Եթե վարչապետն այսպես շարունակի, ինձ նման բարեկամից կստանա լավագույն թշնամի. արձակագիր

Հայտնի արձակագիր Լեւոն Ջավախյանը չափազանց վտանգավոր է համարում լեզվի պետական տեսչությունը լուծարելու` կառավարության մտադրությունը: Նա դա որակում է որպես քայլ` ընդդեմ հայոց լեզվի:

Ջավախյանին օրեր առաջ հանդիպեցինք Վերնիսաժում: Նա այստեղ աշխատում է: Արծաթ է վաճառում: Ինչպես մի առիթով ասել է` Հուդան 30 արծաթով հոգին ծախեց, ինքը այդ արծաթն է ծախում` հոգին պահպանելու համար:

Մեր զրույցում գրողը մտահոգություն էր հայտնում լեզվի պետական տեսչությունը լուծարելու փորձերի մասին, որն էլ ներկայացնում ենք ստորեւ:

– Հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Դպրոցներ են փակում, որ իրենք չեն բացել, գյուղեր են փակում, որ իրենք չեն հիմնել, հիմա էլ բանը հասել է լեզվի պետական տեսչությանը: Եթե ֆինանսական վիճակը վատ է, պիտի որ արգելեն մարդկանց հաց ուտելը, ինչպես որ ծխելն են ուզում արգելել:

Լեզուն ի՞նչ բան է: Լեզուն հայրենիք է: Հայրենիքը նախ հողային տարածքն է, դրա վրայի մարդը, ապա` լեզուն: Այդ երեքի հանրագումարն է հայրենիքը: Սրանք արդեն ուզում են հայրենիքի մի մասը թրատեն, սրատեն: Մեր ժողովրդի մեջ առաջ ռուսամոլություն էր, հիմա նաեւ եվրոպամոլություն ու ամերիկամոլություն: Եթե լեզվի տեսչությունը չլինի, վերահսկողություն չիրականացվի, շատերն իրենց գործունեության մեջ, իրենց գրագրություններում,  բիզնեսում տուրք պիտի տան անգլերենին կամ ռուսերենին:

Ես չեմ թաքցնում, որ վարչապետի նկատմամբ համակրանք եմ ունեցել եւ իմ հարցազրույցներում էլ արտահայտել եմ, բայց, ինչպես հասկանում եմ, իր բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում, մարդը այդ առումով կարծես բարդույթներ ունի, եւ եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամին: Լեզվի տեսչությունը չի՞ աշխատում, աշխատեցրու: Դա խիստ անհրաժեշտ կառույց է: Իմ կարծիքով լեզվի տեսչությունը ոչ թե պիտի լուծարել, այլ իրավունքները ընդլայնել, որովհետեւ հայերենը վտանգված է առավել, քան երբեւէ. հեռուստատեսությունը հայերեն չի խոսում, պատգամավորները մոռացել են` հայերենն ինչ բան է, ամենուր ոչ հայերեն գրություններ են: Լեզուն տեր պիտի ունենա եւ այդ տիրությունը պետք է լեզվի տեսչութունն անի:

Երբ ասում են` նրա իրավունքներն ու պարտականությունները տրոհում են տարբեր կազմակերպությունների միջեւ, ապա փաստորեն փոշիացնում են լեզվի պահպանման միջոցները: Իսկ որտեղ փոշիացումն է, այնտեղ էլ վերացումն է: Դա հոգեւոր պահպանության հարց է: Առանց հոգու մարդը անասուն է: Մարդու հոգին դրսեւորվում է լեզվի միջոցով: Լեզվի տեսչությունը լուծարելը մեծ վնասներ կբերի հայ ազգին: Դա շատ կարեւոր բան է: Թեթեւամիտ մտածողությունն այստեղ անթույլատրելի է: Մարդը բերանը բացում է, խելքը երեւում է: Այսօր մեր կառավարությունը բերանը բացել է, եւ ես տեսնում եմ նրա խելքի վատ դրսեւորումերը, չարագույժ նպատակները:

Պարոն Ջավախյան, լեզվի տեսչությունը լուծարելու նախաձեռնությունն, իհարկե, վարչապետինը չէ, մինչեւ իրեն հասնելն էլ որոշակի գործընթաց կար, բայց նա փաստորեն դրան դեմ չեղավ, եւ գործնական քայլեր սկսեցին իրականացվել իր պաշտոնավարման ընթացքում:

– Այդ դեպքում` ավելի վատ: Դուրս է գալիս` այնպես, ինչպես հեղափոխություններ են ներմուծում եւ արտահանում, այդպես էլ գաղափարախոսություններ են դրսից ներմուծում եւ այլն: Մի կողմից արեւմուտքն իրենն է թելադրում, արեւելքն էլ իր ռուսական լեզուն է առաջ մղում: Մեկը ձգտում է, որ մենք իր համար ֆորպոստ լինենք, մյուսը` գաղութ` իրենց արտահանած գաղափարական քաղաքականությամբ: Մեր լեզուն էլ որբ ու անտեր է մնացել: Մինչդեռ հայերենի պահպանությունը սահմանադրական պահանջ է: Այդպիսի մտայնությամբ մենք Սահմանադրությունն ենք դրժում: Եթե վարչապետի նախաձեռնությունը չէ, ինձ թվում է` վերեւից եկող պահանջներ են: Առավել քան վերեւից, որը բարձր է նույնիսկ նախագահի մակարդակից:

Լեզվի տեսչությունը լուծարելը ֆինանսական սուղ վիճակի պատճառով գոտիները ձգել չէ: Սա արդեն ուրիշ բան է: Չգիտեմ` իրենք զգո՞ւմ են, թե չէ, բայց դա բավականին լուրջ հարց է: Ես էլի եմ կրկնում` հայրենիք` նշանակում է հողային տարածք, մարդ եւ լեզու: Եթե դրանցից մեկը խաթարվեց, ուրեմն կարող ենք ասել, որ նրանք հայրենիքի դավաճան են, ներսից պայթեցնում են հայ ազգը:

– Իրենք պնդում են, որ լեզվի տեսչության լուծարումը լեզվի դեմ չէ, եւ լեզվի պահպանման եւ զագացման համար վերահսկողությունը լավագույն միջոցը չէ:

– Ուրեմն դրանք ժողովրդին կամ ինձ նման մտավորականին` գրողին, ապուշի տե՞ղ են ուզում դրած լինել: Այդքան խելոք են, հա՞ : Մեզ համոզում են, հա՞: Ասենք թե` ժողովրդին համոզեցին: Բա իմ մակարդակի մարդկա՞նց ինչպես պիտի համոզեն: Իսկ եթե մեր մակարդակի հետ հաշվի չեն նստում, ուրեմն մենք էլ իրենց ասելու բան չունենք: Ինձ հավասարի հետ եմ ես խոսում:

Աննա Զախարյան

05/06/2017 schedule18:57

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,