September 24, 2020

Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ

-Պարո´ն Մանուչարյան, ի՞նչ գնահատական կտաք ՀՀՇ 16-րդ համագումարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, և հատկապես այն հատվածին, որտեղ նա ասում է, թե առանց ղարաբաղյան հարցի լուծման, առանց հայ-թուրքական հարաբերությունների՝ Հայաստանը տնտեսական և ժողովրդագրական զարգացում չի ունենա՝ անկախ նրանից, թե ում ձեռքին կլինի կառավարման ղեկը:

-Հարցը շատ ավելի տարողունակ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Փորձեմ կանգ առնել նրա մի քանի կարևորագույն բաղադրիչների վրա:

Դեռևս անկախ պետականության կայացման շրջանում՝ 90-ականների սկզբին, երբ այն զուգորդվում էր ծավալվող Արցախյան պատերազմով, իսկ հետագայում՝ պահպանվող հայ-ադրբեջանական առճակատմամբ, Հայաստանի քաղաքական մտքի համար ձևավորվեց մի ֆունդամենտալ խնդիր՝ արդյոք Արցախի հարցը մի ծանրաքա՞ր է, որից պետք է հնարավորինս շուտ ազատվենք՝ երկրի զարգացումն ապահովելու համար, թե՞ դա մի հաղթաթուղթ է, որի ճիշտ կիրառման դեպքում մենք կարող ենք մեծագույն առաջընթաց ունենալ թե՛ երկրի, թե՛ շրջապատող աշխարհի ցանկալի զարգացումներն ապահովելու գործում: Այս հարցի պատասխանից (ըստ էության, այլ ոչ լոզունգային, այսինքն, առաջարկվող կոնկրետ ծրագրերով, գործունեության ծավալման սկզբունքներով, նպատակներով, այլ ոչ՝ պարզունակ «Այո» կամ «Ոչ»-ով) են կախված բոլոր մյուս գնահատականները:

Մինչև 93-94թթ. հայկական քաղաքական միտքն ընդհանուր առմամբ կենտրոնացած էր երկրորդ մոտեցման վրա: Սակայն ավելի ուշ, ըստ քաղաքական մտքի «տնտեսականացման» (այսինքն, երբ մարդիկ քաղաքականության մեջ սկսեցին տեսնել ոչ թե նոր աշխարհ ձևավորելու, այլ գոյություն ունեցողում իրենց և մերձավորների բարեկեցությունն ապահովելու միջոց), իրավիճակը կտրուկ փոխվեց, և այսօր այդ տնտեսականացված «քաղաքական» միտքը համատարած տիրում է Հայաստանում: Տեսեք. փաստորեն չկան կուսակցություններ, գործիչներ, որոնք քիչ թե շատ բովանդակային առաջարկ (էլ չեմ ասում՝ ծրագիր) ներկայացնեն Արցախի  հարցի վերաբերյալ: Էլ չեմ ասում՝ աշխատող, իրական տարբերակ:

1.      Մինսկի տարբերակը չի պարունակել, չի պարունակում և չի էլ կարող պարունակել որևէ լուծում Արցախի հարցի համար: Ոչ թե՝ տերությունների ինչ-որ հատուկ նենգության, չարամտության պատճառով: Ոչ, այդպիսին է այսօրվա՝ արդեն հնացող, արդեն հեռացող, բայց առայժմ գոյություն ունեցող շահի աշխարհը: Իսկ այդ շահը կովկասյան կոմունիկացիոն միջանցքում վերածվել է մի պարզագույն հարցի՝ արդյոք արցախյան խնդրի լուծման շղարշի ներքո ռուսական զորքը կտեղակայվի՞ միջանցքում՝ դրանով այն վերցնելով լրիվ իր վերահսկողության տակ, թե ինչ-որ շրջադարձում կհաջողվի նրան մոլորեցնել և այնտեղ տեղակայելով Արևմտյան ստորաբաժանումներ՝ նրան դուրս թողնել Կովկասից, ինչին կհետևի, իսկ դա ձեզ կպարզաբանի ցանկացած ռուս վերլուծաբան, Ռուսաստանի հեռացումը ողջ Կովկասից, և հնարավոր է՝ նաև երկրի կազմաքանդումը: Այսպիսով, ձևավորվում է դասական փակուղի: Սրանով է պայմանավորված այսօրվա «status quo»-ն: Իհարկե, փորձելով մոլորեցնել մրցակցին՝ անդադար նորամուծություններ են մտցվել այս կամ այն տերության կողմից, շատ անգամ՝ բավականին նուրբ նորամուծություններ: Վերջինը դրանցից Հայաստանում NATO-ի սեպտեմբերյան զորավարժություններն են, որոնց ընթացքում նախատեսված է դաշինքի զորամիավորումների մուտքը Թուրքիայից Հայաստան: Սա սիմվոլների լեզվով ոչ այլ ինչ է, քան հասարակության նախապատրաստում և հաշտեցում հնարավոր ճգնաժամային (պատերազմական) վիճակում արցախյան առճակատման գոտում NATO-ի խաղաղարար օպերացիայի անցկացմանը: Իսկ սա բարձրացնում է պատերազմի վտանգը, քանի որ այն բացառվում էր առաջին հերթին նման պատրվակով միջանցքում ռուսական բանակի տեղակայմամբ:

 2. Այն, որ Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս կոնֆլիկտի սառեցման դեմ, շատ բնական է: Որովհետև խիստ վտանգավոր է թշնամության հավերժ պահպանումը: Անգամ եթե ինչ-որ ժամանակահատվածում, ինչպես վերջին տարիներն էին, հնարավոր լավագույն լուծումը «status quo»-ի պահպանումն է, այն սպասարկման կարիք ունի հատուկ ծրագրերով, մի կողմից, որ թշնամանքը ժողովուրդների միջև այդ ընթացքում ոչ թե աճի, այլ նվազի, մյուս կողմից, որ նոր նախադրյալներ ստեղծվեն հետագա՝ ավելի բարենպաստ պայմաններում խնդիրը լուծելու ուղղությամբ: Մինսկի խմբի գործառույթներն այս խնդիրները չլուծեցին: Հակառակը, թշնամանքը ժողովուրդների միջև ավելացավ, ինչը թույլ էր տալիս թելադրող պետություններին պատերազմով շանտաժը օգտագործել ինչ-ինչ սեփական նպատակներ սպասարկելու համար: Այսպիսով, եթե անգամ «status quo» եք ապահովում, բարի եղեք խոսել հարցի կարգավորումից՝ վերոնշյալ կանոնների շրջանակում:

 3.Այլ բան է, թե ինչով եք հիմնավորում հարցի լուծման անհրաժեշտությունը: Եթե այն հիմնավորում եք կոնֆլիկտի բացասական ազդեցությամբ երկրի տնտեսական զարգացման, միգրացիայի, դեմոգրաֆիական աճի և նման այլ պարամետրերի վրա, ապա ինչպես արդարացի նշել են շատ-շատերը, բացասական գործոնների շրջանակում կոնֆլիկտը տասներորդական տեղ է զբաղեցնում նենգափոխած արժեհամակարգի, փաստացի կրոնափոխության, օրենքների հիմնովին ոտնահարման և բազմաթիվ այլ գործոնների պարագայում:

Մյուս կողմից, Արցախյան ազատամարտը, շարունակվող կոնֆլիկտը, ի տարբերություն վերը նշված միանշանակ բացասական ազդեցության գործոնների, երկակի է, այսինքն՝ կարող էր և խիստ դրական դեր խաղալ երկրի տնտեսական զարգացման ու վերը նշված մյուս հարցերում՝ հայրենիք կերտելու մղելով, կոնսոլիդացնելով Արցախի ու Հայաստանի շուրջ ողջ հայությունը: Դա այդպես էր 88-90-ին և կշարունակվեր ուժեղանալով, եթե կյանքի չկանչվեին այն մյուս բացասական գործոնները, որոնք ոչ միայն ուղիղ հարված էին տնտեսությանը, այլ նախ և առաջ մարդկանց հավատին:

4.Եվս մեկ կարևոր դրական դեր է կատարում պահպանվող Արցախյան ճգնաժամը: Այն զուտ քազաքական երևույթ է և ենթակա չէ Հայաստանյան «տնտեսականացման»: Բազմաթիվ փորձերը՝ այդ հարցը (ի դեպ, սույն և վերը նշված բոլոր դատողությունները վերաբերում են նաև հայ-թուրքական գործընթացին) միասին վերածել փողի և հանուն փողի իշխանության համար կռվի գործոնի, ավարտվել են ապարդյուն: Լինելով վերհայաստանյան, գլոբալ համակարգի համար կարևոր գործոններ, այս երկու գործընթացները հայաստանյան քաղաքական գործիչների համար ենթակա չեն ներքին կամ ներքինից-արտաքին առք ու վաճառքի, և նման քայլեր կատարողներին մեծ վնաս են հասցրել: Դեռ հարց է, թե ինչն ավելի մեծ հարված հասցրեց փողի իշխանությունը և նրա ձևավորած ռեժիմների կայունությունը՝ իրար հաջորդող համաժողովրդական ընդվզումնե՞րը, թե՞ Արցախի, հայ-թուրքական հարցերով վերջիններիս թելադրվող հրամայականները:

Շարժումները մի կողմից սասանում էին ռեժիմները, բայց նաև փողը պահպանելու մոլուցքի ուժեղացումով ամրապնդում նրանց ներքին համերաշխությունը: Մինչդեռ Արցախյան և հայ-թուրքական հիմնահարցերը ազդում էին նրանց ներքին ամրության վրա՝ կանգնեցնելով կազմաքանդման եզրին:

Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն արդյոք միա՞կ ընդդիմությունն է, ինչպես իրենք են պնդում:

-Հայ ազգային կոնգրեսը և նրա առաջնորդը, իհարկե, երկրի առաջատար ընդդիմադիր ուժն են և, իհարկե, ոչ միակը: Լինելով առաջատար քաղաքական ուժ՝ թե՛ Կոնգրեսը, թե՛ նրա լիդերի գործունեությունը ենթակա են թե՛ մանրակրկիտ վերլուծության, թե՛ անխնա քննադատության՝ բացթողումների դեպքում: Բայց այս դեպքում, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, կա մի կարևորագույն առանձնահատկություն: Կոնգրեսը և նրա լիդերն ունեն մեկ այլ կարգավիճակ ևս՝ քաղաքական համակարգից դուրս և շատ ավելի տարողունակ: Պատմության ընթացիկ փուլում Կոնգրեսը կազմում է Հայկական դիմադրության ողնաշարը, իսկ առաջնորդը՝ այդ ողնաշարն ամբողջականացնող առաջնային (միգուցե միակ) գործոնը:

Ինչ է Հայկական դիմադրությունը: Դա մեր ժողովրդի (նույնն է և այլ ժողովուրդների պարագայում) ունակությունն է դիմակայելու իր համար խորթ, իր կարևորագույն կենսական հանգամանքները խաթարող գործառույթներին թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս: Սա ո՛չ կազմակերպություն է, ո՛չ կառույց: Սա ավելի շատ Կոնգրեսի գործունեության շնորհիվ արթնացած, շատ անգամ նրա հետ քիչ ընդհանրություն, առանձին դեպքերում՝ թշնամանք ունեցող մեր հանրությունն է, ազգային ներուժի ամենատարբեր օղակները: Սա ավելի շատ մեր ազգային մարմնի ինքնապահպանության բնազդն է, որի շրջանակում, օրինակ՝ գործող նախագահը, կարող է (կամ ստիպված է) «ոչ» ասել մի արտաքին անընդունելի առաջարկի՝ միայն մատնանշելով Հայ Ազգային Կոնգրեսի (այն է՝ աշխարհի հզորների համար փոքր ժողովուրդների ստեղծած միակ ընկալելի իրողությունը՝ Դիմադրությունը) գոյությունը, նրա հնարավոր արձագանքը: Այսինքն, փրկել իրեն և երկիրը զուտ թշնամական Կոնգրեսի ՝ (Դիմադրության) գոյության հանգամանքով:

 Ես իմ հայացքներում շատ քիչ ընդհանրություններ ունեմ Տեր-Պետրոսյանի և նրա գլխավորած կառույցի հետ: Սակայն նրանց գոյությունն է, որ ինձ, իմ համախոհներին, ինչպես նաև ինձնից ու իմ համախոհներից դուրս գործող Կոնգրեսի հետ քիչ ընդհանրություններ ունեցող անձանց և խմբերի թույլ է տալիս գործել և հաջողության հույս ունենալ սեփական պատկերացմամբ երկիր, աշխարհ ձևավորելու, երկրին սպառնացող վտանգներին դիմակայելու գործում:

-Վերջին ժամանակահատվածում շատ է խոսվում նոր ուժի մասին: Նոր ուժի ստեղծումը հնարավոր համարո՞ւմ եք:

-Հաշվի առնելով վերը նշվածը՝ իրապես նոր ուժը պետք է դիտարկվի ոչ այնքան քաղաքական հարթությունում, որքան Դիմադրության համակարգում՝ Կոնգրեսի ստեղծած հնարավորություններն ընդլայնելու, նոր որակ հաղորդելու շրջանում: Միայն այդ նոր որակն է իրավունք տալիս հայտ ներկայացնելու՝ Կոնգրեսից էստաֆետն ընդունելու խնդրում: Չէ որ ինքը՝ Կոնգրեսն էլ այդ էստաֆետն ընդունել է Հայկական Դիմադրության անխզելի շարքում, որի սկիզբը պատմության նորագույն հատվածում դրեց Ղարաբաղյան Շարժումը:

 Ձեր կարծիքով՝ երկրում արտահերթ ընտրություններ հնարավո՞ր են, ինչպես պնդում է ՀԱԿ-ը:

-Եթե «ընտրություններ» ասելով հասկանում ենք այն, ինչ տեղի է ունենում որևէ Եվրոպական երկրում կամ ԱՄՆ-ում, այսինքն, երբ չկան լցոնումներ, ծեծուջարդ, հանձնաժողովների անդամների առևանգումներ, ապա այդպիսին Հայաստանում կարող են լինել միայն արտահերթ: Արտահերթ, այսինքն մի որևէ «ֆորս-մաժորի» (հեղափոխություն, պալատական հեղաշրջում և այլն) հետևանք, երբ լրիվ կամ մեծ մասով ոչնչացված կլինեն երկար տարիների ընթացքում ձևավորված ընտրությունների կեղծման մեխանիզմը և համակարգը:

 Սակայն իրական ընտրություններ, այսինքն՝ երբ մարդը պատկերացնում է՝ ինչպես է ուզում ձևափոխել իր կյանքը, իրականության ինչպիսի նոր պատկեր ստանա, այդպիսի ընտրությունները բացառված են այս հնացած և արդեն մարող Արևմտյան քաղաքակրթությամբ ձևավորված աշխարհում: Իսկ նորը ինչպիսի՞ն կլինի՝ դա արդեն առանձին խոսակցություն է:

Ինչպե՞ս եք գնահատում ՀՀՇ-ից Կարապետ Ռուբինյանի հեռանալը:

-Կարապետ Ռուբինյանը, անկասկած, փորձում է հասնել դրական քաղաքական նպատակների՝ մաքրել քաղաքական համակարգի մի հատված, դարձնել այն ավելի շիտակ, գործունեությունը՝ ավելի արդյունավետ: Սակայն արդյոք կատարած քայլերը բերո՞ւմ են նշված նպատակներին: Իսկ չե՞ն կարող նրանք լրիվ այլ, անգամ հակառակ նպատակների բերել:

Այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, այն խոր ճգնաժամը, որում հայտնվել է ողջ քաղաքական համակարգը, քաղաքական գործչից պահանջում են ոչ միայն (նույնիսկ ոչ այնքան) շիտակության և խիզախության, որքան պատասխանատվության: Ինչքանով պատասխանատու կկարողանա գործել Ռուբինյանը, ցույց կտա ժամանակը:

Կարապետ Ռուբինյանն իր բաց նամակում խոսել է  այն մասին, որ ՀՀՇ վարչության կազմն ընտրակեղծիքներով է կազմվել: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Անկախ նրանից, թե ինչքանով ճշգրիտ է Ռուբինյանն իր գնահատակններում, նման հայտարարությունը հնարավոր չէր լինի ընկերական, ապարատային խարդավանքներից զուրկ մթնոլորտում: Նման մթնոլորտի բացակայությունը, հակառակ պատկերի առկայությունը ախտանշաններն են հայկական ողջ քաղաքական համակարգի՝ թե՛ պետական, թե՛ կուսակցական: Ինչպես վերը նշեցինք, Հայաստանում վերացել է քաղաքականությունը, այն է՝ նոր իրականության և դեպի այն տանող ճանապարհների պատկերացում և իրականացում: Այն վերածվել է զուտ տնտեսական շահերի, հարստություն կուտակելու լծակների համար պայքարի՝ անձերի և կուսակցությունների անվան տակ գործող տնտեսական շահերի խմբակների պայքարի:

Եվ հարցը շատ կտրուկ է դրված: Կա՛մ կուսակցությունները կկարողանան հիմնովին վերակառուցել իրենց էությունը, կա՛մ նրանք կվերանան ասպարեզից՝ տեղը զիջելով ընդհանրական նպատակների ձևավորման և իրականացման այլ համակարգերի:

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը

7or.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4