Մենք մեր կորած եղբայրներին գտնելու ենք: Հաղթելու ենք. Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահի առաջին կոչը Թուրքիայի հայությանը

Պոլսո Հայոց պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Արամ Աթեշյանի հրաժարականից հետո Ստամբուլի հայ համայնքին ուղղված իր առաջին ուղերձում հատուկ շնորհակալություն է հայտնել Թուրքիայի հայությանը՝ ցուցաբերած համառ դիմադրության ու անկոտրում կամքի համար:

Բեքչյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արամ Աթեշյանի հրաժարականը հնարավոր դարձավ միմիայն պոլսահայ համայնքի ճնշման ու պայքարի շնորհիվ:

Նորընտիր տեղապահը նշել է, որ այսուհետ Պոլսի հայ համայնքի համար նոր պատմական ժամանակաշրջան է սկսվում, և լուծվելիք խնդիրները թեև շատ են ու բարդ, սակայն բոլորի պարտքն են:

Արքեպիսկոպոս Բեքչյանի խոսքն՝ ուղղված ստամբուլահայ համայնքին, ներկայացնում ենք ստորև՝ որոշակի կրճատումներով:

«Ժողովուրդն ի վերջո բարձրացրեց և լսելի դարձրեց իր ձայնը: Համայն աշխարհի հայության շրջանում տարբեր պատճառներից ելնելով առանձնահատուկ դիրք գրավող Թուրքիայի հայ համայնքն այսուհետ շարունակելու է վճռական կերպով իր ապագան մեր ազգային ու կրոնական ավանդույթների վրա հիմնվելով կերտելու գործը: Դրանում որևէ կասկած չունեմ:

Դուք ձեզ լավագույնս դրսևորեցիք ձեր հավատքով ու համառությամբ:

Այս ամենին հասնելը հնարավոր է դարձել միմիայն մեր համայնքի անկոտրում կամքի շնորհիվ: Իմ պես դուք էլ մի մոռացեք սա: Ձեր հույսն ու հավատը երբեք չսպառեք:

Ես էլ ձեզ պես սովորական մահկանացու եմ: Առանց ժողովրդի չկա առաջնորդ, առանց հոտի չկա հովիվ:  Եվ դուք դարձաք ձեր հովվին ճանապարհ ցույց տվողը:

Մեր գործը դեռ նոր է սկսում:

Մի մոռացեք  մեր Սուրբ գրքի խոսքը՝ կորածների մեջ էր և հայտնվեց…

Մենք մեր կորած եղբայրներին գտնելու ենք: Հաղթելու ենք:

Մեծամասնության ձայնը Աստծո ձայնն է: Այժմ հերթը Պոլսո Հայոց պատրիարքի 85-րդ ընտրություններին է եկել:

Աստված բոլորիդ օրհնի և օգնական լինի»:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:

2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը, նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը, գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեքչյանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտոնապես ստանձնել է պատրիարքի տեղապահի պարտականությունները:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,