September 18, 2021

Ո՞ւմ բերքն են արտահանում

Շուկայում ապրանք վաճառող գյուղացիները հավաստիացնում են, որ մրգի ու բանջարեղենի գների բարձր լինելը բոլորովին էլ պայմանավորված չէ արտահանման ծավալներից:

«Չգիտեմ` ով ինչպես, բայց մեր գյուղից եւ հարեւան գյուղերից այնպիսի մեկին չեմ ճանաչում, որ միրգ կամ բանջարեղեն արտահանած լինեն: Պետք է շատ բերք լինի, որ գան բիրիքով ֆուռերով տանեն, որ չկա, մի քանի կիլոյի համար հո տնետուն չեն անելու»,- հավաստում է Արարատի մարզ Սիսավան գյուղի բնակչուհի Լուսիկ Սարգսյանը:

Նրա խոսքերով, այս տարի 2000 հա ծիրանի այգուց ստացել են մոտ 100կգ ծիրան, որն էլ իրացրել են տեղական շուկայում կիլոգրամը 1000 դրամով, այն դեպքում, երբ անցյալ տարի մոտ 2 տոննա բերք են ունեցել եւ հետն էլ արտահանել են: «Այսինքն անցյալ տարի մոտ 500 000դրամ փող ենք առել, էս տարի 100 000 ու ոչ մի կիլո էլ չենք արտահանել»,- նշեց նա:

Մինչդեռ ըստ մաքսային պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքի, այս տարվա առաջին կիսամյակում արդեն հասցրել են մեր հանրապետությունից արտահանել բավական քանակի միրգ ու բանջարեղեն, ինչպես օրինակ 3 634 տ կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկուսուկես անգամ ավելի, 8 տ. լոլիկ` նախորդ 2տ-ի փոխարեն, 25 տ. վարունգ` նախորդ 2տ.-ի փոխարեն: Ծիրանի, բալի, կեռասի, դեղձի, սալորի եւ այլ կորիզավոր պտուղներից ընդհանուր առմամբ այս տարի արտահանվել է 1 185 տոննա: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 3 049տ:

«Գուցե որոշ անհատներ մեծ ծիրանանոցներ են ունեցել ու լավ մշակելու արդյունքում նման չափի բերք են ստացել ու արտահանել են, չգիտեմ, բայց մենք չենք արտահանել»,- հավելում է այս անգամ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակչուհի Օֆիկ Գալստյանը:

Ըստ նրա` իրենք մշակում են 2,5 հա հողատարածք, որտեղ հիմնականում ձմերուկ, սեխ, լոլիկ ու սմբուկ են աճեցնում: Տիկին Օֆիկը հավատացնում է, որ եթե ամեն տարի ինքը ստանում էր մեկ հա-ից 50-ից 60 տոննա ձմերուկ, այս տարի կունենա ընդամենը մոտ 30տոննա:

«Վատ եղանակներից բացի, պետք է հաշվի առնեք, որ պարարտանյութն էր թանկ, հողի վարձը դարձրին 96 000 դրամ մեկ հա-ի դիմաց, երբ նախորդ տարվա 80 000 դրամ էինք մուծում: Գյուղացիները ճգնել են, ստիպված բարձր գին են սահմանում, որ գոնե ծայրը ծայրին հասցնեն, էն էլ չի հերիքում: Պարզ չի, եթե նախորդ տարի երկու կիլոգրամ լոլիկ կամ վարունգ էին գալիս գնում, էս տարի ստիպված մեկ կիլոգրամ էլ չեն կարողանում գնել»,- նշում է նա:

Ի դեպ, տիկին Օֆիկի խոսքերով այս տարի գուցե մի քիչ խաղողի բերքը լավ լինի, չնայած ոչ նախորդ տարվա նման եւ մեկ էլ. « Անգամ բադրիջանն է այս տարի լավ բերք տալու»:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4