ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ ինչպե՞ս կազդեն հայ-իրանական հարաբերությունների վրա

Միացյալ Նահանգների ֆինանսների դեպարտամենտը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ: Պատժամիջոցները կապված են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացման հետ: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, թե Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումն ու զարգացումը ուղղակիորեն հակասում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 18 կազմակերպությունների և անհատների նկատմամբ՝ «Իրանի անօրինական խաղացողներին աջակցելու կամ տրանսնացիոնալ կրիմինալ ակտիվության մեջ ներգրավված լինելու համար»:

Ինչո՞վ են պայմանավորված ամերիկյան այս նոր պատժամիջոցներն Իրանի դեմ, քաղաքական ի՞նչ ենթատեքստեր ունի Թրամփի կառավարության այս որոշումը, և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս գործընթացները հայ-իրանական հարաբերությունների վրա:

Թեմայի մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը:

– Պարոն Ոսկանյան, ինչո՞վ եք բացատրում ամերիկյան վարչակազմի այս որոշումը: Սա ի՞նչ հետևանքներ կունենա, առաջին հերթին, Իրան-ԱՄՆ հարաբերությունների համար:

– Պետք է նշել, որ պատժամիջոցների համակարգը՝ կապված Իրանի հրթիռային ծրագրին առնչվող խնդիրների հետ, ըստ էության, երբևիցե չի էլ վերացվել: Իրանի ռազմական ոլորտը, այդ թվում նաև հրթիռային ծրագիրը գրեթե մշտապես եղել են պատժամիջոցների ռեժիմի տակ: Կարելի է ասել՝ Թրամփի վարչակազմը որոշ նոր «ճշգրտումներ» է մտցնում այս հարցում:

Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքական համատեքստին, ապա ակնհայտ է, որ պատժամիջոցները միտված են ոչ այնքան խաթարելու Իրանի ծրագրերը նաև ռազմական ոլորտում, որովհետև դրանք, ըստ էության, լուրջ ազդեցություն չեն թողնում, և իրանցիները բավական հաջող իրականացնում են իրենց ծրագրերը, այլ դրանք իրականացվում են քաղաքական ճնշում գործադրելու նպատակով: Այդ ճնշումը պետք է պայմանավորել մի քանի հանգամանքներով: Նախ և առաջ, խոսքը վերաբերում է Իրանի արտգործնախարար Մ. Ջ. Զարիֆի ելույթին ՄԱԿ-ում: Ակնհայտ է, որ Իրանի արտգործնախարարը որպես կանոն օգտագործում է ՄԱԿ-ի ամբիոնը իրանական դիրքորոշումները համաշխարհային լսարանին հասանելի դարձնելու նպատակով: Զարիֆը նաև CNN-ի խողովակն է օգտագործել սեփական դիրքորոշումներն ամերիկյան լսարանին հասցնելու համար:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո առաջիկայում տեղի է ունենալու կառավարության կազմի ձևավորում, և այս պատժամիջոցների հանգամանքը կարելի է ինչ-որ առումով կապել նաև այդ գործընթացի հետ: Կարծես թե, Միացյալ Նահանգները փորձում է նման մեթոդաբանությամբ ճնշում գործադրել պահպանողական թևի վրա:

Մյուս կարևոր հանգամանքը, որը պետք է շեշտել, մերձավորարևելյան տարածաշրջանում Միացյալ Նահանգների դիրքորոշումներն են: Համաձայն այդ դիրքորոշումների, որոնք անմիջականորեն առնչվում են Թրամփի վարչակարգի քաղաքական ուղեգծի հետ, Իրանը պետք է ունենա հնարավորին մեկուսացած դիրք Մերձավոր Արևելքում, և այդ նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգներն օգտագործում է իր ամբողջ գործիքակազմը, օրինակ, զանազան, շատ դեպքերում կասկածելի դաշինքներ է ձևավորում մերձավորարևելյան շատ երկրների հետ, ինչպես դիցուք Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ձևավորվելիք դաշինքն է, կամ կիրառում է իր գործիքակազմի այլ տարրեր, այդ թվում պատժամիջոցները:

Մի կարևոր հանգամանք էլ կա, որը պետք է շեշտել: Ընդհանուր առմամբ Իրանի դեմ պատժամիջոցները միտված են այս երկրում վարչակարգ փոխելուն, բայց նմանատիպ գործելաոճով Իրանում վարչակարգ փոխելը, նախ, արդեն իսկ չի հաջողվել, երկրորդը՝ չեմ կարծում, որ այս քայլերն արդյունավետ կլինեն նաև Իրանի տարածաշրջանային ազդեցությունը սահմանափակելու իմաստով: Իրանցիներն ունեն հստակ մեխանիզմներ, առաջինը, նմանատիպ պատժամիջոցները շրջանցելու համար, երկրորդը՝ քանի որ Իրանին հաջողվել է հատկապես վերջին տասնամյակների ընթացքում ստեղծել բավական ինքնաբավ տնտեսություն, ապա նմանատիպ գործելաոճը արդյունավետ չէ նաև իրանական ներքին կարողությունների առկայության պայմաններում: Հետևաբար այսպիսի դիրքորոշումներով Իրանի հետ հարցերի հանգուցալուծում փնտրելը կամ Իրանին սահմանափակելը, Իրանի դերակատարությունը նվազեցնելը բոլորովին անարդյունավետ քայլեր են, և կարծում եմ, որ դա պետք է գիտակցեն նաև Միացյալ Նահանգներում: Դժվար թե ԱՄՆ վարչակարգի քաղաքական որոշումներ կայացնողներն այդքան միամիտ են կարծելու, որ այսպիսի պատժամիջոցներով կարելի է Իրանին «անկյուն քշել»:

– Սա ինչպե՞ս կազդի Իրանի և վեցյակի միջև ստորագրված միջուկային համաձայնագրի վրա՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եվրամիության դիրքորոշումն այս հարցում կարող է որոշ չափով տարբերվել Թրամփի վարչակազմի մոտեցումներից:

– Շատ դեպքերում մենք ականատես ենք Արևմուտքի դիրքորոշումների կիսվելուն: Մասնավորապես, եվրոպական դիրքորոշումները հաճախ չեն համընկնում Նահանգների դիրքորոշումների հետ: Եվ իրանցիներն ունեն մի կարևոր առավելություն՝ նրանք հստակորեն իրականացնում են իրենց պարտավորությունները միջուկային համաձայնագրի շրջանակներում, և այդ պարտավորությունների հստակ իրականացումը բավական լավ ներկայացնում են նաև ԶԼՄ-ների տիրույթում՝ այս առումով ստանալով քարոզչական առավելություն: Հետևաբար, բոլոր այն հայտարարությունները, որոնք ուղղված են դեպի Իրանն առ այն, որ այս երկիրը չի կատարում կամ մասնակիորեն է կատարում իր պարտավորությունները, մնում են օդից կախված և լուրջ ազդեցություն չեն թողնում: Իրանցիներն օգտագործում են միջուկային համաձայնագիրը, շախմատային լեզվով ասած՝ որպես ձիով քայլ սեփական նպատակներն իրականացնելու և նաև երկրի իմիջը միջազգային ասպարեզում ապահովելու համար:

– Իսկ ընդհանրապես, 2016 թ. հունվարից ի վեր Իրանի դեմ ո՞ր պատժամիջոցներն են վերացվել և որո՞նք են դեռևս պահպանվում:

– Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված պատժամիջոցները չէին հանվել Իրանի և Վեցյակի միջև միջուկային համաձայնագրի կնքումից հետո: Շատ հաճախ սխալ տպավորություն է լինում, որ «պատժամիջոցների վերացում» եզրույթը ծածկում է Իրանի հանդեպ բոլոր պատժամիջոցներն անխտիր, բայց իրականում միջուկային համաձայնագրի արդյունքում վերացվեցին Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցները, որոնք առնչվում էին տնտեսության, ֆինանսների ոլորտին, բայց ոչ ռազմական և հատկապես հրթիռային ծրագրին: Իրանցիները նաև իրենց գործողություններով ցույց տվեցին, որ իրենք հաջողությամբ զարգացնում են հրթիռային ծրագիրը: Դա հատկապես երևաց Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումներին Իրանի հասցրած հրթիռային հարվածներից: Փաստացիորեն այսօր աշխարհում գոյություն ունի երեք պետություն, որոնք կարողանում են Սիրիայի տարածքից դուրս տեղակայված հրթիռներով հարվածներ հասցնել այնտեղ գործող ահաբեկիչներին, և այս առումով Իրանը մեծ հաշվով հավասարվեց Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին՝ համալրելով այս երկու գերտերությունների շարքերը՝ իր ունեցած կարողությունները ի ցույց դնելու առումով, ուստի ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները չեն աշխատել:

– Պատժամիջոցների հանել-չհանելը ինչպե՞ս է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա:

– Հայաստանը շարժվում է միջազգային համաձայնությունների շրջանակում ստանձնած իր պարտավորությունների ճանապարհով: Գուցեև Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների լարումը կողմնակի ազդեցություն ունենում է մեր երկու երկրների հարաբերությունների վրա, բայց այդ ազդեցությունը կողմնակի է և լուսանցքային: Ընդհանուր առմամբ Հայաստանի և Իրանի քաղաքական, տնտեսական հարաբերությունների սահմանված օրակարգը լուրջ փոփոխություն չի կրում Միացյալ Նահանգների գործողությունների հետևանքով: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և այլ տերություններ, որոնք խնդիրներ ունեն Իրանի հետ, պետք է շատ հստակ գիտակցեն, որ Իրանի և Հայաստանի միջև եղած հարաբերությունները Հայաստանի համար ոչ թե սովորական քաղաքական կամ տնտեսական հարաբերություններ են, այլ ունեն կենսական նշանակություն թե՛ Հայաստանի համար, թե՛ նաև իրանցիների համար, և այդ հարաբերությունները ձևավորվել են ոչ թե երեկ կամ նախորդ օրը, այլ հազարամյակների ընթացքում: Այս առումով՝ ցանկացած պետություն, որը կփորձի ճնշում գործադրել Հայաստանի վրա Իրանի հետ հարաբերությունների համատեքստում, պետք է նախ և առաջ պարտավորություն ստանձնի վերացնելու Հայաստանի շրջափակումը: Հակառակ պարագայում այդպիսի պնդումներն ուղղակի կլինեն անհիմն, և շատ դեպքերում ես դրանք կգնահատեի նույնիսկ անբարոյական:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,