September 18, 2021

Սարգսյանը ներկայացրել է սկզբունքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված “Միասին” երիտասարդական շարժման ճամբար, որտեղ երկրորդ տարին անընդմեջ իրենց ակտիվ և ուսուցողական հանգիստն են անցկացնում “Միասին 2010” համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները:

Նախագահը հետաքրքրվել է երիտասարդների առօրյայով, ճամբարից ստացած տպավորություններով ու կրթական ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներով: Սերժ Սարգսյանը ողջունել է “Միասին”-ի ակտիվ գործունեությունը եւ խրախուսանքի խոսքեր ասել շարժման կազմակերպած միջոցառումների մասին: Կարեւորելով, որ երիտասարդներն իրենց հանգստի հետ միասին լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում կրթվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, Հանրապետության ղեկավարը ճամբարականներին տեղեկացրել է, որ հուլիսի 22-ին հանդիպելու է նաեւ “Լույս” հիմնադրամի կրթաթոշակառուների, այսինքն` այն երիտասարդների հետ, ովքեր այս տարի արտասահմանում ընդունվել են առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններ:

“Ուզում եմ, որպեսզի մենք, իսկ ես ձեզանից մեկն եմ ինձ համարում, մեծ ջատագովը լինենք գիտելիքի, մեր օրինակով կարողանանք ուրիշներին ապացուցել, որ գիտելիք ունեցող մարդը մեր հասարակության մեջ պահանջված է: Մենք այսօր մեծ կարիք ունենք երիտասարդ մարդկանց, ովքեր գիտելիք ունեն եւ կարող են պետական կառավարման համակարգում աշխատել”,-ասել է Սերժ Սարգսյանը` պատրաստակամություն հայտնելով աջակցել երիտասարդների բոլոր լավ նախաձեռնություններին:

“Միասին” շարժման երիտասարդները Հանրապետության ղեկավարի հետ զրուցել են նաեւ իրենց հետաքրքրող մի շարք թեմաների, այդ թվում` “Միասին”-ի հետագա անելիքների, զարգացման ծրագրերի, պետական երիտասարդական քաղաքականության մասին: Նրանք Հանրապետության ղեկավարին հարցեր են ուղղել մեր պետության արտաքին քաղաքականության վերջին զարգացումների եւ արդի մարտահրավերների մասին եւս:

Երիտասարդներին, մասնավորապես, հետաքրքրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը` ՌԴ Նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան վերջին հանդիպման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների Ալմաթիում արված հայտարարության ներքո, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ու Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը:

Նախագահի այցի օրը “Միասին 2010” շարժման ճամբարականներին միացել են նաեւ “Արի տուն ” համահայկական ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդները, ովքեր Սերժ Սարգսյանին պատմել են Հայրենիքում իրենց հագեցած մշակութային առօրյայի, բազմաթիվ հանդիպումների, հայկական ընտանիքներում հյուրընկալության ու Հայաստանի տեսարժան վայրեր այցելությունների ընթացքում ստացած անմոռանալի տպավորությունների եւ Հայրենիքի հետ այսուհետ իրենց կապը պահպանելու ծրագրերի մասին:

Հանրապետության ղեկավարը կարեւորել է “Արի տուն ” ծրագիրը, որի շնորհիվ հատկապես սփյուռքահայ երիտասարդները հնարավորություն են ստանում գալ Հայրենիք, շփվել իրենց հասակակիցների հետ, ավելի մոտիկից ճանաչել Հայաստանն ու դաստիարակվել հայրենասիրության ոգով:

****
Սերժ Սարգսյանը պատասխանել է «Միասին» երիտասարդական շարժման մասնակիցների հարցերին

-Պարոն Նախագահ, շնորհակալ ենք մեզ այցելելու եւ «Միասին» շարժմանն աջակցելու համար: Չնայած մենք գտնվում ենք ճամբարում եւ անցկացնում ենք բավականին հետաքրքիր ու բովանդակալից ժամանակ, սակայն մենք ունենք բոլոր հնարավորությունները` հեռուստատեսությամբ եւ ինտերնետով ծանոթանալու մեր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Հարցս հետեւյալն է` ինչպե՞ս կբնութագրեիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը` հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգի վերջին հանդիպման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների Ալմաթիում արված հայտարարության ներքո:

– Նույնիսկ Սեւանի ափին կարելի է Ղարաբաղի մասին խոսել: Ես նկատի ունեմ, որ հանգստի պահին էլ լավ է, որ այդ խնդիրներով հետաքրքրվում եք: Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը բանակցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ: Մինսկի խմբի առաջարկությունն էր, որ 2007թ. Մադրիդյան կոչված սկզբունքները, որպես խնդրի կարգավորման հիմք, ներկայացվեցին կողմերին: Երկու կողմերն էլ ընդունեցին, ասացին` այո, փաստաթուղթը հիմք է կարգավորման համար: Եւ այս երեք տարիների ընթացքում ընթանում են բանակցություններ: Որպես այդ բանակցությունների արդյունք, Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Նախագահի առաջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կողմերին ներկայացվեցին վերջին առաջարկությունները: Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունում է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե` ոչ: Մնացածը, ինչ խոսում են այդ երկրի պաշտոնյաները` մեծ, թե փոքր, զուտ ցանկությունների ոլորտից են կամ բանակցությունների նախկին փուլերի մասին իրենց պատկերացումներն են: Այսօր մեկ խնդիր կա` ադրբեջանական կողմն ընդունու՞մ է արդյոք Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունները, թե ոչ: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք բանակցությունները: Եթե կասի` չի ընդունում, ուրեմն, այլ ելքեր, երեւի, պետք է փնտրել:

Գիտե՞ք որոնք են այդ սկզբուքները: Երեք սկզբունք գոյություն ունի. Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթներն են` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի կիրառման բացառում: Քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում խոսում է տարածքային ամբողջականության մասին, հենց Ալմաթիում համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները շատ հստակ ասացին, որ որեւէ դրույթ, որեւէ սկզբունք չի կարող գերակա լինել մյուսի նկատմամբ: Ակնհայտ է, թե դա ում էր վերաբերվում: Եւ երկրորդ` շատ կոշտ խոսեցին սադրիչ հայտարարությունների մասին:

Եթե մի նախադասությամբ պատասխանելու լինեմ հարցին, ապա` այո´ բանակցությունները շարունակվում են, սեղանին կան վերջին առաջարկությունները, որոնք մեզ առաջարկել են Սանկտ Պետերբուրգում: Հիմա մենք եւ Ադրբեջանը պետք է ասենք` ընդունում ենք դրանք իբրեւ հիմք, թե ոչ: Մենք ասում ենք, որ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Տեսնենք, թե ադրբեջանցիներն ի՞նչ են ասում: Մնացած բոլոր հայտարարությունները, եզրակացությունները ցանկություններ են կամ էլ բանակցությունների նախկին փուլերի սեփական մեկնաբանություններ: Իսկ սեփական մեկնաբանությունը զուտ նախատեսված է ներքին լսարանի համար: Կարող է` իրենք իրենց ժողովրդին ուզում են ոգեւորել, կարող է` իրենք իրենց են ուզում ոգեւորել, կարող է իրենց ցանկալին իրականության տեղ են ուզում ընդունել, բայց սա պարապ զբաղմունք է, որով մենք չենք ուզում զբաղվել: Դա մեր գործը չէ: Մենք ասում ենք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիմա վրա: Բայց կա կարեւոր հանգամանք, որը մինչեւ չլուծվի, մնացած բոլոր քայլերը, բոլոր առաջարկությունները մեզ համար ընդունելի չեն:

-Պարոն Նախագահ, իմ հարցը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին է: Թուրքիայի իշխանությունների առաջին դեմքերն ասում են, որ եթե Հայաստանը ցուցաբերի քաղաքական կամք եւ բարություն, ապա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացը կարող է օգտավետ լինել բոլորի համար, իսկ եթե Թուրքիայի բարեկամության ձեռքը մնա անարձագանք, ապա ամենից շատ կտուժի Հայաստանը: Ինչպե՞ս կմեկանաբանեք նման հայտարարությունները:

-Գիտեք, այդ հայտարարությունները նույն շարքից են, ինչ նախորդ հարցի պատասխանում ես ասացի. այդ երկրի պաշտոնյաները շատ դեպքերում նման գործելաոճ են որդեգրում եւ ասում այն, ինչ ուղղակի մտքներով անցնում է` առանց լուրջ հիմքերի եւ խեղաթյուրելով իրականությունը: Ամբողջ աշխարհը Թուրքիային է ասում, որ կամք ցուցաբերի եւ վավերացնի ստորագրված արձանագրությունները, թուրքերը կարծես դա չեն լսում եւ մեզ են ասում կամք ցուցաբերել: Մենք մեր հասանելիք կամքն արդեն ցուցաբերել ենք: Մենք երբեք բարեկամաբար մեկնած ձեռքը չենք անտեսում, բայց երբ այդ մեկնած ձեռքը իրականության մեջ չկա, այլ ներկայացնում են որպես այդպիսին, մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում: Այսինքն, մեզ հասանելիք կամքը մենք ցուցաբերել ենք, հիմա սպասում ենք, թե թուրքերը երբ կամք կցուցաբերեն:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4