Բանտերի թափոնները՝ «պետական գաղտնիք» Բանտի հացը.

Բանտի հացը. մաս 1

 

13:48, 2 հունիսի, 2017
Գրիշա Բալասանյան, Զարուհի ՄեջլումյանԲանտարկյալների ձեռքի աշխատանքների ամենատարածված հումքը դեռ խորհրդային տարիներից բանտային հացի խմորն է: Ծաղիկները բանտային հացից են (լուսանկարում):

Ի՞նչն է պատճառը, որ ՔԿՀ-ներում հացը երբեմն կիրառության այլ ձև է ստանում: Զրուցելով նախկին ու ներկա ազատազրկվածների հետ՝ արձանագրեցինք, որ հացի խմորը որոշ ՔԿՀ-ներում կպչուն է, ավելի հարմար` քանդակելու, քան ուտելու համար: Մի խոսքով՝ որոշ ՔԿՀ-ներում ավելի հեշտ է հացի խմորից ծաղիկ ու թզբեհ ստանալ, քան ուտել: «Իսկ ուտել կարելի է տաքացուցիչի վրա մի լավ չորացնելուց հետո»,- ասում էին մեր զրուցակիցներից մի քանիսը:

Բանտային հացի մասին բողոքներ լսելուց հետո դիմեցինք Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական վարչություն, թույլտվություն ստացանք նկարահանել 5 ՔԿՀ-ներին հացով ապահովող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գործող արտադրամասը: Պետք էր սեփական աչքերով տեսնել հացաթխման պրոցեսը: Հացթուխ տիկին Էսթերն առավոտյան 5-ից արտադրամասում է: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի «Նուբարաշենի» մասնաճյուղի հացի արտադրամասի պետն ասում է, որ 80 տարվա սարքերով օրական 18 պարկ ալյուրից հաց են թխում, ապահովում են 5 ՔԿՀ-ների ազատազրկվածներին՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց»:

Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներին հաց է մատակարարում 2001թ. Կառավարության որոշմամբ ստեղծված «Աջակցություն դատապարտյալին հիմնադրամը»՝ առանց մրցույթի: Հիմնադրամը պարտավորվում է ազատազրկվածներին ապահովել ՀՍՏ չափանիշներին համապատասխան 650 գրամանոց հացեր (+, – 3 գրամ):

Օրինակ՝ միայն 2016թ. քրեակատարողական վարչությունը 233 մլն 633 հազար 700 դրամի պայմանագիր է կնքել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ՝ 1-ին տեսակի ցորենի ալյուրից հացի գնման համար:

Կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` 2015թ. քրեակատարողական վարչությունը «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամից գնել է 40,000 կգ մակարոնեղեն՝ 14 մլն 760 դրամ ընդհանուր արժեքով:

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը թեև շահույթ չհետապնդող կազմակերպություն է, սակայն հացի, մակարոնեղենի (նախկինում` նաև այլ անուն ապրանքների ու պարագաների գնումները) պետությունը հիմնադրամից կատարում է մեկ անձից գնման սկզբունքով, առանց մրցույթի: Օրինակ՝ 2014թ. հիմնադրամը քրեակատարողական վարչությանը մատակարարել է նաև 56 մլն 706 հազար դրամի, իսկ 2015թ.` 122 մլն 404 հազար դրամի հանդերձանք և անկողնային պարագաներ:

Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հատկանիշներով, սակայն նախաքննության փուլում այն կարճվել էր: Գլխավոր դատախազությունից մեզ պատասխանեցին, որ հիմնադրամի` պետական բյուջե կատարած վճարումների արդյունքում է գործը կարճվել:    Արդարադատության նախարության ՔԿՎ պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հացի փորձաքննություն կատարվել է: Պարզվում է` «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը այս տարվա փետրվարին հացի որակի փորձարկում է կատարել «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ում: Արդյունքները վկայում են, որ բանտային հացը համապատասխանում է ՀՍՏ ստանդարտներին: Սակայն, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից մեր հարցմանն ի  պատասխան հայտնել են, որ «Հավատարմագրման մասին» օրենքի համաձայն՝ վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերն առավելագույնը գործում են մինչև 2016թ. դեկտեմբերի 31ը: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայի կողմից  ՊՈԱԿ-ին ներկայացվել է վերապահումները հանելու վերաբերյալ հայտ: Այդ հայտի հիման վրա ՊՈԱԿ-ի կողմից «Մավաս Գրուպ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայում ներկայումս իրականացվում է պարբերական գնահատում:

Բանտային հացի վերաբերյալ բողոքների հետքերով` որոշեցինք ինքներս պատվիրել բանտային հացի փորձաքննություն: Մեկի փոխարեն` 2 անգամ. 2017-ի մարտ և ապրիլ ամիսներին  «Ստանդարտ Դիալոգ» անկախ փորձարկման լաբորատորիայում պատվիրեցինք «Նուբարաշեն» մասնաճյուղի հացի արտադրամասում թխված հացի փորձաքննություն: Ըստ փորձարկման  արձանագրությունների` հացի որակը չի համապատասխանում ՀՍՏ չափանիշներին. թթվայնությունը ցածր է, խոնավությունը՝ բարձր, լավ չթխված, խոնավ, շոշափելիս կպչող, թույլ ծակոտկեն: «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ լաբորատորիայի ղեկավար Կարեն Ղարիբյանն ասաց, որ խոնավությունն առաջին հերթին կազդի հացի քաշի վրա:

Հացի քաշը որոշելու համար դիմեցինք Չափագիտության ազգային ինստիտուտ՝ խնդրելով կշռել բանտային հացը: Ինստիտուտի մասնագետը տեղում կշռեց. հացի քաշը նորմայի մեջ էր: Ըստ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիայի ղեկավարի` ՀՍՏ չափանիշներից բարձր խոնավության տոկոսը կարող է հավելյալ քաշ ապահովել:

Հացը մեր սննդակարգում մեծ տեղ է զբաղեցնում, ածխաջրեր ու բուսական սպիտակուցներ, Բ վիտամին ստանալու դարերով եկած մեր ձևն է: «Այնքան հաց, ինչքան հայերն են ուտում, երևի թե աշխարհում ոչ մի ժողովուրդ չի ուտում»,-ասում է բժիշկ-սննդաբան Լիդիա Այվազյանը: Հացը պիտի լինի ճիշտ եփված, այլապես օգտակար նյութերը չենք ստանա: Ավելին՝ հնարավոր է սնկային ինտոքսիկացիա, իսկ շաքարային դիաբետ ունեցողներին առհասարակ չի կարելի սպիտակ հաց օգտագործել:

Ըստ ՔԿՎ տվյալների` 2013-2016թթ. աղեստամոքսային ու սրտանոթային հիվանդություններ ունեցող ազատազրկվածների թիվը գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ավելացել է:

Սարո ԲաղդասարյանԴավիթ Բանուչյան

Ինչպիսի՞ն է բանտային սնունդը. մաս 2

 

22:30, 7 հունիսի, 2017
Գրիշա ԲալասանյանԶարուհի ՄեջլումյանԻրենք՝ բանտարկյալները, բանտային կերակուրը սովորաբար անվանում են «բալանդ», որն առաջացել է ռուսերեն “баланда” բառից: Թարգմանաբար նշանակում է՝ անհամ, շատ ջրալի կերակուր: Բանտային կերակուրը տեղի «բնակիչների» բերանով այսպես է կոչվել դեռ խորհրդային տարիներին: Մինչդեռ 26 տարի մեր պետությունն անցնում է դատաիրավական ոլորտի բարեփոխումների քառափուլ շրջան: Հետևաբար, ի՞նչ է փոխվել 26 տարվա ընթացքում տվյալ դեպքում բանտային սննդի ոլորտում՝ հաշվի առնելով, որ այն ֆինանսավորվում է մեր՝ հարկատուներիս միջոցներով:

Դատապարտյալներն ու կալանավորները, իրավապաշտպաններն ու ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամները վկայում են՝ քրեակատարողական հիմնարկների ճաշացանկը հիմնականում կրկնվող է: Տապակած կաղամբը, շոգեխաշած թթուն ու շիլաները գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ամենահաճախ հանդիպող կերակրատեսակներն են:

 

Որոշ ՔԿՀ-ներում` թափանցիկ կաթ, յուղալի ճաշեր, տարբեր շիլաներ. հետևանքը բանտային սննդի ընդունումից հրաժարումն է:  Մեր զրուցակիցներն ասում են, որ շատ վայրերում դա վերածվել է որակից բխող ենթամշակույթի:

Լուսանկարները՝ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի 2016-ին հրապարակած զեկույցից

Այնինչ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի որոշմամբ, պետական բյուջեով սահմանված օրական շուրջ 700 դրամով կալանավորին ու դատապարտյալին պետք է օրական տրամադրվի հաց (650գ), ձավարեղեն (120գ), մակարոնեղեն (30գ), միս/մսամթերք (90 գ կամ 180գ՝ ոսկորով), կաթ/կաթի փոշի (100գ/14.3գ), ձուկ՝ առանց գլխի (100գ), կարտոֆիլ (550գ), այլ բանջարեղեն (250գ), պանիր (25գ), միրգ (200գ), կենդանական յուղ/մարգարին (45գ), 25գ բուսական յուղ, տոմատի մածուկ, (5գ), թեյ/թեյաբույսեր (2գ), հյութեր (100գ), աղ (20գ), շաքարավազ (40գ) և դափնու տերև (0.1գ):

Թեև Կառավարության որոշմամբ նախատեսվում է յուրաքանչյուր կալանավորված/ դատապարտված անձի տրամադրել, օրինակ, օրական 25 գ պանիր, սակայն ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի` 2014-2015թթ. այցելությունների ընթացքում (ստուգվել են խոհանոցը և պահեստը) ոչ մի հիմնարկում, բացի «Գորիս» և «Արմավիր» ՔԿՀ-ից, պանիր առկա չի եղել։

Փոխարենը ազատազրկվածների հարազատներն են հանձնուքների տեսքով փոխանցում նույն պանիրը, մսամթերքը, հացը, միրգը և այլն: Սա այն դեպքում, երբ ըստ պետական գնումների պայմանագրերի` 2013թ. գնվել է 6000 կգ, 2014թ.՝ 9000կգ, 2015թ.՝ 12.415 կգ և 2016թ.` 28.565 կգ պանիր:

Հարազատները փոխանցում են նաև միս այն դեպքում, երբ քրեակատարողական հիմնարկը 2016թ. գնել է 1500 կգ տեղական ոսկրոտ միս, 93.000 կգ մսի պահածո: Իսկ 2015թ. 103.808 կգ տավարի մսի պահածո, 1400 կգ տեղական ոսկրոտ տավարի միս: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի 2015թ. զեկույցի համաձայն՝ օրինակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացված հարցման արդյունքներով` 63 դատապարտյալներից 54-ը պատասխանել է, որ իրենց ընդհանրապես մսամթերք չի տրամադրվում:

«Ինձ չեն դատապարտել, դատապարտել են իմ ընտանիքին»,-մեզ հետ զրույցում շեշտեց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ, դատապարտյալ Գառնիկ Առաքելյանը: «Ինչո՞ւ» հարցին հետևեց կնոջ պատասխանը՝ ոնց որ երկու տուն պահես:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հորդորեց՝ գնացեք քրեակատարողական հիմնարկների հանձնուքների ընդունման կետերի մոտ ու անձամբ համոզվեք՝ ինչպես են հարազատները առաջին անհրաժեշտության մթերք հասցնում բանտեր:

Մենք եղանք «Նուբարաշեն», «Աբովյան», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան» ՔԿՀ-ների հանձնուքի ընդունման կետերում: Մարդկային կուտակումները, թերևս, Հայաստանի ամենածանրաբեռնված` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հանձնուքի ընդունման կետում են: Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ազատազրկվածների հարազատները պարբերաբար սնունդ հասցնում ՔԿՀ, այն դեպքում, երբ պետական բյուջեից միլիոնավոր գումարներ են ծախսվում այդ նպատակի համար:

Տիկին Լաուրան մեկն է այն մոտ 4000 ազատազրկվածների ծնողներից, ով տարիներ ի վեր սնունդ, հագուստ ու անհրաժեշտ պարագաներ է հասցնում որդուն: Նրա որդին քաղբանտարկյալ է, 4-րդ տարին է` բանտում է: Նախ «Նուբարաշենում» էր, այժմ` «Սևան» ՔԿՀ-ում: Այս անգամ նրա հետ շրջեցինք շուկայում ու խանութներում: Արձանագրեցինք, որ գնում է հիմնականում առաջնային անհրաժեշտության սնունդ` մսամթերք, կաթնամթերք, ձու:

Լաուրա Հարությունյանը պատմում է, որ «Նուբարաշենում» սնունդ էին տանում շուրջ 10 կալանավորի համար, ովքեր նույն խցում էին որդու հետ: Նույն իրողության մասին է վկայում մեր մյուս զրուցակից Ռուզաննա Թեմուրյանը: Մեր զրուցակիցները նշում են, որ իրենց հարազատներին ՔԿՀ սնունդ հասցնելու համար ծախսում են միջինում 15.000-80.000 դրամ, իսկ նախկին դատապարտյալ Արամ Դավթյանը ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ ուղարկված գանգատում նշել է, որ ընտանիքը ծախսել է ամսական 350 եվրո:

Պետական բյուջեով մեկ ազատազրկվածի համար օրական 6240 դրամ է նախատեսված: Արդյոք այդ գումարն, ըստ կարիքների, հավասարաչափ է բաշխվում, արդյոք հարկատուների միջոցները ծախսվում են նպատակային:

Ըստ ՔԿ ծառայության ներկայացրած տեղեկատվության` օրական 6240 դրամից միայն 700 դրամն է հատկացվում կալանավորների ու դատապարտյալների սննդի համար, 122 դրամը՝ հանդերձանքի, 41 դրամը՝ հիգիենիկ պարագաների: Այսինքն՝ բուն ազատազրկվածի կարիքների համար ծախսվող գումարը քիչ է անգամ օրական 1000 դրամից:

«Օրական մինչև 1000 դրամն, իհարկե, քիչ է, իսկ 85.000 դրամ աշխատավարձը շա՞տ է, թե՞ քիչ,- ասաց ՔԿ վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը՝ միևնույն ժամանակ պնդելով, թե պետական բյուջեի հաշվին ազատազրկված անձին տրամադրվում է բավարար սնունդ,-ոչ թե ճոխ, այլ բավարար սնունդ ենք ապահովում, տերմինը հիշեք»:

Մինչդեռ սննդի համար հատկացվող 700 դրամից շուրջ 8 անգամ ավել են կազմում շենք-շինությունների ու վարչակազմերի պահման գումարները: Այդ գումարներն, ի դեպ, տարեցտարի ավելանում են, փոխարենը անփոփոխ է մնում կալանավորների ու դատապարտյալների սննդի համար նախատեսված ծախսը՝ 700 դրամը: Այսպես՝ եթե 2013-ին մեկ ազատազրկվածի օրական պահման համար հատկացվող գումարը հաշվարկվել է 5144 դրամ, 2014-ին այն ավելացել է՝ դառնալով 5840 դրամ, 2015-ին դարձել է 6179 դրամ, իսկ 2016-ին՝ 6240 դրամ: Այնինչ սննդի վրա ծախսվող գումարը 2013-ի 704 դրամից նվազել է՝ վերջին 3 տարիներին դառնալով 700 դրամ:   

Հետևաբար, ովքե՞ր են պահում ազատազրկվածին` հարազատնե՞րը, թե՞ հարկատուները: Ըստ ՔԿՎ պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանի` հարազատները չեն կարող պահել ազատազրկվածներին, միգուցե մի համով ճաշ են պատրաստում, ուզում են կիսել ազատազրկված հարազատի հետ: Այնինչ հարազատները վկայում են, որ ճաշերից զատ տանում են նաև առաջնային անհրաժեշտության մթերք՝ հաց, կաթնամթերք, մսամթերք, ձու և այլն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի կարծիքով, հարկատուները պահում են վարչակազմ և շենքեր, իսկ դատապարտյալների կարիքները հոգում են հարազատները:

Նախկին ու ներկա դատապարտյալներից ոմանք, նաև իրավապաշտպաններ առանձնացնում էին «Գորիս» ՔԿՀ-ն, երբեմն էլ «Սևան» ՔԿՀ-ն՝ նշելով, որ սնունդն այնտեղ լավ է պատրաստվում: «Գորիս» քրեակատարողական հիմնարկի խոհանոցում աշխատում է խոհարար և ոչ թե կալանավոր, ով մասնագիտացած չէ խոհարարական բնագավառում:

Լուսանկարները եւ տեսանյութը` Սարո Բաղդասարյանի, Դավիթ Բանուչյանի

Բանտային գնումներ.մաս 3

 

14:43, 22 հունիսի, 2017

Գրիշա ԲալասանյանԶարուհի Մեջլումյան

Բանտարկյալի հարազատը «վճարում» է կրկնակի

Պետությունը հարկատուների բազմամիլիոնանոց միջոցներով գնում է ահռելի քանակությամբ սնունդ ու հագուստ, բայց նույն սնունդն ու հագուստը բանտ են հասցնում ազատազրկվածների հարազատները։ Ստացվում է, որ բանտարկյալների հարազատները «վճարում» են կրկնակի՝ որպես հարկատու և որպես հարազատ։

6240 օրական մեկ ազատազրկվածին պետական բյուջեից նախատեսված գումարից 700 դրամն է հատկացվում բանտվածի սննդի համար: Մնացած ավելի քան 5000 դրամով ապահովվում է ՔԿ ոլորտի վարչակազմերի աշխատավարձային, բանտերի շենքերի պահպանության հարցը:

Վերջին 3 տարիներին պետությունը հենց 700 դրամ է նախատեսել օրական ծախսել բանտարկյալի սննդի վրա: Սակայն ըստ ՔԿՎ-ից տրամադրված տեղեկատվության, սննդի համար փաստացի կատարված ծախսն ավելի քիչ է եղել:

2013թ. 4756 դատապարտյալի և կալանավորի մեկ օրվա փաստացի սննդի ծախսը կազմել է 574 դրամ, 2014թ. անազատության մեջ գտնվող 3923 մարդ ստացել է օրական 607 դրամի սնունդ, 2015-ին 3880 մարդու օրական տրվել է 621 դրամի սնունդ, իսկ 2016թ. 11 ամիսների տվյալներով՝ օրական 592 դրամի սնունդ ստացել է 3870 կալանավոր և դատապարտյալ:

Մենք ուսումնասիրել ենք բանտային համակարգի վերջին 3 տարիների շուրջ 100 պետական գնումների պայմանագիր։ Արդյունքում պարզել ենք՝ միայն 2016թ. սննդամթերքի գնումները կազմել են 527 միլիոն 228 հազար դրամ: Նշված տարում ազատազրկվածների համար «Ֆոտոն» ՍՊԸ-ից գնվել է  9919 կգ ձմերուկ, 1500 կգ տավարի ոսկրոտ միս և այլն, 28․565 կգ չանախ տեսակի պանիր և այլն: «Անանո» ՍՊԸ-ն մատակարարել է 130. 000 հատ ձու, «Հրայր Մանուկյան» ԱՁ-ն 28.000 կգ ձկան պահածո, 29.000 կգ կերակրի աղ  և այլն:

«Օրինակ, տեսնում ենք, որ փաստաթղթով ձեռք են բերել միրգ կամ մսամթերք, սակայն դա դեռ ապացույց չէ, որ այն բաշխվել է»,- նկատում է  պետական գնումների ոլորտի փորձագետ Արտակ Մանուկյանը:

Քրեակատարողական վարչությունը սննդի ձեռքբերման համար 2015թ. կնքել է ընդհանուր 498 միլիոն դրամի պայմանագիր: Խոշոր գումարով մատակարարները հիմնականում եղել են «Էլիտ Կապիտալ» ՍՊԸ-ն և «Արգիշտի Եղիազարյան» ԱՁ-ն: Առաջինը մատակարարել է 85․808 կգ տավարի մսի պահածո, ընդհանուր՝ 119․959․584  դրամ արժեքով: 1 կգ պահածոյացված միսը գնվել է 1398 դրամով: «Արգիշտի Եղիազարյան» ԱՁ-ն մատակարարել է տարբեր տեսակի սննդամթերք՝ 9415 կգ պանիր, 15.000 կգ հնդկաձավար, 66․500 լիտր մրգահյութ, 618․010 կգ կարտոֆիլ և այլն: ԱՁ-ի հետ կնքված սննդամթերքի մատակարարման պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 155․595․700 դրամ:

Այլ ընկերություններ ևս տարբեր տեսակի սննդամթերք են մատակարարել քրեակատարողական վարչության կարիքների համար: Օրինակ՝ 57․339․960 դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքվել «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ: Մատակարարվել է հալած յուղ, մարգարին՝ 36․267 կգ, ցորենաձավար՝ 11․500 կգ, գարեձավար՝ 11․500 կգ, խտացրած կաթ՝ 22․862 կգ, թեյ՝ 2776 կգ:

Քրեակատարողական վարչությունը 2013թ. սննդի ձեռքբերման համար կնքել է 594 միլիոն 108 հազար 800 դրամի պայմանագիր: Պայմանագրերը կնքվել են «Դանինի», «Հանեշ Գրուպ», «Հաղթանակ 2000» ՍՊԸ-ների հետ:

«Դանինի» ընկերությունից ձեռք է բերվել 10․000 կգ ձկան պահածո, մսի պահածո՝ 88.000 կգ, խտացրած կաթ՝ 10.000 կգ, 44.000 լիտր մրգահյութ և այլն: «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ից գնել են 110․000 հատ հավի ձու, հատիկ լոբի՝ 20.000 կգ, նույնքան ոսպ, ցորենաձավար և գարեձավար, 25.000 կգ հնդկաձավար: «Հաղթանակ» ՍՊԸ-ն 2013թ. ՔԿՎ-ին մատակարարել է 6000 կգ պանիր, 200․000 կգ կարտոֆիլ, թեյ՝ 3500 կգ և այլն, ընդհանուր՝ 52․594․800 դրամի տարբեր տեսակի սննդամթերք:

Այս գնումների առյուծի բաժինը «Դանինի» ՍՊԸ-ինն է՝ 485 միլիոն 954 հազար դրամ: Ընկերության հիմնական գնումները կատարվել են միջնորդավորված, այսինքն գնել է արտադրողից կամ ներմուծողից և վերավաճառել քրեակատարողական հիմնարկին:

Միջնորդավորված գնում հասկացությունը բնորոշ է առհասարակ պետական գնումների համակարգին, երբ պետությունը պայմանագիր է կնքում ոչ թե ուղիղ արտադրողի կամ ներմուծողի, այլ մատակարար ընկերությունների հետ: Միջնորդավորված գնումների դեպքում արդեն ուռճացված գներով են ապրանք ձեռքբերում պետական կարիքների համար, ինչը լրացուցիչ բեռ է պետական բյուջեի վրա:

Արտակ Մանուկյանը

«Պետությունը եթե շահագրգռված չլիներ այս հարցում, կարծում եմ՝ շուտ կկանխեր: Բավարար քաղաքական կամքի դեպքում հեշտ լուծելի խնդիր է: Երբ ցանկանան կոտրել այդ մոնոպոլիան (եթե, իհարկե, իրենք չեն ձևավորում), ապա ներմուծող կամ արտադրող ֆիրմայի հետ կարող են ավելի արտոնյալ ձևով ստանալ նույն ապրանքը»,- ասում է փորձագետ Արտակ Մանուկյանը:

Օրինակ, «Դանինին» 2013թ. քրեակատարողական հիմնարկին մատակարարել է 72,500 կգ շաքարավազ՝ 32.500 կգ-ը 420 դրամով, իսկ 40.000 կգ-ն՝ 389 դրամով: ՀՀ վերահսկիչ պալատը, ուսումնասիրելով գնումների ոլորտը, 2013թ. տարեկան զեկույցում արձանագրել էր, որ «Դանինի» ընկերությունը շաքարավազ արտադրող կամ ներմուծող չի հանդիսանում և այն գնել է ներմուծող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից, մեկ կգ-ը՝ 360 դրամով: Եթե վարչությունը պայմանագիր կնքեր միանգամից ներմուծող ընկերության հետ, ապա կտնտեսվեր առնվազն 3 միլիոն 110 հազար դրամ:

Վերահսկիչ պալատն արձանագրել է նաև, որ քրեակատարողական ծառայության և «Դանինի» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագրով նախատեսվել է 140 միլիոն 448 հազար դրամ գումարային արժեքով 88․000 կգ մսի պահածոյի գնում՝ 1 կգ-ն 1596 դրամով: Գնման ընթացակարգին մասնակցել է նաև «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ն, որը հանդիսանում է մսի պահածո արտադրող: Վերջինս մեկ կիլոգրամ մսի պահածոն առաջարկել է 1650 դրամ կամ 54 դրամով ավելի, քան գնման ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ն: «Դանինի» ընկերությունը մսի պահածոն հետագայում գնել է «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից՝ 1 կգ-ը 1420 դրամով: Մատակարարի կողմից ձեռքբերված 1կգ մսի պահածոյի գնման գնի և մատակարարման գնի տարբերությունը ամբողջ քանակի համար կազմում է 15 միլիոն 488 հազար դրամ:

Միայն սննդի համար քրեակատարողական վարչությունը «Հանեշ Գրուպ», «Արարատ սննդի կոմբինատ», «Հ.Ա.Ն.Ս. Ֆուդ» ՍՊԸ-ների հետ 2014թ. կնքել է ընդհանուր 600 միլիոն 242 հազար դրամ արժողությամբ պայմանագիր: Այստեղ առաջատարը «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ն է՝ 562 միլիոն 651 հազար դրամ ընդհանուր արժեքով և 27 անուն սննդամթերքի ապահովմամբ: «Հանեշ Գրուպ» ՍՊԸ- հիմնադրվել է 2009թ.: 2014թ-ից ընկերության միակ բաժնետերը Աղասի Դանիելյանն է: Վերջինս 2005-2011թթ. եղել է նաև «Տումոե» ՍՊԸ-ի միակ բաժնետերը: Քրեակատարողական վարչությունը «Տումոե» ՍՊԸ-ից 2014թ, գնել է մոտ 24 միլիոն դրամի տնտեսական ապրանքներ: Ուշագրավն այն է, որ Աղասի Դանիելյանը 2013թ. մինչ օրս նաև «Դանինի» ընկերություն տնօրենն է: Ստացվում է, որ նշված ընկերությունները շաղկապված են:

Ուշագրավը նաև նույն սննդատեսակի գնային տարբերությունն է: Օրինակ, «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ից 2014թ. գնվել է 24․000 լիտր մրգահյութ, 1 լ՝ 276 դրամով: Նույն տարում 46․000 լիտր մրգահյութ գնվել է նաև «Հանեշ Գրուպ» ընկերությունից, այս անգամ 1 լիտրը՝ 292 դրամով: 2015թ. մրգահյութ մատակարարել է «Ֆոտոն» ՍՊԸ-ն: 13․500 լիտր մրգահյութի 1 լիտրն արժեցել է 333 դրամ: Իսկ նույն տարում 66․500 լիտր մրգահյութ մատակարարել է «Արգիշտի Եղիազարյան» ԱՁ-ն՝ 1 լիտրը 289 դրամով:

«Պահապան» ՍՊԸ-ն 2014-ին 7 անուն ապրանք է մատակարարել ՔԿ ծառայությանը:  Այն պատկանում է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դստերը՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանին: Պարզվում է դատավորի դուստրը համազգեստով ապահովում է ոչ միայն  դատավորներին, դատախազներին, ոստիկաններին, այլև ՔԿ ոլորտի աշխատակիցներին:

Հանդերձանքի մատակարարման պայմանագիր կնքվել է նաև 2001թ. Կառավարության որոշմամբ ստեղծված «Աջակցություն դատապարտյալին հիմնադրամ»-ի հետ: 2015թ. մատակարարել է 122․404․000 դրամի հանդերձանք և անկողնային պարագաներ:

Բազմամիլիոնանոց պետական գնումներով հանդերձ` ազատազրկվածների հարազատները մեզ հետ զրույցում պնդում են՝ հանձնուքների տեսքով բանտ են հասցնում առաջնային անհրաժեշտության սնունդ՝ մսամթերք, կաթնամթերք, պանիր, ձու, բանջարեղեն, միրգ, շաքարավազ։ Իսկ բանտարկյալների ճաշացանկի առյուծի բաժինը հացահատիկներից պատրաստված ուտելիքն է, նաև տապակած կաղամբը:

Ինֆոգրաֆիկան՝ Դավիթ Բանուչյանի

Բանտերի թափոնները՝ «պետական գաղտնիք»

20:41, 2 օգոստոսի, 2017

Գրիշա ԲալասանյանԶարուհի Մեջլումյան

Պետական գումարները հոսում են կոյուղի կամ…

Ո՞ւր է «անհետանում» պատրաստված, բայց չիրացված բանտային սնունդը. այս հարցի պատասխանը շուրջ երեք ամիս մենք չկարողացանք ստանալ Քրեակատարողական վարչությունից, իսկ հետո նաև՝ Արդարադատության նախարարությունից:

Քրեակատարողական վարչությանը խնդրել էինք տրամադրել տեղեկություններ, թե 2013-ից մինչև հարցմանը պատասխանելու օրը որտե՞ղ է իրացվել և իրացվում ՔԿՀ-ներում պատրաստված, սակայն դատապարտյալների կողմից չսպառած սննդի թափոնը: Բացի այդ, հարցրել էինք՝ որ ընկերությունը ինչ հիմունքներով է իրականացրել ու իրականացնում պատրաստի սննդի թափոնների դուրս բերումը ՔԿՀ-ից:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ընդդեմ ՔԿ վարչության դիմել է վարչական դատարան

Ամիսներ շարունակ փոխանակվող գրագրությունը, հեռախոսազրույցները արդյունք չտվեցին: Պատասխանատուներն ակնհայտ խուսափում էին այդ հարցերին պատասխանելուց, իսկ գրավոր հարցումներին պատասխանելիս այդ հարցերը պարզապես շրջանցում էին: Նույնիսկ արդարադատության նախարարությունն ի զորու չեղավ պատասխանել այդ հարցին: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ստիպված եղավ տեղեկատվություն ստանալու պահանջով՝ ընդդեմ քրեակատարողական վարչության դիմել վարչական դատարան:

Այս հարցերի պատասխանները ստանալը շատ կարևոր է, քանի որ ներկա և նախկին դատապարտյալներից, ոլորտում աշխատողներից, իրավապաշտպաններից, դիտորդներից ստացել ենք ինֆորմացիա թափոնների օտարման տարբեր ձևերի մասին: Իսկ ՔԿՎ-ի ու ԱՆ-ի խուսափողական կեցվածքը ավելացնում են կասկածները, որ թափոնների իրացման հարցում իրոք համակարգը հանրությունից թաքցնելու բան ունի: Այս ինֆորմացիան, բնականաբար, ունի քրեակատարողական վարչությունը, մինչդեռ խուսափում է տեղեկատվություն տրամադրել, ինչն արդեն կասկած է հարուցում:

Տարբերակ 1-ին՝ սնունդը թափվում է կոյուղի

2016-ի նոյեմբերին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբի 2014-2015 թթ. գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ՔԿՎ կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը «Հետքի» հարցին պատասխանելով, նշեց, որ պատրաստված, սակայն ազատազրկվածների կողմից չիրացված սնունդը թափվում է կոյուղի:

Դատապարտյալ Գառնիկ Առաքելյանն ասում է, որ թափոնները «կալոդեցն էին ածում», մեկ-մեկ էլ «զիբիլանոց տանում»:

Տարբերակ 2-րդ՝ բանտային սնունդը դառնում է խոզերի կերակուր

Շրջանառվում է վարկած, որ այդ թափոններով կերակրում են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների խոզերին: Օրինակ՝ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ տեսել է, թե ինչպես է չիրացված կերակուրը լցվում հատուկ երկաթե մեծ տարաների մեջ: Ասում է նաև, որ լսել է, թե այդ կերակուրը ծառայում է որպես մասնավոր անձանց խոզերի կեր: Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը խիստ կասկածում է, որ խոզերը կուտեն այդ կերակուրը, բացառությամբ հացի: Այդուհանդերձ, նա նույնպես լսել է, որ խոզերի կերակուր է դառնում թափոնը:

Նախկին դատապարտյալ Արամ Դավթյանը պատմում է, որ կարծես հատուկ սնունդը այնքան վատ է պատրաստվել, օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որ ազատազրկվածները չօգտվեն: «Եթե մեզ տային մթերքը, մենք ավելի լավ կսարքեինք, բայց չէին տալիս»: Արամ Դավթյանը ընդգծեց՝ երբ շատ դատապարտյալներ չէին օգտվում բանտի նախաճաշից, ճաշից ու ընթրիքից, այդ թափոնները դուրս էին տեղափոխվում, բայց, թե կոնկրետ ուր՝ չգիտի: Ոմանք էլ ասում էին՝ մասնավոր խոզաբուծարաններ է առաքվում բանտարկյալների ուտելիքը:

Տարբերակ 3-րդ՝ թափվում է աղբավայր

Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին չիրացված սնունդը աղբավայր տեղափոխելու տարբերակը:

Տարբերակ 4-րդ՝ առհասարակ ՔԿՀ տարածքից դուրս չի գալիս

Ոմանք էլ ասում են, թե թափոնները քրեակատարողական հիմնարկից դուրս չեն գալիս, իսկ թե ինչ է արվում՝ ոչ ոք չգիտի:

Բանտերում սննդից հրաժարվողների թիվը զգալի է

Օրինակ՝ 2015թ.-ին բանտերի խոհանոցների աշխատակիցների հետ Դիտորդական խմբի հարցումների համաձայն՝ սննդից հրաժարվողների թիվը տարբեր ՔԿՀ-ներում տարբեր է եղել, այն տատանվել է 8- 60 տոկոսի սահմաններում: 8 տոկոսը եղել է «Գորիսում», 60 տոկոսը՝ «Նուբարաշենում»:

Բանտերում գոյացած սննդի թափոնը չի փաստաթղթավորվում

Թեպետ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում անթույլատրելի է համարում սննդի թափումը, այդուհանդերձ այն թափոն է դառնում, ավելին՝ չի փաստաթղթավորվում: Հանրությանն անհայտ է մնում, թե հարկատուներիս միջոցների որ մասն է դարձել թափոն՝ չծառայելով նպատակին:

Ոլորտի պատասխանատուները մեջբերում են 2015-ին կատարված փոփոխությունը, ըստ որի՝ սննդից հրաժարվողները մեկ օր առաջ ստորագրում են մատյանում, ինչն էլ կանխատեսելի է դարձնում պատրաստվող սննդի քանակը: Սկզբում ՔԿՎ-ից խուսափեցին ներկայացնել այդ մատյանները՝ պատճառաբանելով, որ կխախտեն անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Խնդրել էինք տրամադրել 2015թ-ի հունիսի 9-ի արդարադատության նախարարի 251-Ն հրամանի շրջանակներում դատապարտյալների կողմից սննդից հրաժարվելու մատյանների պատճենները 1-2 ՔԿՀ-ների օրինակով: Հնարավորություն ընձեռել դրանց ծանոթանալ տեղում և անհրաժեշտության դեպքում լուսատեսանկարահանել:

ՔԿՎ-ն անտեսեց տեղում մատյաններին ծանոթանալու խնդրանքը: Փոխարենը տրամադրեց «Հրազդան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պաhվող օրվա ճաշացանկից հրաժարված կալանավորված անձանց և դատապարտյալների ցուցակներից մի քանի էջ՝  բաց վիճակում թողնելով միայն ստորագրությունների հատվածը, որից ոչ մի կերպ չի հասկացվում, թե ինչ ցուցակ է: Երկու ՔԿՀ-ից ստացված մատյանների քաղվածքների 17 էջանոց պատճեներից յուրաքանչյուր էջում երևում են 7-8 միևնույն ստորագրությունները՝ իբր հիշյալ անձինք հրաժարվել են բանտի սննդից օգտվել: Իսկ կից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հունիսի 21-ի ժամը 15-ի դրությամբ պահվել է 249 անձ, որոնցից 7-ը գտնվել են արձակուրդի մեջ, իսկ իսկ 43-ը հրաժարվել են սնունդից:

«ՔԿ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի համար կան բավական մեծ հնարավորություններ»

Ըստ պետական գնումների ուսումնասիրությամբ շուրջ 9 տարի զբաղվող փորձագետ Արտակ Մանուկյանի՝ պետության համար կարևոր պետք է լինի, որ բանտի 1 դրամը նպատակային ծախսվի: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ՔԿ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման համար կան բավական մեծ հնարավորություններ»:

Արտակ Մանուկյանը

«Օրինակ, տեսնում ենք, որ փաստաթղթով ձեռք են բերել միրգ, սակայն դա դեռ ապացույց չէ, որ այն բաշխվել է: Երբ տեսնում ես, որ նույն ձեռագրով ստորագրություն կա, թե ստացել ենք, էլի խնդիր է: Ասում են՝ որոշ դեպքերում դատապարտյալները չեն ցանկանում ստորագրել և երբեմն լրացվում է խոհանոցի պատասխանատուի կողմից, ինչը ռիսկ է»,- նկատում է Արտակ Մանուկյանը:

Ցավոք մեր հանրությունը դեռ այն գիտակցումը չունի, որ հարկերի ծախսերը դառնան համար մեկ խնդիր: «Պահանջատեր քաղաքացի չունենք: Հանրությունը չի եկել այն գիտակցման, որ պետք է պահանջի՝ ուր են գնում իր վճարած հարկերը: Վերևներին էլ սա ձեռք է տալիս: Իրենք անմասն չեն կոպիտ ասած, ծակ դույլից գումարների արտահոսքին: Խնդիրների մասին բարձրաձայնում են հասարակական կազմակերպությունները, ոլորտին մոտ կանգնած մարդիկ, բայց լայն հանրության համար իր հարկերի ռացիոնալ ծախսման պահանջը ձևավորված չէ»,- ասում է փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ազատազրկվածների մեծաքանակությունը ձեռնտու է

Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Արայիկ Պապիկյանը կապ են տեսնում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, վերջին տարիներին համաներում չկիրառելու, կալանքը որպես խափանման միջոց 90 տոկոսով կիրառելու, պայմանական վաղաժամկետ ազատումները հազվադեպ երևույթ դարձնելու միջև։ Նրանք համոզված են, որ ինչքան շատ քաղաքացի լինի ՔԿՀ-ներում, այնքան շատ եկամուտ կունենան:

Առաջարկություններ

Փորձագետ Արտակ Մանուկյանն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել, օրինակ, ՔԿՀ-ների խոհանոցներում ու պահեստներում և այն միացնել առցանց, որպեսզի, օրինակ, վերադասները և հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները տեսնեն սննդի շարժը, պատրաստումը և այլն:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը պատրաստ է քննարկել հասարակական սեկտորի ներկայացրած ցանկացած կառուցողական առաջարկ, ինչը կբերի ոլորտում շոշափելի դրական փոփոխությունների:

Մեր ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ քրեակատարողական վարչությունը չի ապահովում անհրաժեշտ թափանցիկություն, ինչը գրեթե անհնարին է դարձնում լայն զանգվածների կողմից հասարակական հսկողության իրականացումը: Այս առումով անհրաժեշտ է՝

1. Տեղադրել տեսախցիկներ բանտային խոհանոցներում և պահեստներում

2. Դատապարտյալները և կալանավորված անձինք ունենան սննդային քարտեր

3. Ամբողջությամբ փաստաթղթավորել սննդային թափոնները

4. ՄԻՊ գրասենյակը պարբերաբար իրականացնի սննդի փորձաքննություն

5. Բանտային սննդի գնումներն իրականացնել արտադրողից

6. Անփոփոխ սննդային ճաշացանկը դարձնել սեզոնային և ամառվա ամիսներին անազատության մեջ գտնվող անձանց տալ բանջարեղեն և մրգեր

7. Սննդային թափոնները չթափել, դրանք վաճառել թանկ գին առաջարկող անասնաբուծական ֆերմաներին և գումարներն ուղղել բացառապես անազատության մեջ գտնվող անձանց սննդային և հիգիենիկ կարիքները հոգալուն

8. Սննդային թափոնների ծավալը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից սննդից հրաժարվելու դեպքերը կրճատելու նպատակով քրեակատարողական հիմնարկներն ապահովել խոհարարներով

9. Քրեակատարողական վարչության կայքում հրապարակել դատապարտյալների և կալանավորների սնունդին, հիգիենիկ միջոցներին, հագուստին և այլ պարագաներին վերաբերող բոլոր պայմանագրերի պատճենները՝ կից հավելվածներով:

Լուսանկարները և տեսանյութը` Սարո Բաղդասարյանի, Դավիթ Բանուչյանի

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,