September 18, 2021

«Երբ մարդիկ իրար սպանում են, այդտեղ Աստված չի կարող լինել»

Հարցազրույց «Եղիայի գիրքը» ֆիլմի ռեժիսոր Ալեն Հյուզի հետ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին Հայաստան էր ժամանել Ալեն Հյուզը: Նա հայ հանդիսատեսին ներկայացրեց «Եղիայի գիրքը» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2010 թ. հունվարին:

Հյուզ եղբայրները` Ալբերտը եւ Ալենը, ամերիկացի ռեժիսորներ են, պրոդյուսերներ, սցենարիստներ: Երկվորյակ եղբայրները ծնվել են աֆրոամերիկացի հորից եւ ամերիկահայ մորից: Մոր ընտանիքը թեհրանցի իրանահայեր էին: Մայրն Ամերիկա է տեղափոխվել 12 տարեկան հասակում: Եղբայրներից Ալբերտը միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջի կինոդպրոցում, իսկ Ալենը մասնագիտական կրթություն չունի: Հյուզ եղբայրները սկսել են կինոյով զբաղվել 12 տարեկանից, երբ մայրը, որդիների ձգտումը քաջալերելով, նրանց տեսախցիկ է նվիրել: Տղաները սկսել են իրենց ազատ ժամանակն անցկացնել կարճամետրաժներ նկարահանելով:

Զույգերը մի շարք ճանաչված ֆիլմերի հեղինակներ են: Եղբայրների առաջին ֆիլմը` «Սպառնալիք II. հասարակություն»-ը, առաջին անգամ ցուցադրվել է Կաննի փառատոնում, «Հանգուցյալ նախագահները», որի սցենարի հեղինակը մրցանակակիր դրամատուրգ Մայքլ Հենրի Բրաունն էր, 1995-ին ներկայացվել է Նյու Յորքի փառատոնում: 2001-ին եղբայրները նկարահանել են «Դժոխքից» ֆիլմը` Ջոնի Դեպի եւ Հիթեր Գրեմի մասնակցությամբ: 9 տարվա ընդմիջումից հետո, որի ընթացքում եղբայրները զբաղված էին երաժշտական տեսահոլովակներ եւ սոցիալական գովազդներ նկարահանելով, Հյուզ եղբայրները նկարահանեցին «Եղիայի գիրքը» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Դենզել Վաշինգտոնը եւ Հարի Օլդմանը: Գլխավոր հերոսը` Դենզել Վաշինգտոնը, ճանապարհորդում է Ամերիկայում ապոկալիպսիսից հետո` կյանքի գնով պաշտպանելով Աստվածաշնչի պահպանված միակ օրինակը:

«Եղիայի գիրքը» ֆիլմը, չնայած կինոքննադատների իրարամերժ կարծիքներին, շատ լավ «արդյունքներ» ունեցավ տոմսարկղերում: Առաջին շրջանում այն զիջում էր միայն «Ավատարին»:

«Ավատարը» համաշխարհային ֆենոմեն է: Նրանք 5 մլն դոլար են ծախսել այդ ֆիլմը նկարելու համար, ինչ-որ ակնոցներով, բաներով, ասես կրկես լինի: Գիտե՞ք, նման է, երբ քաղաք կրկես է գալիս: Մեր ֆիլմը, օրինակ, նման է մի տղայի, ով գրքում բանաստեղծություններ է կարդում, իսկ իրենցը, երբ մեկը կրկես է ցուցադրում: Ձեր կարծիքով, որի՞ մասին մարդիկ ավելի շատ կսկսեն խոսել` կրկեսի ներկայացում պատրաստած մարդու՞, թե՞ պարզապես գիրք ընթերցողի մասին: Մեր ֆիլմը նման է մոր պատրաստած կերակուրին, իրենց ֆիլմը Մակդոնալդսն է: Ո՞րն են ավելի շատ ուտում` Մակդոնա՞լդսը, թե՞ մամայի ուտելիքը:

Դժվարություններ ունենո՞ւմ եք Հոլիվուդում նման ֆիլմ նկարահանելիս:

Իհարկե, ծանր է: Շատ դժվար բան է ընդհանրապես Հոլիվուդում ֆիլմ նկարելը, առավել եւս ֆիլմ, որում կա Աստվածաշունչ, հոգեւորի մասին գաղափարներ: Դժվար է, բայց ուղղակի պետք է երբեք չհանձնվես: 3 տարի ինձանից պահանջվեց այս ֆիլմը ստանալու համար:

Ինչպե՞ս եք համոզում մարդկանց:

Ոգին է ամեն ինչ անում: Մարդկանց համոզում եմ իմ համառությամբ: Երբ սիրտդ մաքուր է, ոգիդ ուժեղ է, ուզածիդ կհասնես:

Ի՞նչ եք կարծում, ձեզ հաջողվե՞լ է ամերիկացի կինոդիտողին հասցնել այն, ինչ ցանկանում էիք ասել ֆիլմով:

Հետաքրքիր է, որ սովորական մարդիկ սիրել են ֆիլմը: Կինո գնացող հասարակությունը ֆիլմին կանաչ քարտ է ցույց տվել: Թե չէ` այդ քննադատները հակադիր կողմերի են բաժանվել: Տարբեր կրոնական համոզմունքների քննադատներ կան: Ոմանք աթեիստ են, ասում են` ֆիլմը քրիստոնեության մասին է: Ես չեմ կարծում, որ ֆիլմը քրիստոնեության մասին է: Քննադատները 2 խմբի են բաժանվել սրա պատճառով: Բայց ես դրան լավ եմ վերաբերվում: Ցանկացած մեծ ֆիլմ, մեծ կինոգործիչ միանշանակ չի ընդունվում բոլոր կողմից:

Ասում եք` ֆիլմը քրիստոնեության մասին չէ, այսինքն` Աստվածաշնչի փոխարեն կարող էր լինել, օրինակ, Ղուրա՞ն:

Ֆիլմը հոգու մասին է, ինչ-որ բանի հավատալու, որեւէ նպատակ, արժեք ունենալու մասին է: Քրիստոնեության մասին չէ: Հոգեւորը Ամերիկայում մի քիչ լուրջ, դժվար խնդիր է: Մենք շատ խնդիրներ ունենք դրա հետ կապված:

Ֆիլմի հերոսներից մեկն ասում է` Աստվածաշունչը զենք է: Ի՞նչ նկատի ունեք:

Աստվածաշունչը տարբեր կերպ են օգտագործում: Մի մարդ կար Ջիմ Ջոնս անունով: 50-ականներին նա հարյուրավոր մարդկանց էր հավաքել` հիվանդներ, անտուններ, գործազուրկներ: Նա մարդու ազատություն, հավասարություն, սեր էր քարոզում: Բայց աստիճանաբար սա վերափոխվեց հիվանդագին պաշտամունքի: 900-ից ավելի հետեւորդներ մահացան, այդ թվում` շատ երեխաներ: Նա քրիստոնեություն էր քարոզում, բայց չար մարդ էր: Ու նրա նման շատերը կան: Շատ մարդիկ սխալ են օգտագործում Աստվածաշունչը:

Ֆիլմում խոսք է գնում պատերազմի մասին, որը կրոնն է առաջացրել: Այսօրվա՞ պատերազմների մասին է խոսքը:

Բոլորի մոտ կրոնը պատերազմ սկսելու առիթ է ուղղակի: Ամերիկան պատերազմ չի սկսում կրոնական գաղափարների համար, նպատակները միշտ էլ ֆինանսական են, ստրատեգիական: Կարծում եմ` երբ Բուշն ասում էր, որ քրիստոնեական արժեքների համար պատերազմի է գնում, ամեն ինչ միայն նավթի համար էր: Աստծո համար չէր: Ցանկացած ժամանակ, երբ մարդիկ իրար սպանում են, այդտեղ Աստված չի կարող լինել:

Ձեր ֆիլմը նկարահանելու համար ֆինանսավորում ստացե՞լ եք եկեղեցուց, քրիստոնեական համայնքներից:

Ոչ, նման բան չկա: Մեր ֆիլմն ամբողջովին ֆինանսավորել է «Alcon Entertainment»-ը, որն էլ իր հերթին ֆինանսավորում է ստանում «FedEx»-ի տիրոջից: Ու տեղյակ չեմ, թե իրենք ինչ կրոն են դավանում: Մեր կինոն ուղղակի կինո է: Երբ վաճառքի դուրս եկավ, իհարկե, եկեղեցին ուզեց տեսնել այն, իրենց օրհնությունը տվեցին ֆիլմին:

Իսլամական աշխարհից ի՞նչ արձագանքներ եք ստացել:

Գնացել էի Չիկագոյի սեւամորթ մուսուլմանների մոտ` իրենց ազգային տոների կապակցությամբ: Բոլոր տղամարդիկ եւ կանայք նայել էին ֆիլմը եւ իսկապես հավանել էին: Չգիտեմ` Արեւելքի մուսուլմաններն ինչպես են վերաբերվում ֆիլմին, բայց սեւամորթ մուսուլմանները հավանել էին այն: Եվ նրանք հասկացել էին, թեե ինչ նկատի ունեինք ֆիլմում: Նրանք հասկացել էին, որ Աստվածաշնչի փոխարեն կարող էր լինել Ղուրանը կամ մեկ այլ կրոնական գիրք: Նրանք տեսել էին գիրքը որպես բոլոր կրոնների խորհրդանիշ:

Ինչո՞ւ է բռնությունն այդքան շատ ֆիլմում:

Որովհետեւ ես ամերիկացի եմ: Մենք բռնի, դաժան ազգ ենք: Այո, ես ամերիկացի եմ, թեկուզ ինձ դուր չի գալիս ամերիկացի լինելը: Մեր մեջ իսկապես դաժանություն կա:

Դուր չի՞ գալիս ամերիկացի լինելը:

Այո, կարծում եմ մենք` ամերիկացիներս, շատ խնդիրներ ունենք: Չնայած ես շատ հպարտ եմ Ամերիկայով, հողը, պատմությունը մինչեւ սպիտակների գալը: Բնիկ ժողովրդի պատմությունը, մշակույթը, օհ, Աստված իմ, ես շատ հպարտ եմ: Շատ գեղեցիկ է: Ամերիկայի նման երկիր չկա աշխարհում, այդքան սիրուն, տարբեր, դինամիկ տեսարաններով, սրբազան վայրերով: Բայց այդ ամենի մասին Ամերիկայում շատ չեն խոսում, քանի որ այն չի վերաբերում արեւմտյան աշխարհի պատմությանը:

Այնուամենայնիվ, դժվար չէ՞ համատեղել բռնությունը քրիստոնեական գաղափարների հետ մի ֆիլմում:

Չէ, Աստվածաշունչն ինքն էլ բռնություն շատ է պարունակում: Չէ՞ որ Աստվածաշնչում էլ արյունահեղության շատ տեսարաններ կան:

Ապոկալիպսիսի մասին ֆիլմերի պակաս, կարծես, չունենք` «2012»-ը, «Ես լեգենդ եմ» եւ այլն: Ինչո՞ւ են իրադարձությունները ֆիլմում ծավալվում ապոկալիպսիսից հետո:

Որովհետեւ դա ամենաարտահայտիչ ճանապարհն էր պատմությունը պատմելու համար: ԱՄՆ-ի ու մուսուլմանական երկրների միջեւ ճգնաժամը շատ հավանական է դարձնում այդ պատմությունը: Մարդկանց հնարավորություն է տալիս գիտակցելու իրենց ունեցածը, երբ տեսնում են, թե ինչ կարող է պատահել, ինչպիսին կարող է լինել իրենց կյանքը 30 տարի անց:

Ամերիկայի ղեկավար մարմինները վերահսկո՞ւմ են ֆիլմի նկարահանման ընթացքը:

Կախված է տվյալ ժամանակահատվածում քաղաքական իրավիճակից, թե ինչ չափի բռնություն են թույլ տալիս ֆիլմում:

Խմբագրո՞ւմ են:

Նրանք չեն ասում, որ դա անում են, բայց իրականում, այո, անում են: Ամերիկյան կինոյի ասոցիացիան վերահսկում է որոշակի սահմանափակումների պահպանումը: Կախված, թե այդ տարի քաղաքական դաշտում ինչ է տեղի ունենում, փոխվում են դաժանություն, բռնություն պատկերելու չափաբաժինները:

«Եղիայի գրքի» դեպքում բախվե՞լ եք նման խնդիրների:

«Եղիայի գրքի» հետ կապված մենք շատ խնդիրներ չենք ունեցել: Այս անգամ ֆիլմը մի փոքր ավելի մեղմ ենք նկարել: Օրինակ` ֆիլմի տեսարանում, երբ թունելի մոտ կռվում են հերոսները, դուք արյուն չեք տեսնում: Մենք ավելի խելացի ենք դարձել տարիների ընթացքում, շատ արյուն ցույց չենք տալիս:

Վերջին տեսարանում նպատակայի՞ն էր անցումը մուսուլմանական սովորույթները պատկերելուն:

Այո, այնտեղ գլխավոր հերոսը ոչ միայն մորուքն է սափրում, այլեւ մուսուլմանական հագուստ է հագնում: Դա մտադրված ենք արել, որովհետեւ ուզում էինք միավորել նաեւ այլ կրոնները: Անգամ կռվի տեսարաններում Դենզելը ցույց է տալիս տարբեր մարտատեսակներ` փողոցային, արեւելյան: Մենք ուզում էինք միավորել այս բոլորը, բաց լինել տարբեր կողմերից:

Ինչո՞ւ եք գլխավոր դերի համար ընտրել Դենզել Վաշինգտոնին` որպես լավ դերասա՞ն, թե՞ նրա` հովվի որդի լինելու հանգամանքն է դեր խաղացել:

Դենզելն այսօր ապրող ամենամեծ դերասաններից է եւ, հավանաբար, վերջին տղամարդը, որ շարունակում է ամուր կանգնած մնալ: Երբ նայում ես այսօրվա կինոաշխարհի մյուս դերասաններին, տեսնում ես, որ նա միակ իսկական տղամարդն է, նրա ձայնը, կեցվածքը, գրավչությունը: Նա մեզ պետք է Մովսեսի պես: Սցենարը նախապես գրված էր սպիտակ մարդու համար, բայց ես ուզեցի, որ նա խաղա ֆիլմում: Այս դերասանը սեւական մշակույթի սահմաններից դուրս է եկել, նա պարզապես լավ դերասան է: Չեմ կարծում` ուրիշ դերասան կարող էր իր ներկայությամբ այդքան ուժ փոխանցել:

Ջոնի Դեպն առաջարկել էր, որ դուք լինեք «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի ռեժիսորը: Ինչո՞ւ հրաժարվեցիք:

Կարծում եմ` այն ֆիլմն էր, որ մեզ վարձելու համար կփոշմանեին:

Իսկ դուք չե՞ք փոշմանել:

Երբեք: Ես այդ կարգի աղբ չեմ նկարում:

Ձեր եղբայրը` Ալբերտը, մի անգամ նշել է. «Մարդիկ ուզում էին մեզանից լսել, որովհետեւ մենք սեւ էինք, եւ ոչ որովհետեւ մենք կիսով չափ հայ էինք»:

Ժամանակները միշտ փոխվում են, եւ մեր մեջ էլ շատ բան է փոխվում:

Այսօր մամուլը ավելի շատ է հետաքրքրվում հայերով: 20 տարի առաջ նրանց սեւամորթներն էին հետաքրքրում: Կարծում եմ` հայերը Ամերիկայում սկսել են ուշադրություն դարձնել իրենց դիրքին:

20 տարի առաջ Ամերիկայում չգիտեին` հայերն ովքեր էին: Հիմա գիտեն, հիմա անընդհատ լսում են թուրքերի, ցեղասպանության մասին, նաեւ Միացյալ Նահանգների կառավարության այդ ողջ քաղաքականության մասին:

Գիտեն այնպիսի հայերի, ինչպիսին, օրինակ, Քիմ Քարդաշյանն է, Քըրք Քրքորյանի պես հզոր հայերի էլ են ճանաչում: Հիմա շատ հայեր կան, ովքեր հրեաների պես փորձում են տարածել իրենց ուժը, հզորացնել իրենց իշխանությունը:

Ամերիկացիները երբ սիրուն աղջիկ են տեսնում, ասում են` օ՜հ, նայեք, իրենք սիրուն աղջիկներ ունեն, ու այդ ժամանակ սկսում են հետաքրքրվել մեր մշակույթով: Ամերիկացիների մոտ էդպես է լինում:

Հարցազրույցը` Մերի Միքայելյանի

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4