September 18, 2021

Հայկական կողմերը պետք է օգտվեն Հաագայի դատարանի որոշումից.Արման Մելիքյան

«Հաագայի դատարանի որոշումն անսպասելի չէր։ Թե ինչ հետևանքներ դա կունենա, մասնավորապես, ԼՂ խնդրի լուծման տեսանկյունից, այժմ դժվար է կանխատեսել, որովհետև գերտերությունները պնդում են, որ Կոսովոն նախադեպ չէ չլուծված հակամարտությունների համար։ Բայց դա չի նշանակում, որ հայկական կողմերը չեն կարող օգտվել այս որոշումից։ Սա վառ օրինակ է այն բանի, թե ինչպես ինքնավարությունը կարող է լիարժեք անկախություն ստանալ նաև միջազգային ճանաչման հետևանքով»,– Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով Հաագայի միջազգային դատարանի որոշումը, թե Կոսովոյի անկախացումը միջազգային իրավունքի խախտում չէ, ասաց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

Մելիքյանը նաև նշեց, որ անկախ դատարանի որոշումից՝ խնդիր է մնում Սերբիան, որը չի համակերպվում այս որոշման հետ, չի համակերպվում Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելու փաստի հետ. «Սա հղի է հետագա լարվածությամբ տարածաշրջանում, որը կարող է ցանկացած պահի վերստին վերադառնալ հակամարտության փուլ։ Բայց բոլոր դեպքերում պետք է փաստել, որ Կոսովոյի անկախությունը սատարել են 60–ից ավելի պետություններ»։

ԼՂ նախկին դիվանագետը վստահ է, որ «Հայաստանը կարող է համարժեք, համապատասխան գործընթաց ծավալել միջազգային ասպարեզում՝ ԼՂ միջազգային ճանաչումը իրողություն դարձնելու համար՝ հաշվի առնելով նաև այս որոշումը։ Այլ հարց է, որ Կոսովոյի անկախության հռչակումը և ԼՂ անկախությունը տարբեր աշխարհաքաղաքական շահերի համատեքստում են տեղի ունեցել, և այդ է պատճառը, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել են տասնյակ պետություններ, իսկ Ղարաբաղի պարագայում անգամ Հայաստանը դա չի արել։ Սա նաև Հայաստանի քաղաքական վերնախավի թերացումների հետևանք է»։

Արման Մելիքյանը նաև առաջարկում է, որ հայկական կողմը փնտրի և ելք գտնի ԼՂ շուրջ ներկա բանակցությունների տրամաբանությունը փոխելու և նոր փիլիսոփայություն ներդնելու համար։

«Հայաստանը և, ըստ էության, Ղարաբաղը՝ լռելյայն, փաստացի այսօր պատրաստ են շարունակել բանակցությունները Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք շատ հստակ կանխորոշում են մի շարք հանգամանքներ՝ առաջին հերթին այն, որ Հայաստանը պետք է օկուպացիոն ուժերը դուրս բերի ԼՂ տարածքից։ Սա արդեն տեղ չի տալիս Հայաստանին խոսելու այլ հարցերի շուրջ։ Առհասարակ, այս տրամաբանությամբ բանակցությունների շարունակությունը չի բխում Հայաստանի, առավել ևս՝ ԼՂ շահերից, և ՀՀ դիվանագիտությունը և հատկապես քաղաքական վերնախավը պարտավոր են ուղիներ փնտրել և գտնել, որ այս բանակցային տրամաբանությունը փոխվի, նոր փիլիսոփայություն ներմուծվի»,– նշեց Արման Մելիքյանը։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4