Մահ կամ իշխանություն․ՀՅԴ-ում խառն են

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստն այս անգամ էլ ընթացել է կիսագաղտնիության քողի ներքո, ինչպես միշտ։ Հին ընկերները թերեւս կոմպլեքս ունեն եւ իրենց բոլոր հավաքներն ու ժողովներն անց են կացնում աչքից ու ականջից հեռու, Երեւանից դուրս գողտրիկ մի անկյունում։ Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ հրապարակայնացված կցկտուր տեղեկության ՝ բավականին զարմանալի օրակարգ է ունեցել այդ քննարկումը։ Հին ընկերները քննարկել են ՀՀԿ-ի հետ կոալիցիայի նպատակահարմարության հարցը։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ըստ հաղորդագրության, մասնավորապես, նշել է․ «Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»:
Նիստում զեկույցներով հանդես են եկել նաեւ Հայաստանի կառավարության անդամ Դաշնակցության ներկայացուցիչ նախարարները, ներկայացրել այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են: Խորհրդարանական ընտրությունները ինչպես հայտնի է ապրիլի 2-ին էին, նույն ամսում էլ ստորագրվեց ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը։ Հետեւապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են դաշնակցականները դրա մասին խոսում հիմա: Սա պետք է որ առաջին հայացքից ժամանակավրեպ թվա: Բայց եթե խոսում են, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ սփյուռքի դաշնակցականները դեմ են հայաստանյան ընկերների որդեգրած քաղաքականությանը, մասնավորապես, նրանք դեմ են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային։ Այս լուրերը ակտուալ էին ինչպես առաջին կոալիցիայի ձեւավորման փուլում, այնպես էլ վերջին ընտրություններից հետո։ Սակայն հայաստանյան ՀՅԴ-ականները համառորեն հերքում էին այդ լուրերը եւ վստահեցնում, որ ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է եւ որոշումներն ընդունվում են ընդհանուր քննարկման արդյունքում։
Հիմա պարզվում է, որ իրականում մամուլի հրապարակումները անհիմն չէին եւ Երևան ժամանելով, սփյուռքի ՀՅԴ-ականները ըստ ամենայնի հաշիվ են պահանջել տեղի կուսակից ընկերներից, Հրանտ Մարգարյանն էլ ստիպված է եղել արդարանալ, քանզի չեն կարող ասել, որ մի քանի անձերի շահով պայմանավորված ՀՅԴ-ն իշխանամետ դիրքորոշում է որդեգրել եւ օգտվում է կերակրատաշտակից։
Ավելին, կան տեղեկություններ, որ ՀՅԴ բյուրոյի եւ ՀՅԴ ԳՄ համատեղ նիստի ընթացքում սփյուռքյան ընկերները հորդորել են դուրս գալ կոալիցիայից։ Սակայն պետք չէ կասկածել, որ ՀՅԴ-ականները չեն գնա նման քայլի, նրանք կգերադասեն մեռնել, քան լքել իշխանությունը։
Անի Սահակյան

hayeli.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,