January 28, 2021

Նույն հիմնավորումներով Պավլիկ Մանուկյանի կալանքը երկարացվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը կալանքի տակ կմնա ևս երկու ամիս։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին բավարարել է վարույթ իրականացնող մարմնի՝ Մանուկյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։

«Հետք»-ի հետ զրույցում Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը մանրամասնեց, որ քննիչը դատարանում պնդել է, թե Պավլիկ Մանուկյանին մեղսագրվող հանցագործություններն այնպիսին են, որ նա, ազատության մեջ մնալով, կխուսափի և կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից։ Այս հիմնավորումները նաև նշվել էր նախորդ դատական նիստի ժամանակ։

Փաստաբանի հաղորդմամբ՝ կալանքը երկարացնելու միջնորդությունում վարույթ իրականցնող մարմնի կողմից  որոշ հիմքեր, մասնավորապես՝ վկաների ցուցմունքներ են բերվել, որոնք փաստաբանի գնահատմամբ՝ այդքան էլ չեն Պավլիկ Մանուկյանին և նրա գործողություններին։

Մանուկյանը չի մասնակցել դատական նիստին, եւ Բաղդասարյանը կարծում է՝ իր պաշտպանյալը հետագայում ևս չի մասնակցի գործի քննությանը։

«Այս մարդիկ ապստամբել են, որը հանցագործություն չէ։ Տնտեսական և քաղաքական իրավիճակն է այդ մարդկանց հասցրել՝ նման գործողությունների կատարմանը։ Քաղաքական իշխանությանը ինչ որ բան ստիպելը իրենց՝ սահմանադրությամբ տրված իրավունքն է»,-ասում է փաստաբանը։

Բաղդասարյանը իր դիրքորոշումը չի փոխում, ասում է՝ գործը քննվում է  քաղաքական հարթությունում, քանի որ այն քաղաքական ակցիա է, որին էլ իշխանության կողմից քաղաքական պատասխան է տրվում։

Փաստաբանը նաև հավելում է, որ ո՜չ նախաքննության մարմինը, ո՜չ դատարանը ուշադրություն չի դարձրել, թե ինչն է ստիպել խմբի անդամներին գրավել ՊՊԾ գունը, որն է եղել նրանց նպատակը. «Դրա սուբյեկտիվ կողմն էլ պետք է դիտարկվի, որը քննություն իրականացնող մարմինը հաշվի չի առել»,-ասում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին բավարարել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4