Մոնտենեգրո-Հայաստան. անչափ կարևոր ճակատամարտից առաջ

Մոնտենեգրո-Հայաստան. անչափ կարևոր ճակատամարտից առաջ

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 10-ին, Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Մոնտենեգրոյի ազգային ընտրանու հետ:

Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կայանալիք խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի ուղեգրի համար պայքարը շարունակելու տեսանկյունից այս հանդիպումը շատ կարևոր է երկու թիմերի համար էլ:

E խմբի մրցաշարային աղյուսակում Մոնտենեգրոյի ընտրանին այս պահին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 7 միավոր: Լյուբիշա Տումբակովիչի սաներն ընդամենը մեկ միավորով են գերազանցում Հայաստանի ազգային ընտրանուն:

Հավելենք՝ 7 միավոր ունի նաև Դանիայի ընտրանին, իսկ մրցաշարային աղյուսակը վստահ գլխավորում է Լեհաստանի հավաքականը՝ 13 միավորով:

Հայաստանի ընտրանին, որն անցկացրած վերջին 3 խաղում 3 հաղթանակ է տարել (ընտրական ՝ Հայաստան-Մոնտենեգրո՝ 3:2, Հայաստան-Ղազախստան՝ 2:0, ընկերական՝ Սենթ-Քիթս և Նևիս՝ 5:0), հոգեբանական որոշակի առավելություն ունի առաջիկա խաղից առաջ, ի տարբերություն Մոնտենեգրոյի հավաքականի, որը Հայաստանից կրած պարտությունից հետո, ընտրական փուլի շրջանակում պարտվել է նաև Լեհաստանի հավաքականին (1:2), նույն հաշվով հունիսի 4-ին զիջել է նաև Իրանի ազգային ընտրանուն ընկերական խաղում:

Հոգեբանական առավելության մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ընթացքում նշել է նաև ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ փաստելով, որ յուրաքանչյուր հաղթանակ վստահություն է ներշնչում և մեծացնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Ի դեպ, ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում սա Արթուր Պետրոսյանի առաջին արտագնա հանդիպումն է լինելու: Պետրոսյանի նորամուտի խաղում հենց Մոնտենեգրոյի ընտրանու նկատմամբ տարած գերկամային հաղթանակը մինչ օրս չեն կարողանում մոռանալ ինչպես հայ ֆուտբոլասերները, այնպես էլ՝ չեռնոգորցիները, որոնց համար բավականին վստահ մեկնարկած ընտրական փուլից հետո անհաջողությունները սկիզբ առան Երևանում կրած այդ անակնկալ պարտությունից հետո:

Հայաստանի հավաքականն արդեն ապացուցել է, որ Երևանում գրանցված հաշիվը լոկ պատահականության արդյունք չէր: Եվ մնում է հուսալ, որ վերջին խաղերում ունեցած հաջողություններն ու Պետրոսյանի  էլ ավելի մեծ փորձը հավաքականի ղեկին, իրենց արդյունքը կտան նաև այս կարևոր խաղում:

Հետաքրքրական է, որ Մոնտենեգրոյի հավաքականն իր պատմության ընթացքում երբեք հաղթանակ չի տարել հունիս ամսին: Ինչ վերաբերում է թիմի վերջին հանդիպումներին, ապա պետք է նշել, որ վերջին 3 խաղում Տումբակովիչի սաները 7 գնդակ են ընդունել սեփական դարպասը:

Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչն էլ, խոսելով առաջիկա խաղի մասին, նշել է, որ իրենք ամեն ինչ պետք է անեն անհաջող հանդիպումների շարքն ընդհատելու համար.

«Վերջին հանդիպումներում չափազանց վատ ֆուտբոլ ենք ցուցադրել, որի համար պատասխանատու ենք բոլորս»,- ավելացրել է նա:

Իսկ հիմա, ավելի մանրամասն այն մասին, թե ինչ կարծիքներ են հայտնել երկու թիմերի գլխավոր մարզիչները՝ նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում.

Արթուր Պետրոսյան. «Շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասում։ Իհարկե ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։

Իմ կարծիքով` այս տասը օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։

Առանց Մխիթարյանի թիմը ոչ մի միավոր չի՞ վաստակել. Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Մխիթարյանից։ Կարծում եմ, այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»:

Լյուբիշա Տումբակովիչ. «Դատելով հայերի հայտարարություններից՝ երևում է, որ նրանք շատ վճռական են տրամադրված, և դա մեզ համար կարող է մեծ մոտիվացիա լինել:

Լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, ունենք մեր նպատակն ու քայլում ենք դրան ընդառաջ: Բացի ունեցած որակներից, շատ կարևոր է, որ մենք լինենք շատ պրոֆեսիոնալ և պատասխանատու:

Հավատում եմ իմ թիմին: Կփորձենք առավելագույնս ցուցադրել մեր որակներն ու ավելի լավ հանդես գալ, քան՝ մրցակիցը»:

Նշենք՝ Հայաստանի ազգային ընտրանին կորուստներով է մոտենում առաջիկա խաղին, ի տարբերություն մրցակցի, որի բոլոր առանցքային խաղացողները կազմ ու պատրաստ են սեփական հարկի տակ դիմակայել մեր ընտրանուն:

Վնասվածքների պատճառով առաջիկա հանդիպմանը չեն կարողանա մասնակցել հարձակվող Գևորգ Ղազարյանը, կիսապաշտպաններ Գոռ Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը, պաշտպան Հովհաննես Համբարձումյանը: Իսկ Էդգար Մալաքյանի մասնակցությունն այս խաղին հարցականի տակ է, չնայած վերջինս երևանյան մարզումներից մեկի ժամանակ ստացած վնասվածքից հետո որոշակիորեն ապաքինվել է և թիմի հետ գտնվում է Մոնտենեգրոյում: Խաղը բաց կթողնի նաև Վարազդատ Հարոյանը՝ որակազրկման պատճառով:

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը՝ ըստ Armsport.am-ի

Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Գաել Անդոնյան, Լևոն Հայրապետյան, Հրայր Մկոյան,  Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Ռուսլան Կորյան, Էդգար Մանուչարյան:

Համախմբման ժամանակը. բացառիկ օր, բացառիկ խաղ…

Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը: Բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում Մոնտենեգրոյին՝ վերջինի հաղթանակը գնահատելով 1.6 գործակցով: Ոչ-ոքին գնահատված է 3.6, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 6 գործակցով:

Ինչ խոսք, բալկանյան հավաքականը, խաղալով սեփական հարկի տակ, որոշակի առավելություն ունի, սակայն դա չի խանգարում հազարավոր հայ երկրպագուների հավատալու իրենց սիրելի հավաքականի հաղթանակին: Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Երևանում Հայաստանի հավաքականը գերկամային հաղթանակի հասավ Մոնտենեգրոյի նկատմամբ 3:2 հաշվով:

Այսօր տարվա այն բացառիկ օրերից է, որ ազգաբնակչությունը, անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից, համախմբվում է մեկ գաղափարի շուրջ, որի անունն է հաղթանակ: Բացի ֆուտբոլից, մեր ազգաբնակչությունը համախմբվում է թերևս պատերազմի ժամանակ:

Հայաստանի ազգային հավաքականը տարեկան անցկացնում է մոտ 10 հանդիպում, սակայն ոչ բոլոր հանդիպումներն են արժանանում հասարակության ուշադրությանը: Մասնավորապես ընտրական նախորդ փուլում Հայաստանի հավաքականն ուղղակի տապալվեց՝ վաստակելով ընդամենը երկու միավոր: Այսօրվա հանդիպումը չափազանց կարևոր է: Պաշտոնական վերջին երկու հանդիպումներում հաղթել ենք, և երկրպագուները հույս ունեն, որ Մոնտենեգրոյում հավաքականի վերելքը կարող է նոր թափ ստանալ, նոր հույսեր արթնացնել:

Այսօր հավաքականում առկա խնդիրների մասին խոսելու ժամանակը չէ: Ունենք այն, ինչ ունենք, և հիմա պետք է հույսներս դնենք այն տղաների վրա, ովքեր պայքարելու են «Գրադսկի» մարզադաշտում:

«Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ՝ այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են՝ «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը՝ Հենրիխին»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո հաղթել է երկու խաղում։

Բնական է, այսօր Հայաստանի ազգային հավաքականի շուրջ գոյացած էներգետիկայի գլխավոր «մեղավորներից» մեկը Մխիթարյանն է: Ֆուտբոլասերների զգալի մասը վստահ է, որ առանց Մխիթարյանի Հայաստանի հավաքականը չի կարող միավորներ վաստակել: Մխիթարյանը թիմի ավագն է, առաջատարը, լավագույն ռմբարկուն, բայց ինչպես նկատել է Արթուր Պետրոսյանը՝ ազգային հավաքականը պետք է լինի մեկ ամբողջություն՝ 11 ֆուտբոլիստներով:

«Առաջին արտագնա հանդիպումն է։ Կրկին անգամ ուզում եմ նշել, որ շտ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասվում։ Իհարկե, ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի, և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար»,- ավելացրել էր Պետրոսյանը։

Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է երկու պաշտոնական և մեկ ընկերական հանդիպում: Այդ բոլոր խաղերում մեր հավաքականը հաղթել է: Այսօր ընտրական Е ենթախմբում, բացի Մոնտենեգրո-Հայաստան մրցավեճից, կայանալու է ևս երկու հանդիպում: Ղազախստանը սեփական հարկի տակ մրցելու է Դանիայի, իսկ Լեհաստանը՝ Ռումինիայի հետ:

1in.am

 

Չեռնոգորիա – Հայաստան. Արթուր Պետրոսյանի առաջին արտագնա փորձությունը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 10-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում կհյուրընկալվի Չեռնոգորիայի թիմին:

Պատմություն

Սա Հայաստանի եւ Չեռնոգորիայի հավաքականների երկրորդ հանդիպումն է: Թիմերի միջեւ առաջին խաղը կայացել էր այս ընտրական փուլում: Երեւանում անցկացված խաղում հայկական թիմը 3:2 հաշվով հերոսական կամային հաղթանակ էր տարել 0:2-ից հետո: Դա նաեւ հայկական ֆուտբոլի լեգենդ Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Մրցաշարային դրությունը

Չեռնոգորիայի հավաքականը բավական հաջող էր սկսել ընտրական փուլը եւ  երրորդ տուրից հետո 7 միավորով E խմբի առաջատարն էր, սակայն Երեւանում կրած պարտությունից հետո պարտվեց նաեւ լեհերին եւ զիջեց դիրքերը: 5-րդ տուրից հետո E խմբում Լեհաստանն ունի 13 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 7-ական, Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական, իսկ Ղազախստանը՝ 2: 2 թիմերի համար էլ այս խաղում հաղթանակն ավելի քան կարեւոր է աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարում:

Նախորդ խաղերը

2 թիմերն էլ նախորդ խաղերն անցկացրել են 6 օր առաջ՝ հունիսի 4-ին: Չեռնոգորիայի հավաքականը Պոդգորիցայում ընկերական հանդիպում անցկացրեց Իրանի թիմի հետ եւ պարտվեց 1:2 հաշվով, իսկ Արթուր Պետրոսյանի թիմը Երեւանում 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի դարպասը: Այս խաղերն, իհարկե, անհամեմատելի էին: Եթե Չեռնոգորիան մրցեց Ասիայի լավագույն թիմերից մեկի՝ Իրանի ամուր հավաքականի հետ, ապա Սենթ Քիթսի եւ Նեւիսի խաղամակարդակի թիմ, երեւի, դժվար է գտնել Եվրոպայում: Հայաստանի հավաքականը հաղթեց գրեթե առանց դիմադրության եւ ինչ-որ տեղ հնարավոր չեղավ միանշանակ պատկերացում կազմել, թե ինչ վիճակում է թիմը: Չեռնոգորիայի հավաքականը պարտվել է վերջին 3 խաղերում եւ հայտնվել տեղական մամուլի քննադատության թիրախում:

Վիճակագրությունը եւս Չեռնոգորիայի թիմի կողմը չէ: Նշվում է, որ հունիս ամսին Չեռնոգորիայի հավաքականը երբեք հաղթանակ չի տարել:

Կորուստներ

Չեռնոգորիայի հավաքականի բոլոր առանցքային խաղացողները պատրաստ են խաղին, իսկ ահա Հայաստանի հավաքականի կորուստները լուրջ են: Հանդիպմանը չեն կարող մասնակցել կիսապաշտպաններ Գեւորգ Ղազարյանը, Գոռ Մալաքյանը, Դավիթ Մանոյանը եւ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որոնք վերականգնվում են վնասվածքից: Վարազդատ Հարոյանն էլ հանդես չի գա որակազրկման պատճառով: Եթե մյուս ֆուտբոլիստներին փոխարինող գտնելը հնարավոր է, ապա Գոռ Մալաքյանի բացակայությունը, միանշանակ, զգալ կտա հենակետայինի գոտում: Մալաքյանի բացակայության պայմաններում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հերնիխ Մխիթարյանը կարող է նահանջել հենակետային կիսապաշտպանի դիրք, ինչը նկատելիորեն կնվազեցնի Հայաստանի հավաքականի հարձակողական ներուժը:

Հրաշալի մարզավիճակում գտնվող Ստեւան Յովետիչը 

Ասել, որ Ստեւան Յովետիչը Չեռնոգորիայի հավաքականի ընդգծված առաջատարն է, կստացվի ոչինչ չասել: Յովետիչը Չեռնոգորիայի թիմի համար նույնքան կարեւոր է, որքան Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի համար:

Միլանյան «Ինտերի» հարձակվողն այս մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց իսպանական «Սեւիլիայում» եւ թողեց հրաշալի տպավորություն: Յովետիչը շատ լավ վիճակում է եւ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի հավաքականի պաշտպանների համար:

Արթուր Պետրոսյանի հաղթական ուղին

Արթուր Պետրոսյանը ոչ միայն վերադարձրեց հավատը Հայաստանի հավաքականի հանդեպ, այլեւ ռեկորդ սահմանեց ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում: Գյումրեցի մասնագետն առաջին մարզիչն է, որը Հայաստանի հավաքականում մեկնարկում է 3 անընդմեջ հաղթանակներով: Իհարկե, այս փորձությունն ամենաբարդն է լինելու Պետրոսյանի համար, քանի որ հավաքականը նրա գլխավորությամբ անցկացնելու է առաջին արտագնա հանդիպումը:

Ստադիոնը

Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնն ունի 17 հազար աթոռ: Այստեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Բուդուչնոստ» ակումբը: «Գրադսկին» գուցե եվրոպական չափանիշնորով լավագույն ստադիոններից չէ, սակայն Չեռնոգորիայի հավաքականի խաղերում այստեղ միշտ լինում է թեժ մթնոլորտ: Հաշվի առնելով, որ տոմսերի գները բավական ցածր են (4-12 եվրո), ստադիոնում Չեռնոգորիայի հավաքականի երկրպագուների պակաս չի զգացվի: Նախօրեին «Գրադսկիում» նախախաղային մարզում է անցկացրել նաեւ Հայաստանի հավաքականը: Մարզումն անցել է բարձր տրամադրությամբ:

Բուքմեյքերների ֆավորիիտը

William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Բալկանյան թերակղզին ներկայացնող թիմին, որի հաղթանակը գնահատում է 1.62 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը 6.00 է, իսկ ոչ ոքին՝ 3.60:

ԱԱ-2018, ընտրական մրցաշար

E խումբ, 6-րդ տուր

Չեռնոգորիա – Հայաստան ՝ ժամը 22:45-ին (Երեւանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Կեւին Բլում (Հոլանդիա)

Հայաստանի հավանական մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Արտակ Գրիգորյան, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Մանուչարյան, Ռուսլան Կորյան:

Դավիթ Եղիազարյան

NEWS.am Sport

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,