Ընտրությունները կեղծելով ոչնչացվեց «Ազգ-բանակի» հեռանկարը

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Անդրանիկ Քոչարյանը:

Պարոն Քոչարյան, «ազգ-բանակ» կոնցեպտը, որի մասին ազդարարեցին նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որքանո՞վ է մեր իրականության մեջ հասունացած և որքանո՞վ է հիմնված միջազգային փորձի վրա: Այս օրերին բերվում է իսրայելական փորձի օրինակը:

-Հայտարարել են «ազգ-բանակ» կոնցեպտի մասին, իսկ էության մասին որևէ մեկը նկարագրե՞լ է երեկ, հետևել եմ հնչած ելույթներին, էության մասին չեմ լսել: Իսկ «ազգ-բանակ» հասկացությունն ունեցել ենք նաև 90-ականներին, մեր ողջ երկիրը՝ Արցախը և Սփյուռքը մասնակից է եղել, և մենք ստեղծել ենք բանակ, այնպես չէ, որ բանակը ստեղծվել է զորակոչիկների և պրոֆեսիոնալ զինվորականների մասնակցությամբ: Այդ պրոցեսին մասնակցել է մեր ժողովուրդը՝ տարբեր ձևաչափերով: Ես ուրախանում եմ, որ երկրորդ անգամ է փորձ արվում դա իրականացնել, քանի որ առաջին անգամ ունեցել ենք մեծ հաջողություն՝ ստեղծվել է Հայոց բանակը, որն ունեցել է հաղթանակներ, որի արդյունքում ունեցել ենք նաև զինադադար՝ թեև խախտվելով, այնուամենայնիվ մինչև հիմա պահպանվում է:

-Պարոն Քոչարյան, կարծում եք տարբե՞ր է նախկին և այժմյան «Ազգ-բանակ» հայեցակարգերի էությունը:

-Նախ պետք է հասկանանք՝ ինչ են ուզում ներդնել: Պաշտպանության նախարարը ներկայացրեց երկու ծրագրերի՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի էությունը: Իմ կարծիքով՝ ոչ թե «ազգ-բանակ» կոնցեպցիայի մասին էր խոսքը, այլ կոնկրետ ծրագրեր են, որոնք իրականացնելու դեպքում այն բացը կամ այն դեֆիցիտը որ կա՝ թե՛ զորակոչի, թե՛ սպայակազմի հետ կապված, պետք է լուծել այս այլընտրանքային ծրագերի շրջանակներում: Իսկ «ազգ‑բանակ»-ը միայն այսպիսի ալտերնատիվ ծրագրերով չի պայմանավորված, այլ ավելի խորքային պրոցեսներով է պայմանավորված, որոնք պետք է երկրում իրականացվեին այն ճանապարհով, որը պետք է բերեր համախմբման, մեծ մոբիլիզացիայի, որի արդյունքում պետք է լուծվեր կոնկրետ խնդիր: 90-ականների մոբիլիզացիան նաև այն ժամանակվա ղարաբաղյան շարժման նկատմամբ մեծ վստահության արդյունքն էր, որը հնարավորություն տվեց բանակ ստեղծելու:

Պարոն Քոչարյան, 3 տարի ծառայություն՝ 5 մլն դրամի դիմաց, սա կարո՞ղ է գայթակղիչ լինել երիտասարդի համար, ով զորակոչվելու է բանակ:

-Ինչ-որ մի շերտի համար դա կարող է գայթակղիչ լինել, հատկապես սոցիալական անապահով շերտի համար: Գաղտնիք չէ, որ այսօր առաջնագծում ծառայում են անապահով խավի երեխաները: Կցանկանայի, որ պաշտպանության նախարարը ուշադրություն դարձներ առաջնագծի հիմնարար փոփոխությունների խնդրին, որի մասին ապրիլյան դեպքերից հետո շատ է խոսվում: Ես էլ եմ խոսել այդ մասին, որ առաջնագծի 18 տարեկան զորակոչիկներին պետք է փոխել պրոֆեսիոնալ բաղադրիչով, պետք է այդտեղ ծառայություն իրականացնեն այն մարդիկ, ովքեր ունեն ծառայության փորձ, այդպիսի հսկայական ռեսուր ունենք: Զորացրվելուց հետո շատերին, եթե այսօր էլ առաջարկվեր մասնակցություն՝ նոր զորամասերի ձևավորման ձևաչափով, կարծում եմ, կհամաձայնեին, եթե առաջարկվեր համապատասխան սոցիալական փաթեթ և ընտանիքի սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն տրվեր:

-Այսինքն՝ այն, ինչն այս տարիներին բաց է մնացել. նույնիսկ պայմանագրային զինծառայողների աշխատավարձի մասին բավականին սուր քննադատություն հնչեց:

-Ավելին ասեմ, այս գործընթացներն սկսելուց առաջ կարելի էր մտածել առաջնագծի թիկունքում գնտվող բնակավայրերի վերականգնման մասին: Գաղտնիք չէ, որ ազատագրված տարածքներն այսօր էլ մնում են ամայի վիճակում, եթե այնտեղ բնակավայրերը դարձնեինք ամրացված շրջաններ, կնմանվեր Իսրայելի ամրացված բնակավայրերին, որտեղ բանակը և կյանքը միաձուլվում են և իրոք խնդիր են լուծում, և այստեղ ազգը շատ մոտենում է բանակին, և եթե խնդիրը ազգի, մեր ժողովրդի մասնակցությունն է բանակաշինությանը, բանակին թիկունք հանդիսանալուն, «ազգ-բանակ»-ը պետք է ներառի նաև այսպիսի բաղադրիչներ, որը չեմ տեսնում: Թե ինչ է «ազգ-բանակ»-ը, լավ կլինի պարզաբանեն, որ ժողովուրդն էլ հասկանա՝ ինչին պետք է մասնակցի, և ինչ մարդկային և նյութական ռեսուրսով պետք է իրականացվի: Պետք է այնպես անել, որ մեր քաղաքացին հավատա այդ ծրագրերին և հավատա, որ պահպանվելու է արդարության սկզբունքը, այդ սկզբունքի բացակայությունն է, որ թերահավատություն ներշնչում:

-Նկատի ունեք նաև այն, որ առաջնագծում որևէ պաշտոնյայի որդի չի՞ ծառայել:

-Ես կցանկանայի, որ պաշտպանության նախարարը երեկ ասուլիսին պատասխաներ հարցին, թե որ պաշտոնյաների երեխաներն են ծառայում առաջնագծում, կամ այդպիսի տվյալներ չուներ, կամ չցանկացավ պատասխանել, ճիշտ կլիներ՝ անուններ նշեր, դա հպարտանալու տեղ կտար:

Առաջնագծի վերաբերյալ մեր պաշտպանության նախարության քաղաքականությունը պետք է վերանայվի, խիստ ռեֆորմների կարիք է զգացվում: Իհարկե այս ծրագրերում դրական տարրեր կան: «Պատիվ ունեմ» ծրագրում խոսվում է բուհական համակարգի ներգրավման հնարավրության մասին, ժամանակն է վերականգնել բուհերի ռազմական ամբիոնները:

-Մի քանի ամիս առաջ 1000 դրամների հետ կապված բավականին մեծ աղմուկ բարձրացավ, հենց այդ ժամանակ խոսվեց «ազգ-բանակ»-ի մասին, խորքում նպատակը ո՞րն էր:

-Խորքում ես փիար եմ տեսնում, փիարը շատ է: Մարզահամերգային համալիրում հավաքել էին մտավորականներին, լավ կլիներ դրանից առաջ փոքր, պրոֆեսիոնալ խմբերում քնարկումներ լինեին, դրա արդյունքում կծնվեր «ազգ-բանակ» ծրագիրը, միայն 1000 դրամ հավաքելով՝ հաստատ չմոտեցանք այդ ծրագրին, ժողովուրդը չպետք է օտարված լիներ այս պրոցեսներից: Այս տարիների ընթացքում, ընտրությունից ընտրություն, ինչպես Ս. Սարգսյանն է ուզում տեսնել «տիրոջը՝ ուր է տերը, պետք է վերականգնենք դա, մենք «տիրոջը» ամեն ընտրություններից հետո ոչնչացրել ենք: Այդ «տիրոջը» պետք է հնարավորություն տալ տեր զգալ ծառ ու թփին, իր տանը, երկրին, իր երեխայի ապագային: Այդ զգացումը 90-ականներին կար, այդ զգացումը պետք վերականգնենք: Իսրայելը «ազգ-բանակ»-ը հաջողությամբ իրագործել է՝ իր քաղաքացուն մասնակից դարձնելով պետության կայացման գործընթացին: Պետք է մտածել բանակի և զինվորականության բարոյական կոդեքսի մասին: Պաշտպանության ոլորտի պատասխանատուները պետք է ցույց տան, թե ինչպես են պատկերացնում «ազգ-բանակ»-ը, բանակաշինությունը:

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց ի՞նչ ունենք առաջնագծում, լուրջ վերանայումներ արվե՞լ են:

-Կարծում եմ՝ վերանայումներ արվել են, տեխնիկական միջոցներն ավելացվել են, բայց դա ա՞յն է, որ ապագայում մեր առաջնագծի զինվորին հնարավորություն է տալու լինել պաշտպանված. ոչ, դրա համար մեծ ջանքեր պետք է ներդնել, առաջին հերթին պետք է լուծել զինվորի անվտանգությունն ապահովող ինժեներական խնդիրը: Դեռևս տեսնում ենք անվադողեր և նրանց հետևում ծառայող զինվորներ. վաղուց դրանք պետք է փոխարինվեին երկաթբետոնե կոնստրուկցիաներով:

Տեսեք՝ Օպերայի մոտ Խաչատրյան Գագոն ինչ ամրացված սրճարան է կառուցում, եթե այդպես ամուր պաշտպանված լիներ մեր առաջնագիծը, նույնիսկ ատոմային ռումբը չէր վնասի մեր զինվորին:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,