Սադրիչ հարցեր Գլենդելում Արցախի ՄԻՊ-ին՝ 2016-ի հուլիսյան իրադարձությունների մասին

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, որն այս օրերին Միացյալ Նահանգներում է:

-Պարոն Մելիքյան, համացանցում հայտնվել է Գլենդելի հայության հետ Ձեր հանդիպման տեսագրությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը: Մասնավորապես, հարցեր էին հնչում Հայաստանում ներքաղաքական զարգացումների, «Սասնա ծռերի» գործողությունների, քաղբանտարկյալների վերաբերյալ և այլն:

-Հանդիպումը կազմակերպված էր Հայ Դատի արևելյան ափի գրասենյակի, «Ասպարեզ» օրաթերթի և ԱՄՆ Հայ իրավաբանական միության կողմից: Համակազմակերպիչ էր նաև Հ. Ե. Դ-ն։ Իմ այստեղ գտնվելը պայմանավորված է հենց ԱՄՆ Հայ իրավաբանական միության տարեկան ժողովին մասնակցելու հրավերով: Առհասարակ, որտեղ լինում եմ, փորձում եմ հայ համայնքի հետ շփվել, և, իհարկե, սա բացառություն չէր: Այդուհանդերձ պետք է նշեմ, որ կային մարդիկ, ովքեր նպատակաուղղված՝ ինձ չվերաբերող հարցեր էին բարձրացնում, սակայն ես նրանց այդ հնարավորությունը տվեցի: Ինքս այն կարծիքին եմ, որ եթե մարդիկ արտահայտվելու կարիք ունեն, պետք է նրանց լսես: Լսեցի նրանց, և նրանց բարձրացրած հարցերը իմ մանդատի հետ մեծամասամբ որևէ առնչություն չունեին՝ բացառությամբ մեկ հարցի, որ ինձ էր առնչվում:

Համայնքը, հատկապես Միացյալ Նահանգների արևմտյան ափը, շատ բազմազան են, շատ տարբեր հայացքների տեր մարդիկ են, որոնց մի մասի հետ անձամբ ՄԻՊ-ի գրասենյակը շատ սերտ հարաբերություններ է հաստատել, բավական ակտիվորեն մասնագիտական շփումներ ենք ունենում։ Ընդհանրապես Սփյուռքի վերաբերյալ իմ մոտեցումը կա նաև մեր տարեկան զեկույցում: Եվ ես գտնում եմ, որ Սփյուռքը, առհասարակ, մեր ռազմավարական գործընկերն է հենց Արցախում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի քաղաքացիական հասարակությունը, իրավապաշտպան համայնքը ավելի փոքր հնարավորություններ ունեն ռեսուրսների, նաև շփումների առումով, մեզ համար կարևոր է հատկապես Սփյուռքի պրոֆեսիոնալ կառույցների ռեսուրսը: Խոսքը վերաբերում է իրավաբանական, իրավապաշտպան կազմակերպություններին: Այդուհանդերձ, դրա հետ մեկտեղ կան հարցերի շրջանակներ, որոնց մոտեցումները չէին վերաբերում մեր իրականությանը:

-Ընդհանրապես շատ են քննարկումներն այն մասին, թե արդյոք Սփյուռքը իրավունք ունի՞ միջամտել Հայաստանի, Արցախի ներքաղաքական կյանքին:

-Անգամ ես իրավունք չունեմ միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին: Մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում միջամտել: Այսինքն՝ եթե խոսքը վերաբերում է կարծիք արտահայտելուն, մարդիկ եթե կարծիք ունեն արտահայտելու, թող արտահայտվեն: Հարցն այն է, թե արդյո՞ք նրանց արտահայտած կարծիքը հանրային պաշտպանություն կստանա, թե՞ ոչ: Եթե հանրային աջակցություն չի ստանա, ուրեմն ևս մեկ անգամ կհիմնավորվի, որ այդ կարծիքը խիստ սահմանափակ, շատ փոքրաթիվ, մեզ չառնչվող մոտեցում է այսօրվա իրականության համեմատ: Խոսքի ազատության ուժը հենց նրանում է, որ մենք չպետք է զրկենք մարդկանց արտահայտվելու հնարավորությունից: Թող մարդիկ արտահայտվեն, իսկ ավելի լայն հանրությունը կգնահատի՝ որքանով էին ադեկվատ նրանց մոտեցումները:

Մարդիկ փորձում էին ինձ ներգրավել իմ մանդատի հետ չառնչվող քննարկումների մեջ՝ իմ համոզմամբ, նախօրոք լավ պատկերացնելով, թե ում հետ են իրենք խոսում, ինչի մասին է ընդհանրապես քննարկումը: Հարցադրումները որևէ առնչություն չունեին ինձ հետ, վերաբերում էին 2016-ի հուլիսյան իրադարձություններին: Այդ մարդիկ ակնհայտ հուլիսյան իրադարձությունների մասնակիցների աջակիցներն էին, և հավանաբար իրենց համար լրացուցիչ հարթակ էին գտել, որպեսզի իրենց մոտեցումներն արտահայտեն: Ի դեպ, տեղում կային մասնակիցներ, ովքեր պատրաստ էին խափանել այդ այդ փորձերը: Այնուհանդերձ, ես սկզբունքային մոտեցում ցուցաբերեցի՝ թողնելով նրանց արտահայտվել: Ես մարդկանց լսված լինելու հնարավորություն տալու կողմնակիցն եմ: Հիմնականում ստանդարտ ձևակերպումներ էին, որոնք մենք շատ հաճախ կարող էինք տեսնել ինչ-որ խումբ մարդկանց կողմից: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իրենք ուղիղ դասակարգմամբ սկսեցին հարցեր տալ՝ արդյոք Արցախը ժողովրդավարակա՞ն, ավտորիտա՞ր, թե՞ տոտալիտար պետություն է: Կամ արդյո՞ք կան Հայաստանում քաղբանտարկյալներ, թե՞ ոչ:

-Կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ:

-Այս հարցը կարծեք թե ստուգատես լինի: Բոլորը իրար փորձում են ստուգել այս հարցով, և ես սա, մեղմ ասած, շատ սխալ մոտեցում եմ համարում:

1in.am

Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն (Տեսանյութ)

Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն (Տեսանյութ)

«Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե ոչ»,- այս հարցն օրերս Գլենդելում, հայկական համայնքի ներկայացուցիչները տվել են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին: Վերջինս հիշեցնում է, որ ինքն Արցախի օմբուդսմենն է, եւ զարմանք հայտնում, թե իրեն օրինակ ինչո՞ւ չեն հարցնում Բուրկինա Ֆասոյում քաղբանտարկյալներ կա՞ն, թե`ոչ:

 

«Նույն դրամը, նույն բանակը, նույն լեզուն եւ համարում եք առանձին պետություն: Ծիծաղելի է: Վերջ տանք այս թատրոնին»,- զայրացած ասում է ներկաներից մի կին եւ հավելում, որ Արցախում մարդու իրավունքները ոտնահարված են, այն մարդիկ, որ իրենց թույլ են տալիս ազատ խոսել` հետապնդվում են արցախյան կառավարության կողմից, հեռացնում են աշխատանքից, նրանց ջուրն ու գազն են անջատում, դպրոցից են հեռացվում: «Եվ ծիծաղում եք այն հարցի վրա, որ քաղբանտարկյալներ չկա՞ն: Քաղբանտարկյալները լցված են բանտերում, դուք ոչինչ չեք անում դրա համար: Մարդիկ, որոնք Արցախի ազատագրման համար իրենց կյանքը չեն խնայել… Ի՞նչ եք անում դուք: Ոչինչ: Բոլորդ դարձել եք 2-3 անբարոյականների խամաճիկները»,- շարունակում է կինը:

Ռուբեն Մելիքյանը կնոջը վստահեցնում է`Արցախում եւս, եթե գաք, արտահայտվեք, նույնիսկ եթե այս խոսքը ասեք, որի հետ ոչ բոլորը կհամաձայնվեն, Դուք որեւէ խնդիր չեք ունենա. «Եթե որեւէ մեկը ձեր ազատությունը սահմանափակի, ես կզբաղվեմ դրանով»:

Իսկ Արցախի քաղաքացիների ոտնահարված իրավունքների մասին, ՄԻՊ-ը խնդրում է հստակ տվյալներ տրամադրել: «Թագուհի Հակոբյան Մարտիրոսի, «Դեդ»-ի աղջկա լույսը, ջուրը կտրել են ձմռան ընթացքում»,- ասում է կինն ու խոստանում, որ այդ հարցով պաշտոնապես կդիմեն Ռուբեն Մելիքյանին:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տիկինը մինչ այս պահն իրեն չի դիմել: Այս զրույց-միջադեպի վերաբերյալ Արցախի օմբուդսմենը չցանկացավ այլ մեկնաբանություններ անել:

Հավելենք, որ Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչները ՄԻՊ-ի օմբուդսմենին հարց են տալիս նաեւ 2015-ի Բերձորի դեպքերից`«Նախախորհրդարանի» ավտոարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից:

«Ցանկացած դեպքում էլ տեղի են ունենում նման ցավալի դեպքեր: Չի կարելի նորմալ համարել, որ տեղի է ունենում ծեծ`հատկապես ոստիկանության մասնակցությամբ: Բայց իբրեւ Արցախի ՄԻՊ, ես գործել եմ 2016-ից, այդ դեպքի մանրամասներին տեղյակ չեմ, գիտեմ, որ քրեական գործ չի հարուցվել ու ճիշտ չեմ համարում գնահատականներ տալ դեպքերին, որոնք եղել են իմ նախորդի ժամանակահատվածում»,- ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Գլենդելահայերը հետաքրքրվում են նաեւ Արցախի խորհրդարանի  պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու միջադեպով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

aravot.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,