Մեծամորի հիվանդանոցում սպառած էլեկտրաէներգիայի համար վճարում են բուժաշխատողները

 

Գրիշա Բալասանյան

Տևական ժամանակ է` Արմավիրի մարզի Մեծամորի բժշկական կենտրոնի աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը թողնում են հաստատությանը, որպեսզի այդ կերպ կարողանան փակել պարտքերը: Ամեն ամիս բուժքույրերը և հավաքարարները նվիրաբերում են իրենց աշխատավարձի 5%-ը, իսկ բժիշկները` 10%-ը: ԲԿ-ի տնօրեն Միքայել Վանյանի խոսքերով՝ այդ նվիրաբերություններն ամսական կազմում են մոտ 1 միլիոն 100 հազար դրամ: Դրանով վճարում են ԲԿ-ի սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարը:

Մեծամորում է գտնվում Հայկական ատոմային էլեկտրակայանը, որն արտադրում է Հայաստանում  օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ ՀԱԷԿ-ը Հայաստանում ամենաէժան էլեկտարաէներգիա արտադրող ձեռնարկությունն է։ Վերջինս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ին հոսանքը տալիս է 12 դրամով։ Իսկ հիմա Մեծամորի բժշկական կենտրոնը 44,98  դրամով պիտի վճարի ՀԷՑ-ին։

«Ահռելի թվով գազ և էլեկտրաէներգիա ենք օգտագործում ձմռան ամիսներին, միջինը մոտ 5 միլիոն դրամ, դրա համար այսօր լուրջ պարտքեր են կուտակվել էլեկտրական ցանցերում՝ մոտ 23 միլիոն դրամ»,-ասում է բժշկական կենտրոնի տնօրենը:

Բանն այն է, որ Մեծամորի ԲԿ-ն, որը ներառում է ստացիոնար, ամբուլատոր և մեկ հերթափոխով շտապօգնության ծառայությունները, կենտրոնացած է մեկ տեղում, իսկ շենքի զգալի հատվածը վերանորոգված չէ: Պատուհանները դեռ հին փայտե պատուհաններն են, որտեղից սառը օդ է ներխուժում:

Միքայել Վանյանն ասում է, որ նաև շենքային անմխիթար վիճակն է պատճառը, որ չեն կարողանում ձմռանը նորմալ ջերմաստիճան ապահովել, ծախսն էլ՝ կրճատել:

«Ստացիոնար հատվածը 1980-ականներից վերանորոգման չի ենթարկվել, պատուհաններն այդ թվականնների պատուհաններն են: Փոքր-փոքր կոսմետիկ վերանորոգումներ արվել են, բացի վերակենդանացման բաժանմունքից, մանկական բաժանմունքի մի հատվածից և վիրահատարանից, որտեղ վերանորոգման աշխատանքներ իրականացվել են, մնացած մասում վիճակը վատ է»,-նշում է Մ. Վանյանը:

Պոլիկլինիկայի հատվածը 2 տարի առաջ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ է վերանորոգվել: Այն համալրվել է նաև ժամանակակից սարքավորումներով:

Իսկ 1980-ականների շունչը զգացվում է թե´ ամբուլատոր հատվածի միջանցքներում, թե´ հիվանդասենյակներում ու սանհանգույցներում: Պատերը խոնավ են՝ պատված մեծ-մեծ ճաքերով ու թափված ծեփերով: Ելքը մասամբ գտել են: Ցուցապաստառներով փակել են անցքերն ու ճաքերը:

Տնօրենը տեղեկացրեց, որ բոլոր աշխատակիցներով նամակ են գրել էլեկտրական ցանցերի սեփականատիրոջը՝ խնդրելով սառեցնել պարտքը: Միքայել Վանյանն ասում է, որ այս տարվա ծախսը ԲԿ-ի նվիրաբերած գումարներով մի կերպ կփակեն, սակայն չեն կարող մարել ամբողջ պարտքը:

«Հիմա զուտ խնայողական ռեժիմով ենք աշխատում՝ էլեկտրաէներգիայի, դեղորայքի, վառելիքի, բոլոր տնտեսական ծախսերը տարեցտարի շեշտակի նվազեցրել ենք: Բայց, միևնույն է, բյուջե պետք է լինի: Աշխատավարձի ֆոնդը կազմում է 254 միլիոն դրամ, իսկ պետական պատվերի ծավալը 212 միլիոն է, բնական է, որ հիմնական շեշտը դնում ենք վճարովի ծառայությունների վրա»,-հավելեց Մ. Վանյանը:

Վճարովի ծառայությունները ԲԿ-ում կազմում են ընդհանուրի 30%, որը լուրջ թիվ են համարում: Դեռևս գործում է սահմանափակ բյուջեի սկզբունքը, և փորձում են վճարովի ծառայությունների հաշվին թեթևացնել ֆինանսական բեռը: Միքայել Վանյանն ասում է, որ շատ են ոգևորվել նոր կառավարության որդեգրած քաղաքականությունից, որ պետք է ազատականացվի և բուժհաստատություններին պետության կողմից վճարումները կատարվեն ըստ կատարած աշխատանքի: Բժշկական կենտրոնի ղեկավարն ասում է, որ ամեն մի բժշկական հաստատություն ունի մի ծառայություն, որն ամենալավն է: Օրինակ՝ իրենք ունեն մրցունակ ինֆեկցիոն ծառայություն և միշտ գերակատարել են, ինչի դիմաց, սակայն, պատշաճ չեն վճարվում:

Խնայողական ռեժիմի անցնելու շրջանակներում ԲԿ-ում իրականացվել են նաև օպտիմալացման աշխատանքներ: 237 հաստիք կար, 3 տարիների ընթացքում դրանք կրճատվել են՝ դառնալով 191: Պատճառը ֆինանսական է, և այդ հաստիքների ոչ շատ անհրաժեշտ լինելը:

Վանյանն ասում է՝ եթե բյուջեն ազատականացվի, Մեծամորի ԲԿ-ն ոտքի կկանգնի: Տնօրենը նշեց, որ կառավարության համապատասխան որոշմամբ յուրաքանչյուր հաջորդ տարի ԲԿ-ները պետք է ֆինանսավորվեն ընթացիկ տարվա կատարած աշխատանքից ոչ պակասի չափով: Միքայել Վանյանն ասում է, որ առանց լուրջ հիմնավորման, և´ ինֆեկցիոն, և´ մանկական բաժանմունքների ծառայությունների դիմաց, 2014թ.-ին միանգամից 18 միլիոն դրամով նվազեցրել են ֆինասավորումը: Այդ հաշվարկից սկսած` ամեն տարի գումարի չափը պակասել է: Այդտեղից էլ սկսվել են Մեծամորի ԲԿ-ի դժվարությունները:

Միքայել Վանյանն ասում է, որ բոլոր նախարարներին դիմել են այս հարցով, հարցը լուծում չի ստացել: Նոր նախարարից սպասելիքներ ունեն:

Բժշկական կենտրոնն այլ պարտքեր ևս ունի: Օրինակ՝ 3 միլիոն դրամ դեղորայքի պարտք ունեն, ջրի պարտք են կուտակել, հարկերը չեն կարողացել վճարել, ընդհանուրը՝ 45 միլիոն դրամի: Աշխատավարձի պարտք, սակայն, չունեն:

Որպեսզի նոր պարտքեր չկուտակեն, նույնիսկ դեղորայքն են սահմանափակ քանակով գնում՝ դրամարկղում եղած գումարի չափով, որը կարող է 1 շաբաթ բավականացնել:

Ինչպես մյուս մարզային հիվանդանոցներում, այնպես էլ Մեծամորի բժշկական կենտրոնում, սարքավորումների մի մասը բավականին հին են: Օրինակ՝ ռենտգեն ապարատը 1980-ականների է։ Այդ թվականների արտադրության են սարքավորումների զգալի մասը: 2 տարի առաջ մասնագետ են հրավիրել, և սարքավորումների հիմնական մասի մաշվածությունն ու անսարքությունները վերանորոգվել են, կարողանում են օգտագործել: Բայց դա հարցի լուծում չէ:

Միայն վիրահատական և վերակենդանացման բաժանմունքների սարքավորումներն են նոր, ինչպես նաև պոլիկլինիկայինը: Վճարովի ծառայությունների հաշվին կարողանում են քիչ-քիչ նորացնել, բայց, այդ տեմպով, երկար տարիներ կպահանջվի:

Միքայել Վանյանն ասում է, որ և´ շենքային պայմանները, և´ սարքավորումներն անհամեմատելի են Երևանի բժշկական կենտրոնների հետ, և այդ պատճառով մարզերից հիվանդները շարունակում են գնալ Երևանի բուժհաստատություններ:  Տնօրենի խոսքերով՝ բժշկական կենտրոնի հեղինակության հաշվին են կարողանում հիվանդներին պահել իրենց մոտ:

Հիվանդների շարժը պայմանավորված է նաև պետպատվերի սահմանափակ տեղերով: Օրինակ՝ նախորդ տարվա մայիս ամսին հիվանդներին հերթագրել են սեպտեմբերի երկրորդ կեսի համար, բնականաբար, այդ հիվանդները չէին սպասի, և ով ի վիճակի է եղել վճարել, բուժվել է, ով ոչ՝ գնացել է Երևան:

«Մենք հիվանդի պակաս չունենք, ֆինանսի պակաս ունենք: Մեր միակ խնդիրն այն է, որ մեր կատարած աշխատանքը չի վճարվում»,-նշեց Մ. Վանյանը:

Նա ելքը տեսնում է հետևյալում. գյուղական համայներում կան բուժամբուլատորիաներ, որտեղ տնօրենի, հաշվապահի, օպերատորի հաստիքներ կան: Վանյանի կոպիտ հաշվարկներով` Արմավիրի մարզի գյուղական համայնքներում մոտ 120 միլիոն դրամի աշխատավարձ ստանում են այդ հաստիքի աշխատակիցները:

Ըստ նրա՝ լավ կլինի, որ նշված ամբուլատորիաները գործեն մարզերի հիվանդանոցների ենթակայության տակ, և այդ 120 միլիոնն էլ բաժանվի մարզի հիվանդանոցների միջև, քանի որ օպերատորի, հաշվապահի գործը կարող են անել հիվանդանոցի աշխատակիցները: Մանավանդ` շուտով անցում է կատարվելու էլեկտրոնային առողջապահության, որի շրջանակում յուրաքանչյուր բժիշկ պետք է իր կատարած աշխատանքը մուտքագրի համակարգ, ուստի հաշվապահի ու օպերատորի հաստիքները դառնալու են աննպատակահարմար:

Միքայել Վանյանը ևս մեկ հարց բարձրացրեց: Մեծամորի ԲԿ-ին պատկանող շենքեր կան, որոնք չեն օգտագործվում, օրինակ՝ քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայի շենքը: Կառավարությանն առաջարկում է վաճառել չօգտագործվող շենքերը և այդ գումարով վերանորոգել ԲԿ-ն, փոխել պատուհանները, տեղադրել արևային մարտկոցներ, ինչը ԲԿ-ին կազատի «էլեկտրաէներգիայի ցավից»:

Նշենք, որ Մեծամորի ԲԿ-ն ընդհանուր սպասարկում է մոտ 21 հազար բնակչի, որից 11 հազարը՝ շրջակա գյուղերի բնակիչներ են:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,