Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
October 22, 2018

Իրավապաշտպան. «Բանտերում բոլոր պայմանները տանում են կործանման»

Ազատազրկման վայրերում առողջությունը կորցնելու նախադրյալներ կան: Մեծ ճիգեր են անհրաժեշտ հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջությունը պահպանելու համար. ոչ բավարար պայմաններ ու սնունդ, ոչ բավարար բուժսպասարկում ու գերբնակեցում: Իսկ եթե հիվանդ քաղաքացի է հայտնվել բանտում, ապա նրա կարիքները հիմնականում հոգում են հարազատները՝ դեղորայք հասցնելով դրսից:

Այս մասին մշտապես բարձրաձայնում են իրավապաշտպանները, Մարդու իրավունքների պաշտպաններն՝ իրենց զեկույցներով, ինչպես նաև ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն:

Հոգեբույժի խորհրդատվությունը հեռախոսով

ՄԻՊ վերջին զեկույցում կարդում ենք. «Որոշ ՔԿՀ-ներում ատամնաբուժական ծառայություններ չեն մատուցվում: Դատապարտյալներն իրենց հաշվին հրավիրում են իրենց նախընտրած բժշկին… «Գորիս», «Սևան», «Արմավիր» ՔԿՀ-ներում ապահովված չէ հոգեբուժական ծառայությունների հասանելիությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման ընթացքը որոշվում է հոգեբույժի հետ հեռախոսով խորհրդակցելով, որպիսի պրակտիկան անընդունելի է: Բժշկական հաստիքները հաճախ ոչ բավարար են, շուրջօրյա բժշկական օգնության հարցը ևս բաց է»:

Զեկույցում նշված է, որ ՔԿՀ-ներում բժշկական սարքավորումները և գործիքները խիստ սահմանափակ են, հնամաշ, անգամ բացակայում են առաջնային օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ: Բողոքներում նշվում է, որ ազատազրկման վայրերը ապահովված չեն անհրաժեշտ քանակությամբ դեղերով:

Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անբավարար պայմանների հարցը բարձրացրել է նաև Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն Հայաստանի վերաբերյալ 2016-ի զեկույցում՝ անդրադառնալով առաջին հարկի խոնավությանը, անբավարար օդափոխությանը և լուսավորությանը, մշտական ջրամատակարարման բացակայությանը, մի շարք խցերում սանհանգույցներն ամբողջությամբ առանձնացված չլինելուն:

ՔԿ վարչությունից «Հետքի» հարցմանը տրամադրած պատասխանից պարզ է դառնում, որ 2013-16թթ.-ին մեր քրեակատարողական հիմնարկներում ավելացել են աղեստամոքսային և սրտանոթային հիվանդություններ ունեցողները:

Իրավապաշտպան. «Անգամ գլխացավի դեղը հասցնում են ազատազրկվածի հարազատները»

«Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը, փաստաբան Արայիկ Պապիկյանը դարձյալ ահազանգում են՝ իրենց պաշտպանյալներից, շահառուներից շատերն ունեն տարբեր հիվանդություններ, հետևաբար՝ բժշկական միջամտության կարիք:

«Օրինակ՝ դատապարտյալ Արմեն Հարությունյանը դեռևս մարտ ամսին պետք է սրտի բաց վիրահատության ենթարկվեր: Սակայն առաջարկվել է հարազատներին վճարովի ծառայությամբ ապահովել վիրահատությունը: Անգամ դեղորայքը ապահովում են հարազատները, սա գաղտնիք չէ, սա շատ լավ գիտեն քրեակատարողական հիմնարկներում»,- ասում է փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Մեկ այլ դատապարտյալի օրինակ է բերում Նինա Կարապետյանցը. «Արայիկ Հակոբյանը դատապարտյալ է երկու անգամ սրտի վիրահատություն է տարել: Տանում են «Հրազդան»  հիվանդանոց, ապա 1 օր հետո հետ են բերում «Հրազդան» ՔԿՀ: Սակայն սրտաբանի դինամիկ հսկողություն է սահմանվել: 20 օր պահել են «ԴՀ»-ում, այնուհետև դատապարտյալը հացադուլ է հայտարարել: Արայիկ Հակոբյանի դեղերը տարիներ շարունակ տանում էին հարազատները… Կամ Սերգեյ Գրիգորյանի կինը տանում է շաքարային դիաբետի դեղերը, տանը պատրաստած ճաշերով ապահովում հատուկ սննդակարգ»:

Ըստ պաշտպան Պապիկյանի` այն, որ պետությունը չի կատարում իր պարտավորությունները, ենթադրվում է, որ այդտեղ կան կոռուպցիոն մեծ ռիսկեր: «Գումարները հատկացվում են, սակայն դրանք առարկայական նպատակին չեն ծառայում»:

Նինա Կարապետյանցն ասում է, որ հատկապես ասուլիսներից հետո ՔԿՎ-ից շատ արագ արձագանքում են, ցույց են տալիս, թե ինչքան գնումներ են կատարվել: «Բայց կալանավորներին ու դատապարտյալներին հարց տվեք՝ անգամ գլխացավի դեղը բերում են դրսից իրենց հարազատները»:

Փաստաբան. «Ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր անձ ֆինանսական միջոցի հնարավորություն է»

Ըստ իրավապաշտպանների` ՔԿՀ-ներում բոլոր պայմանները տանում են կործանման: Այնինչ 4000-ին հասնող կալանավորվածների ու դատապարտյալների թիվն, ըստ նրանց, կարելի է օրենքով նախատեսված ուժով կիսով չափ կրճատել: Կիրառել պայմանական ազատումներ, կալանքը որպես խափանման միջոց 90 տոկոսանոց դեպքերում չկիրառել, պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցողներին «ակտիրովկայի» ենթարկել և այլն: Այս պարագայում, իրավապաշտպանների գնահատմամբ, պետական միջոցներն առավել արդյունավետ կծախսվեն:

Մինչդեռ, ըստ Արայիկ Պապիկյանի, ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր անձ ֆինանսական միջոցի հնարավորություն է. յուրաքանչյուր ազատազրկվածի հաշվով հատկացվում է գումար պետական բյուջեից:

Հիվանդասենյակներում չկա ջուր և պետքարան

Այսօր բանտային պայմանների մասին հայտարարություն է տարածել փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որտեղ նշված է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» ճնշումներ են սկսվել «Սասնա Ծռեր» խմբի կալանավորված անդամներ Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի նկատմամբ։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացնում է, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։

«Չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունը այս հարցի կապակցությամբ ասել է, որ անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։ Սակայն երեկ Արթուր Սողոմոնյանին բժիշկ է անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել է դուռը, բայց՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել է կոտրել հիվանդասենյակի դուռը»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ։

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4