September 18, 2021

Հայաստանի տնտեսությունն այլևս դրական շոկեր չի ապրի. ԱՄՀ

Հայաստանի տնտեսությունում նկատվող զարգացումները հիմնականում համահունչ են այն կանխատեսումներին, որոնք արել է Արժույթի միջազգային հիմնադրամը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան՝ նշելով. «Կանխատեսումը նույնն է, ինչ արել էինք մայիսին՝ 2010թ. համար 4,8 տոկոս։ Նաև մինչև տարեվերջ ակնկալում ենք գնաճի ցուցանիշի նվազում»։

Ըստ մասնագետի՝ տարվա առաջին եռամսյակում արձանագրված Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերին փոխարինելու են եկել ավելի կայուն, սակայն ավելի ցածր աճի ցուցանիշներ։ «Առաջին եռամսյակում շատ բարձր աճ արձանագրվեց՝ պայմանավորված մի շարք արտառոց հանգամանքներով։ Հիմա աճը պարզապես նորմալացել է»,- բացատրեց նա։

Տոլոսայի խոսքով՝ թեև ճգնաժամն ավարտվել է, սակայն դա չի նշանակում, որ ապագայում դժվարություններ չեն լինի. «Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատշաճ քաղաքականություն որդեգրի, որպեսզի պատշաճ արձագանքի մարտահրավերներին»։

Ըստ նրա՝ ապագայում հանգամանքներն էապես տարբերվելու են, և այն երևույթները, որոնք տեղի ունեցան Հայաստանի տնտեսությունում 2003-2008թթ., այլևս չեն կրկնվի։ «Նկատի ունեմ մի շարք դրական շոկերը, որոնք տեղի ունեցան Հայաստանի տնտեսության պարագայում 2003-2008թթ.։ Ապագա հատվածում իրավիճակը տարբերվելու է»,- ընդգծեց նա։

Մասնագետի խոսքով՝ ԱՄՀ ծրագրով նախատեսված է, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը նվազելու է։ «Մեր սցենարներում պետական պարքտի մակարդակի հետ կապված որևէ ռիսկ չենք տեսնում»,- ասաց նա։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4