November 30, 2020

Արսինե Խանջյան. «Հայաստանում մեր հեռուստատեսությունը ամենաստորին էշելոնում է»

«Եթե մեր իշխանությունը հանդուրժող է ակնհայտորեն բռնություն քարոզող սերիալների նկատմամբ, որոնք կարծես թե ընտանիքների մասին են, ապա որևէ լուրջ թոք շոու կազմակերպելը կամ մեր անմիջական իրականությանն առնչվող որևէ խնդիր բարձրաձայնող ծրագիր պատրաստելը մեծ պրոբլեմ է խոսքի ազատության և արտահայտվելու ազատության տեսանկյունից: Հայաստանում մեր հեռուստատեսությունը ամենաստորին էշելոնում է այն տեսանկյունից, թե ինչ դեր կարող է խաղալ` որպես լրատվամիջոց»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի և «Քաունթերփարթ ինթերնեշնլի» կազմակերպված «Մշակույթի քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Նրա համոզմամբ` վիճակը կարելի է փոխել, եթե հեռուստադիտողը սպասումներ ունենա և հրաժարվի իր այսօրվա կեցվածքից, երբ ասում է. «Դե, էս են ցույց տալիս, էս էլ պետք է սպառենք»:

«Ոչ: Հեռուստադիտողները կարող են ակնկալել, պահանջել, անգամ չդիտել տվյալ ծրագիրը: Վերջին 2 շաբաթվա ընթացքում որոշ ծրագրեր, որոնք հեռուստատեսությամբ դիտել ենք, կարծես ուրիշ մոլորակից լինեին: Ես անգամ նկատի չունեմ դրանց որակը: Ես նկատի ունեմ` ինչ է նշանակում պրոդյուսերների համար այսպիսի ծրագրեր անելը»,- ասաց դերասանուհին:

Նա տարակուսում է, թե ինչո՞ւ հեռուստադիտողը չի արձագանքում այսօրինակ ծրագրերին և չի հայտնում, որ բավարարված չէ: Արսինե Խանջյանի համոզմամբ` խնդիրը ֆինանսավորումը չէ, և այսօրվա թվային տեխնոլոգիաներով միանգամայն արժեքավոր հեռուստածրագրեր կարելի է պատրաստել:

«Խնդիրը միայն բողոքելը չէ: Պետք է ասել. «Ես բողոքում եմ, ես չեմ հավանում, և ահա սա է, ինչ ես առաջարկում եմ, և ահա սա է, ինչի համար ես պատրաստվում եմ պայքարել»: Ուստի, պետք է գործնական քայլի դիմել, և ոչ թե միայն բողոքել` որպես դիտարկում»,- ասաց դերասանուհին:

Նա նշեց, որ ցանկացած հասարակությունում հեռուստատեսությունը բնական հակում է դրսևորում ամենահեշտ ձևով պատկերել այն, ինչ կարծես թե հետաքրքրում է լսարանին: Հեռուստատեսությունը հրաշալի կրթական համակարգ է, մարդիկ սովոր էին դիտել հեռուստատեսություն` լուրջ, խորքային տեղեկատվություն ստանալու, մշակութային ծրագրերին հաղորդակից լինելու համար: Ներկայումս ամբողջ աշխարհում նահանջ կա սրանից, և Հայաստանն այս իմաստով առանձնահատուկ չէ: Հայաստանում, սակայն, մի մեծ խնդիր կա: «Հեռուստատեսությունը հիմնականում չի ներառում այլ տարբերակներ, այլ գործառույթներ»,- ասաց Արսինե Խանջյանը:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4