Սերժ Սարգսյանը մասնակցել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը (ֆոտո)

Աշխատանքային այցով այսօր՝ օգոստոսի 5-ին Իրան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Իսլամական հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Երեկոյան նախագահ Ռոհանիի անունից պաշտոնական ընդունելություն կտրվի` ի պատիվ Թեհրան ժամանած երկրների բարձրաստիճան պատվիրակություների:

Նշենք, որ Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը ներկա են եղել 8 նախագահներ, խորհրդարանի 19 խոսնակներ, 9 փոխնախագահներ եւ փոխվարչապետեր, 11 ԱԳ նախարարներ, 35 հատուկ ներկայացուցիչներ եւ պաշտոնատար այլ անձինք այլք:

Հայաստանի եւ Իրանի նախագահները հանդիպել են Թեհրանում

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու եւ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարեւան Հայաստանի Նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաեւ հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:

Նշելով, որ ընթացիկ տարին նշանակալից է թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների առումով. Հայաստանը բարեփոխված Սահմանադրության համաձայն անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, իսկ Իրանի ժողովուրդն ընտրեց գործադիր իշխանության ղեկավար, տարին նշանավորվեց նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության բազմադարյա պատմություն ունեցող կապերի նորագույն շրջանի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս ընթացքում հաջողվել է զարգացնել եւ ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը եւ ներդրումների ավելացմանը։

Նախագահները երկուստեք կարեւորել են մի շարք այլ ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր եւ հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի եւ էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաեւ տրանսպորտի եւ հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորությանը: Կարեւորվել է նաեւ գազի եւ էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձեւաչափով համագործակցության զարգացումը:

Կողմերը կարեւորել են Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել եւ ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի:

Հասան Ռոհանին բարձր է գնահատել Հայաստանի կողմից նախաձեռնված` երկու երկրների միջեւ ելքի եւ մուտքի արտոնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման, տնտեսական գործունեության եւ ներդրումային ու զբոսաշրջության խթանման տեսանկյունից կարեւոր ու արդյունավետ քայլ էր:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:

Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, եւ իր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,