September 24, 2020

Հարցուպատասխան

www.nikolpashinyan.com ինտերնետային կայքում շարունակվում է կայքի այցելուների եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հարցուպատասխանը: Ստորեւ ներկայացնում ենք Տրդատի հարցը եւ Նիկոլի պատասխանը.

ՀԱՐՑ ՏՐԴԱՏԻՑ – Նիկոլ, չե՞ք կարծում, որ Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը, որի մի մասն ենք կազմում նաեւ ես եւ Դուք, հոգեպես պատրաստ կլինի դրան: Այսինքն, իր համար իշխանափոխությունը, հեղափոխությունը կծառայեն իր երազի երկիր Հայաստանի ստեղծմանը: Արդյո՞ք մեր ժողովուրդը ցանկանում է, որ իսկապես այն վայրենի բարոյահոգեբանական մթնոլորտը, որ տիրում է մեզանում, վերանա: Այո, մեզանում, ոչ միայն իշխանությունների ներսում: Միայն իշխանությունը փոխելով չէ, որ երկիրը առաջ կընթանա, դրա համար պետք է որ իր հիմնական ռեսուրսը` ժողովուրդը, ցանկանա հարատեւ հոգեւոր բարիքներ: Ժողովուրդը պետք է իշխանությանը ստիպի փոխվել: Չէ՞ որ նույն ընտրակեղծարարները մեր ժողովրդի մի մասն են, ասել է թե` մեզանից մեկը, չէ՞ որ օլիգարխը եւ նախարարը մեզանից մեկն են: 

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ – Սիրելի Տրդատ. Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» բանաստեղծության մի արտահայտություն հսկայական ազդեցություն է գործել իմ քաղաքական եւ քաղաքացիական գիտակցության վրա: Նկարագրելով մահվան տեսիլը կամ, ավելի ճիշտ, մահաշունչ իրականությունը, Չարենցը հնչեցնում է հարցերի հարցը. «Եվ արդյոք ո՞վ է երազել այսքան դաժան»: Անհասանելի խորք ունեցող այս նախադասությունը մեզ բերում-կանգնեցնում է այն գիտակցության առաջ, որ ցանկացած իրականություն ինչ-որ մեկի, կամ ավելի ճիշտ` մարդկանց երազանքի արգասիքն է: Նաեւ այսօրվա Հայաստանը: Այս արձանագրումը, սակայն, նոր հարցեր է առաջացնում եւ մեզ պարտադրում է պատասխանել շատ ուղիղ մի հարցի. մի՞թե մեր, այսինքն` ՀՀ քաղաքացիների երազանքներն այնքան պիղծ են, որ մենք ունենք այսպիսի պիղծ իրականություն: Դրական պատասխան տալու գայթակղությունը շատ մեծ է: Բավական է մի էքսպերիմենտ անել, մի ամբողջ օր հետեւել միջին վիճակագրական հայաստանցուն, լսել, թե նա ինչի շուրջ է խոսում իր ընտանիքում, աշխատավայրում, շրջապատում, արձանագրել, թե նա ում հետ է շփվում եւ ինչ նպատակներով, եւ այդ մի օրվա ընթացքում հավաքած ինֆորմացիայի հիման վրա կարելի է մոդելավորել մեր իրականությունը, այսինքն` տրամաբանական եւ ֆունկցիոնալ կապեր տեսնել միջին վիճակագրական հայաստանցու գործողությունների, նրա գլխում ապրող մտքերի եւ այսօր հաստատված իրականության միջեւ: Այսօրվա Հայաստանը, այո, մեր հավաքական երազանքի արգասիքն է, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրն ապրում է դիմացինին ծնկի բերելու մոլուցքով: Խոսքս ամենեւին քաղաքականության մասին չէ, այլ առօրյա կյանքի: Եվ այս տրամաբանությամբ առաջնորդվում է ամենավերջին թշվառից մինչեւ ամենավերջին օլիգարխը: Նայած` ում ատամը ո՛ւմ կբռնի ծամելու համար: Հայաստանում այսօր լկտիության, բոզության, շնության, անբարոյականության, բռնության մրցավազք է փոթորկվում, եւ երկրում էլիտա է համարվում այս ասպարեզում առավել մեծ հաջողությունների հասած խավը: Էս խավն էլ, արդեն, երազանք է պարտադրում զանգվածին: Ասենք, եթե հեռուստատեսությամբ մեծագույն հաջողություններ է արձանագրում հնարավորինս մեծ թվով պաշտոնյա-օլիգարխների սեռական բնույթի ծառայություններ մատուցած երգչուհին, կամ հաղորդավարուհին, նրա օրինակը դառնում է հաջողության բանաձեւ, ու եթե այդ բանաձեւը սկսում է գործել էլի մեկ-երկուսի դեպքում, դա արդեն սկսում է դառնալ երազանք: Նույնը վերաբերում է նաեւ օլիգարխների, պաշտոնյաների, դեպուտատների, ընդհուպ` հոգեւոր իշխանության «հաջողության» բանաձեւերին: Յուրաքանչյուր դեպք, իհարկե, ունի իր առանձնահատկությունը: Բայց հիմա ի՞նչ. մի՞թե ես կարծում եմ, որ մեր ողջ հանրությունը տրվել է այս բանաձեւին: Քավ լիցի, ոչ ամենեւին: Անբարոյականության այս հաղթարշավը սեփական աչքերով տեսնող, բայց այդպես ապրելու տարբերակը մերժող խավն, իր առաջ ապրելու եւ գործելու դաշտ չտեսնելով, ներփակվում է իր մեջ, չուզենալով մասնակցել այդ մեծ պղծությանը` մեկուսանում է, հուսահատվում: Իսկ հուսահատության ամենամեծ հետեւանքն այն է, որ այդ վիճակում հայտնված մարդը դադարում է երազել: Եւ արդյունքում, երբ հանրության ստվար զանգվածը դադարում է երազել, տիրապետող է դառնում պոռնկաբարո երազանքը, որովհետեւ այն չի ունենում որեւէ հակակշիռ կամ բավարար չափով ծանր հակակշիռ:

Սիրելի Տրդատ, երբ մենք սկսում էինք մեր Շարժումը, մեր ամենամեծ նպատակը հենց դա էր. մարդկանց օգնել, դրդել, աջակցել, որ նրանք սկսեն երազել, երազել Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մասին: Մեր խնդիրը նաեւ օգնելն էր` ստիպել պոռնկաբարո երազանքներին տրվածներին, որ փոխեն իրենց երազանքը եւ սկսեն երազել Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մասին: Այս ճանապարհին մենք մեծ հաջողություններ գրանցեցինք: Բայց երազանքը շատ խոցելի է, եւ այն հեշտ է ցրել: Մարտի 1-ը հենց այդ երազանքի դեմ էր ուղղված, պոռնկաբարո իշխանությունը Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մեր երազանքն էր ուզում սպանել: Ճիշտ է` ավազակապետությունը կարողացավ բազմաթիվ մարդկանց վերադարձնել հուսահատության վիճակին, բայց երազանքը սպանել չկարողացավ, եւ այն ապրում է մեր մեջ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների գիտակցության մեջ, ովքեր պղծված չեն կարիերիզմի եւ փառամոլության ախտով:

Սիրելի Տրդատ, կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ այդ երազանքը մենք չենք զիջի եւ դրանով կապրենք այնքան ժամանակ, մինչեւ այն չդառնա բավարար թվով ՀՀ քաղաքացիների սեփականը, մինչեւ չհամոզվենք, որ ՀՀ քաղաքացին այդ երազանքը չի զիջի որեւէ մեկի` թեկուզ սեփական կյանքի գնով: Լավագույն մաղթանքներս, սիրելի Տրդատ:

Նիկոլ Փաշինյան

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4