«Իհարկե հաշվեհարդար է, Սերժ Սարգսյանը չպահեց խոստումը». Ալեք Ենիգոմշյանը՝ «Սասնա ծռերի» մեղադրանքները խստացնելու մասին

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը factor.am-ի հետ զրույցում «քաղաքական հաշվեհարդար» է համարում «Սասնա ծռեր» խմբին ներկայացված մեղադրանքների խստացումը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին իշխանությունը ի դեմս այն ժամանակվա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ու ԱԱԾ պետի, խոստացավ մեղմ պատիժ, եթե «Սասնա ծռերը» կամովին հանձնվեն, սակայն վերջին շրջանում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ներկայացված մեղադրանքները խստացվեցին, ու գործը գնաց դատարան։
«Ավելացնեմ, որ նման արտահայտություն ունեցել էր նաև Սերժ Սարգսյանն անձամբ։ Ինչպես մյուս խոստումները, դա էլ իրականություն չդարձավ, սակայն չեն կարող այդ խոստումներն անտեսվել, այդ հարցերի պատասխանը պետք է տրվի»,- ասում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամն ու հավելում. «Իհարկե հաշվեհարդար է և՛ տղաների նկատմամբ, և՛ ժողովրդի նկատմամբ, և՛ երկրի նկատմամբ»։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ «Սասնա ծռեր» խմբի գործով «իրավական դատավարություն չի լինելու և վճիռը լինելու է քաղաքական»։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամը նաև վստահ է, որ առաջիկայում կլինեն նոր «Սասնա ծռեր», որոնք որևէ կապ չեն ունենա ներկա «Սասնա ծռեր» խմբի հետ, քանի որ ընդվզման մթնոլորտը ու երկրի իրավիճակը չի փոխվել։
«Մեկ տարի առաջվա ապստամբությունը շատ բան տվեց և նախևառաջ Արցախի դավաճանական ծրագրի տապալման հարցով ծանրակշիռ դերակատարություն ունեցավ, նաև՝ ամրացրեց ընկալումը, որ քաղաքացու ընդվզումը միակ ճանապարհն է մնացել իրավիճակ փոխելու»,- նշում է Ենիգոմշյանը։
Նա չի կասկածում, որ «Սասնա ծռերի» դատավարությունը կվերածվի քաղաքական հայտարարությունների հարթակի, վաղ թե ուշ «քաղաքական պահանջ կդառնա «Սասնա ծռերին» ազատ արձակելը»։
Մանրամասները դիտեք factor.am-ի հետ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հարցազրույցում:
Մարինե Խառատյան

 

factor.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,