայում շահագործելու նպատակով: Թե երբ կգա Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման օրը, դժվար է ասել, սակայն որ այն երկրին շատ է պետք, երկու կարծիք լինել չի կարող:

Եթե այսօր Հայաստանում գործեր փրկարար ավիացիա, հարկ չէր լինի ամսի 12-ին արգելոցում բռնկված հրդեհի մարման համար դիմել ՌԴ-ին: Հիշեցնենք, որ ռուսական օդանավը Երեւան եկավ ամսի 14-ին մերձմոսկովյան Ժուկովսկուց, թռիչքը տեւեց 3 ժամ: Ստեփանավանում պատրաստի ենթակառուցվածք ունենալու պարագայում ավիացիան կարող էր անմիջապես ներգրավվել թե Արտավանում, թե Խոսրովի անտառում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին: Հասցված վնասի չափը հաստատ շատ ավելի փոքր կլիներ:

Համեմատության համար նշենք, որ հարեւան Ադրբեջանի ԱԻՆ-ը 2008-ին Ռուսաստանից ձեռք է բերել 1 հատ «Բե-200», 2010-ին էլ՝ 2 հատ «Կա-32», որին պիտի հաջորդեր եւս 4 հատի մատակարարումը:

Լուսանկարում՝ ռուսական օդանավը՝ Խոսրովի անտառի երկնքում (Սարո Բաղդասարյան)

Վահե Սարուխանյան

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,