September 18, 2021

Ղարաբաղի ժողովուրդը դուրս է գալիս հանրահավաքի

ԼՂՀ մայրաքաղաքում ու մյուս շրջաններում այսօր` հուլիսի 23-ին տեղի են ունենալու բազմահազարանոց հանրահավաքներ: Ինչպես  NEWS.am-ը տեղեկանում է իր աղբյուրներից, հանրահավաքներին կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ: Ժողովուրդը դուրս է եկել փողոց, կապված երեկ` հուլիսի 22-ին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանի որոշման հետ, որը Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարել է միջազգային իրավունքի դրույթներին համապատասխանող:

Հանրահավաքները կազմակերպում են Ղարաբաղի բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, մասնավորապես՝ Արցախյան պատերազմի  ետերանների կազմակերպությունը, Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միությունը, «Մայրություն» կազմակերպությունը:

Ակցիաների կազմակերպմանն իրենց մասնակցությունն են բերել նաեւ բոլոր երիտասարդական կազմակերպությունները, այդ թվում՝ «Երիտասարդական ակումբը» եւ «Հայկի սերունդը»:

«Ամեն ինչ իդեալական է ընթանում. Խաղաղ, հանգիստ, առանց աքսցեսների եւ տհաճությունների: Մարտունիում հանրահավաքն արդեն տեղի է ունեցել, մարդիկ դուրս են եկել փողոց եւ միաձայն արտահայտել իրենց կամքը: Ղարաբաղում չկա որեւէ մեկը, ով ցանկանա լինել Ադրբեջանի քաղաքացի: Մարդիկ ելել են փողոց եւ խոսում են այդ մասին»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, հասարակական գործիչ Աշոտ Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ երեկոյան հանրահավաք է նախատեսված Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում: «Ակցիային կմասնակցեն հազարավոր մարդիկ: Ղարաբաղի ժողովուրդը միասնական է, եւ նա ցույց կտա դա ամբողջ աշխարհին»,- ասաց Ա. Սարգսյանը:  

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ 2008թ.-ի Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը չի խախտել որեւէ միջազգային օրենք: Հաագայի դատարանի որոշումը պարտադիր ուժ չունի, կրում է խորհրդատվական բնույթ, սակայն փորձագետներն ու քաղաքական գործիչները չեն կասկածում, որ նման որոշումը քաղաքական հետեւանքներ կունենա:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4