September 18, 2021

Զանգվածային անկարգություններ Թուրքիայում. «քրդերի որսը» շարունակվում է (լուսանկարներ)

Երեկ Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանում թուրք ազգայնականները հարձակվել են տեղի քուրդ բնակչության աշխատավայրերի վրա և այրել «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության շրջանային գրասենյակի շենքը:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Դյորթյոլ շրջանում անհայտ անձանց կողմից գնդակոծվել է թուրքական ոստիկանական մեքենան, ինչի հետևանքով սպանվել է չորս իրավապահ:

Դեպքի վայրից փախած հանցագործներին գտնելու համար Դյորթյոլի անվտանգության վարչության աշխատակիցները սկսել են հետապնդել կասկածելի մի մեքենա: Որոշ ժամանակ անց նրանք ձերբակալել են մեքենայում գտնվող երեք կասկածյալների և բերման ենթարկել ոստիկանություն: Ոստիկանական տեղամասի առջև հավաքված թուրք ամբոխը պահանջել է կասկածյալներին հանձնել իրենց և նույնիսկ փորձել մտնել ոստիկանության շենք: Սակայն դեպքի վայր ժամանած զինվորականներն ամբոխին ցրելու համար օդ են կրակել և օգտագործել արցունքաբեր գազ:

Ցրված ամբոխը որոշ ժամանակ անց դարձյալ հավաքվել է: Սակայն այս անգամ նրանց թիրախը եղել են ոչ թե ոստիկանական շենքում գտնվող կասկածյալները, այլ տեղի քուրդ բնակչությունը: 200 հոգանոց խումբը ներխուժել է Դյորթյոլի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության շենք: Ամբողջությամբ տակնուվրա անելով կուսակցության գրասենյակը` թուրք ազգայնականները շենքի վրա բարձրացրել են Թուրքիայի դրոշը և այրել են գրասենյակը: Բացի այդ, առանձին ազգայնական խմբեր հարձակումներ են իրականացրել քրդերին պատկանող այլ օբյեկտների վրա` ջարդուփշուր անելով և հրկիզելով դրանք:

Թուրքական լրատվամիջոցների վերջին տեղեկությունների համաձայն` կան մեծ թվով ձերբակալվածներ:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` երեկ Էրզրումում թուրք ազգայնականները հարձակում են գործել «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ` քարկոծելով նրա ավտոշարասյունը:
Հիշեցնենք, որ նախորդ օրը Բուրսայի Ինեգյոլ շրջանում թուրք ազգայնականների սադրիչ գործողությունների հետևանքով կատաղի բախում էր տեղի ունեցել թուրք ազգայնականների և քրդերի միջև:

Թուրք ազգայնական խումբերը հարձակվել էին քրդերի տների վրա, ջարդուփշուր արել ու այրել նրանց պատկանող խանութներ և մեքենաներ:
Տեղի քուրդ բնակչությունը կատարվածը բնութագրել էր որպես «քրդերի որս»:

«Քրդերին պատկանող ամեն ինչ ջարդուփշուր են անում: Քարկոծում են մեր տները: Երեխաները սարսափի մեջ են: Դանակներով և մահակներով զինված այդ խմբերը դուրս են եկել քրդերի որսի»,- ասել էր Զեյնեփ անունով մի քուրդ:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4