Սփյուռքի նախարարությունը մեկնաբանել է «Արի տուն» ծրագրին մասնակցող ստամբուլահայ երեխաների Հայաստանից հեռանալը

Սփյուռքի նախարարությունն արձագանքել է «Արի տուն» ծրագրին մասնակցող ստամբուլահայ երեխաների Հայաստանից հեռանալու մասին tert.am-ում նախօրեին հրապարակված լուրին:

Հիշեցնենք, որ tert.am-ի հետ զրույցում Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն հայտնել էր, որ իրենց խմբի և Ուկրաինայից ժամանած մասնակիցներից մեկի միջև ազգային հողի վրա վեճ է տեղի ունեցել: Սաբունջուն նշել էր, որ նախարարությունից որևէ արձագանք չստանալով՝ ինքը ստիպված է եղել երեխաներին անվտանգության նկատառումներով տեղափոխել Վանաձոր՝ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մոտ, ով ընդունել է իրենց: Ավելի ուշ խումբը լքել է ծրագիրը՝ հաստատելով խտրական վերաբերմունքի մասին հայտարարությունը:

Սփյուռքի նախարարության մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև՝ առանց կրճատումների.

«Օգոստոսի 1-ին tert.am կայքում «Արի տուն» ծրագրին մասնակցող ստամբուլահայ երեխաները լքել են նախագիծն ու վերադարձել Թուրքիա՝ իրենց հանդեպ խտրական վերաբերմունքի պատճառով» խորագրով հրապարակման վերաբերյալ պարզաբանում ենք, որ իրականում երեխաների միջև եղել է փոքրիկ վեճ, որն անմիջապես հարթվել է նախարարության պատասխանատուի միջամտությամբ: Այնուհետև նրանք հրավիրվել են նախարարություն, քննարկվել է իրավիճակը: Սփյուռքի նախարարը ևս ընդունել է խմբի ղեկավարությանը, նրանց համար առաջարկել է հատուկ ծրագիր, սակայն խումբը հրաժարվել է, ցանկություն է հայտնել հյուրընկալվել Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին: Նախարարը զանգել, խոսել է Սեպուհ սրբազանի հետ, քննարկել է կազմակերպչական խնդիրներ: Խումբը մեկնել է Վանաձոր, հագեցած մշակութային ծրագրով մի քանի օր մնացել և վերադարձել է Թուրքիա:

Հոդվածում նշված «խտրականության» կամ «ազգային հողի վրա վիրավորանքների արժանանալու» մասին պնդումներն իրականության հետ առնչություն չունեն, քանի որ Սփյուռքի նախարարության համար թուրքահայը, ուկրաինահայը, պարսկահայը՝ բոլորն էլ հայեր են:

Ինչ վերաբերում է ծրագրի մասնակիցներին համայնքի կողմից երաշխավորագրեր տալուն, տեղեկացնում ենք, որ դա ծրագրի ձևաչափով նախատեսված չէ»:

Հիշեցնենք, որ դեպքը մեկնաբանելիս Ստամբուլի թիմի ղեկավարը նշել էր.

«Երեխաների միջև ծագած վեճն ամբողջովին մանկական, անհարկի թեմաների շուրջ է եղել, որը կարելի էր հարթել համապատասխան ճիշտ աշխատանքի շնորհիվ, ինչը չի արվել կազմակերպիչների կողմից: «Անհաշվելի անգամներ զգուշացումներ եմ հղել պատասխանատու մարմիններին, ցանկացել ենք հանդիպել նախարարի հետ, միշտ ասել են՝ տեղում չէ: Երեխաների ապահովության համար ստիպված եմ եղել տանել նրանց Վանաձոր՝ Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մոտ:

Ավելի ուշ՝ սփյուռքի նախարարի հետ մեր հանդիպման ժամանակ, տիկին Հրանուշ Հակոբյանն ինքն անձամբ խնդրի վերաբերյալ զանգահարեց սրբազանին, խոսեց: Իսկ թե հարցի լուծման համար տիկին Հակոբյանն ինչ է ձեռնարկում հիմա՝ տեղյակ չեմ: Ծրագրի հերթական փուլի փակմանը մենք չկայինք արդեն, բայց առանց մեր իմացության Թուրքիայի թիմի պաստառով մարդ է կանգնել, որը մեր թիմից չէ: Ի՞նչ կարիք կա նման կեղծարարության:

Մեր խնդիրն ու հեռանալու պատճառը ոչ թե մեզ հետ վիճած մասնակիցներն են, այլ Սփյուռքի նախարարության, չնայած մեր բոլոր զգուշացումներին, անտարբեր ու կողմնակալ մնալու փաստը»:

Հարցին, թե խնդիրն ու ստացած բացասական վերաբերմունքը զուտ անձնական մակարդակի վրա են տեսնում, թե միտում են նկատում իրենց դեմ՝ Թուրքիայի քաղաքացիներ լինելու պատճառով, Սաբունջուն շեշտել է.

«Խնդիրն էլ հենց դա է: Մեզ ցավեցնողը հենց այդ էր: Անձնական հողի վրա ծագած վեճը Հայաստանում վերածվել է «Թուրքիայի հայերի» թեմայով մի մեծ սկանդալի»:

tert.am

azatutyun.am

Սփյուռքի նախարարության պնդմամբ, դա «փոթորիկ էր մի բաժակ ջրում», մինչդեռ, միջադեպի մասնակից թուրքահայերի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն այլ կարծիք ունի:
Սփյուռքահայ երիտասարդներին հայրենիք հրավիրող «Արի տուն» ծրագրի շրջանակներում Թուրքիայից Հայաստան եկած պատանիների նկատմամբ խտրականության մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Այսօր այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում Թուրքիայից ժամանած 16 հոգուց բաղկացած խումբը վերադարձել է Ստամբուլ՝ նույն ծրագրով Ուկրաինայից ժամանածների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Սփյուռքի նախարարության ներկայացուցչի խոսքով, Թուրքիայից և Ուկրաինայից եկած հայ երիտասարդների միջև վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել Խոր Վիրապում՝ Գրիգոր Լուսավորչի գետնափոր խուցն առաջինը մուտք գործելու հետ կապված: Զաքարյանն ընդգծեց՝ իրենց միջամտությամբ միջադեպը հարթվել է, տեղի ունեցածն էլ ընդամենը «փոթորիկ էր մի բաժակ ջրում»:
«Անմիջապես միջադեպի մասին իմացել ենք, և՛ տեղում ենք փորձել հարթել, և՛ սփյուռքի նախարարություն ենք հրավիրել, խոսել ենք, հարթել ենք, ձեռք ձեռքի են տվել այդ տղաները»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը, հերքելով պնդումները, թե միջադեպը շարունակություն է ունեցել:
Հակառակ կարծիքն ունի միջադեպի մասնակից թուրքահայերի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն: «Ազատության» Ստամբուլի թղթակցի հետ զրույցում նա պնդեց, թե Թուրքիայի թիմի երեխաներից մեկի և Ուկրաինայից ժամանած մասնակցի միջև վեճը Խոր Վիրապում չի ավարտվել, դրան ավելի ուշ մասնակցել է ուկրաինական համայնքի ներկայացուցչի ընտանիքը, մինչդեռ՝ նախարարությունը երկար ժամանակ անհաղորդ է մնացել, ինչի հետևանքով խնդիրն ավելի է ընդլայնվել:
«Առաջին օրվա վեճից հետո երեխաներն ուզում էին հեռանալ ճամբարից, բայց ես, գիտակցելով ծրագրի կարևորությունը, նրանց դրականորեն էի տրամադրում, փորձում էի հարթել խնդիրը: Սակայն երբ հարցն ավելի մեծացավ, երեխաներն ասացին, որ այլևս չեն ուզում մնալ: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանի օգնությամբ կեցության և ավտոբուսի հարցերը լուծեցինք: Նախարարությանը տեղեկացրի, որ ծրագրին չենք մասնակցելու, ինչից հետո նախարարն իր մոտ կանչեց: Ներկայացրեցի խնդիրը, նա էլ ցանկացավ, որ հարցը փակվի: Ասացի, որ ճամբարից դուրս ենք եկել ու այլևս չենք վերադառնալու: Անընդհատ պնդում էին, որ հարցը պետք է փակել: Ես մեկ շաբաթ շարունակ այդ ուղղությամբ ջանքեր էի գործադրում, սակայն նախարարությունը հակառակ կողմին էր պաշտպանում»,- ասաց «Արի տուն» ծրագրի Ստամբուլի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն:
Նրա պնդմամբ՝ հատկապես ստամբուլահայերի նկատմամբ խտրական վերաբերմունք է եղել․ «Ճամբարում էլ մեր խմբի երեխաներին մյուսների պես չեն վերաբերվել: Երբ ես այնտեղ չեմ եղել, նրանց վրա բղավել են, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել»:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը բացառում է որևէ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունքի հնարավորությունը: «Խմբի ղեկավավարը չի կարող ասել, որ իրենց նկատմամբ ազգային խտրականություն է, դա ուղղակի անհեթեթ է: Հիմա դուք բացատրեք՝ ո՞րն է ազգային խտրականությունը մեր հայրենակիցների նկատմամբ: Մենք այլ ազգի՞ ենք պատկանում: Խաղաղ բաժանվել ենք, իրենք պիտի գնային ճամբար, երեխաները տրամադիր են եղել, սակայն Սաբունջուն ինքը որոշում է կայացրել և այդ որոշումը, մեղմ ասած, փաթաթել է երեխաների վզին»,- պնդեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նախարարության ներկայացուցիչը վստահ է, որ «Արի տուն» ծրագրի հեղինակությունը միջադեպից չի տուժել, և այն հաջողությամբ շարունակվում է: Մինչդեռ, Թուրքիայից ժամանած հայերի խմբի ղեկավարի պնդմամբ՝ սա առաջին դեպքը չէ, Ստամբուլից եկած խմբերը միշտ էլ նմանօրինակ խնդիրների են բախվում: Հարցին՝ արդյո՞ք հաջորդ տարի կմասնակցեն ծրագրին, Սաբունջուն պատասխանեց․
«Ես չեմ կարող որոշում կայացնել, երեխաների ծնողները կորոշեն՝ մասնակցե՞լ, թե ոչ: Եթե երեխա ունենայի, ապա նման միջավայր չէի ուղարկի նրան: Ես կողմ չեմ, որ հաջորդ տարի մասնակցենք, քանի դեռ մի շարք խնդիրներ լուծում չեն ստացել: Հուսով եմ, այս միջադեպերը առիթ կհանդիսանան՝ այդ խնդիրների լուծման համար»:
«Արի տուն» ծրագրի մասնակիցները Հայաստան ժամանելու և վերադառնալու ծախսերը հոգում են իրենց միջոցներով: Ծրագրով նախատեսված 14 օրերից 8 օրը մասնակիցները բնակվում են հյուրընկալ ընտանիքներում, իսկ մնացյալ ժամանակն անցկացնում են նախարարության կազմակերպած ճամբարում: Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ նախկինում որևէ խնդիր Թուրքիայից ժամանող խմբերի հետ չի եղել:
Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ տարեկան իրականացվում է «Արի տուն» ծրագրի 8 փուլ, որի ընթացքում Հայաստան են ժամանում շուրջ 1000 սփյուռքահայ երիտասարդներ: Նրանցից յուրաքանչյուրի համար նախարարությունը ծախսում է 100 հազար դրամ: Ըստ պաշտոնյայի՝ պետական բյուջեից ծրագրի իրականացման համար, ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի, ծախսվել է 90 միլիոն դրամ:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,