January 28, 2021

Ընդդիմադիր դաշտում խաղացողներն այնքան շատ են, որ մեկը մյուսից ձայներ են խլելու, այլ հարց է, որ միավորվեն

Սոցիոլոգիական հարցումներն՝ անկախ դրանց նկատմամբ հանրության տածած վստահությունից, վերջին երկու տասնամյակում դարձել են ընտրական գործընթացների անբաժան ուղեկիցը։ Քաղաքական տարբեր ուժեր վիճարկում են դրանց հավաստիությունը, սոցիոլոգներին մեղադրում իշխանությունների պատվերը կատարելու, նրանց ականջահաճո թվեր ու տվյալներ հրապարակելու մեջ։ Ի վերջո, որքանո՞վ կարող են սոցիոլոգիական հարցումներն արտացոլել իրականությունը, լինել հավաստի հայաստանյան փակ հասարակությունում, որտեղ կա անկեղծության բավարար դեֆիցիտ։Այս հարցերի շուրջ ենք զրուցել ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ։
-Պարոն Պողոսյան, սովորաբար սոցիոլոգիական հարցումներն անցկացվում են ընտրություններից առաջ։ Նկատելի է, սակայն, որ սոցիոլոգիայի նկատմամբ կա անվստահություն։ -Ցավոք սրտի, վերջերս ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփի հետ կապված բոլոր ամերիկյան սոցիոլոգիական ծառայությունները սխալ դուրս եկան (ծիծաղում է)։ Չեմ կարող հերքել, որ կա անվստահություն։ Անվստահությունը եղել է,կա, եւ սա զուտ հայկական երեւույթ չէ։ Բոլոր դեպքերում անվստահություն կա ոչ միայն սոցիոլոգիայի նկատմամբ, անվստահություն կա նաեւ շատ ԶԼՄ-ների նկատմամբ, տարբեր լրատվական գործակալությունների նկատմամբ։ Եթե շարունակեմ, ապա, որպես սոցիոլոգ, կարող եմ ասել, որ անվստահություն կա նաեւ ԱԺ-ի, կառավարության, երկրի նախագահի նկատմամբ։ Այսինքն՝ մի հասարակություն, որը գտնվում է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, այդ անվստահությունը դառնում է խրոնիկական հիվանդություն։ Ես չեմ ասում, թե դա լավ է, թե վատ։ Իհարկե, վատ է։ Չեմ ասում նաեւ, որ դրանում սոցիոլոգները մեղք չունեն, մեղավոր են։ Բայց դա այն մթնոլորտն է, որ տիրում է մեր հասարակությունում։ Եվ այդ անվստահության մթնոլորոտւմ էլ ստիպված ենք ապրել ու աշխատել։ Եվ մեր պարտքն է, որ այդ անվստահությունը մեր չափով փարատենք։
-Ըստ Ձեզ՝ ի՞նչ մեթոդներով պետք է անցկացնել սոցհարցումներ, որպեսզի կարողանանք արժանահավատ պատկեր ստանալ ընտրություններից առաջ։ Մեր հասարակությունը փակ է, խուսափում է ասել, թե ում է քվեարկելու։-Ճիշտ եք ասում։ Միայն ընտրությունների ժամանակ չէ, շատ հարցերի խուսափում են տալ այն պատասխանը, ինչն իրականում մտածում են։ Մտածում են մի բան, ասում են մեկ այլ բան, վարվում են մեկ այլ կերպ։
-Դա բնորոշ է բոլո՞ր հետխորհրդային երկրներին։-Ոչ։ Մերձբալթյան երկրներում ավելի հեշտ է աշխատելը։ Բայց իմ գործընկերներն ասում են, որ նույնիսկ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում ավելացել են այն դռները, որոնք բախում ես, եւ դրանք չեն բացում։ Սոցիոլոգը դուռը բախում է, զանգում, բայց չեն բացում։ Մեր երկրում գոնե բացում են, հետո ասում, որ չեն պատասխանի։ Այդ առումով իմ արտերկրյա գործընկերները զարմանում են, որ մեզ մոտ գոնե հրավիրում են, սուրճ հյուրասիրում։ Դուք ասում եք՝ փակ հասարակություն ենք, բայց այդ տեսանկյունից շատ բաց ենք։ Բայց համաձայն եմ, որ գնալով մեր հասարակությունը փակվում է։ Մենք ունենք ոլորտներ, որոնք ընդհանրապես փակ են սոցիոլոգի համար։
-Օրինակ։-Օրինակ՝ բանակը, բանտերը, շատ առողջապահական հիմնարկներ, հիվանդանոցներ, որտեղ մուտքն էլ է շատ դժվար, չեն էլ թողնի, որ գնաս, հարցումներ անես։ Մենք ունենք «փակ խոռոչներ», որոնք ինչ-ինչ պատճառներով քիչ են լուսաբանվում։ Մենք չենք իմանում, թե ինչ է տեղի ունենում այդ վայրերում։ Դրանք սոցիոլոգի համար, այսպես ասած, անթափանցելի են։
-Իսկ Դուք չե՞ք փորձել ջարդել այդ կարծրատիպերը։-Փորձել ենք, շատ դժվար է։ Իսկ դրանք փակ են, քանի որ այսպիսի վարք են դրսեւորում՝ զբաղված են, ժամանակ չունեն, չեն կարող։ Եվ դա ավելի շատ պայմանավորված է ներքին բարոյահոգեբանական մթնոլորտով։
-Եթե երկրում չկա վստահություն իշխանության նկատմամբ, ապա դա արդյոք պարարտ հող չի՞ ստեղծում պոպուլիզմի եւ պոպուլիստական գաղափարաների տարածման համար։ Այս դեպքում հաջողությա՞ն չեն հասնի այն կուսակցությունները, որոնք առաջնորդվում են պոպուլիստական կարգախոսներով։-Պոպուլիզմն, իհարկե, պահանջված է։ Այն պահանջված է հատկապես մեր տիպի հասարակություններում, որտեղ բնակչությունը տարիներ շարունակ սպասում է արմատական փոփոխությունների եւ դրանք ընկալում է որպես իր կյանքի բարելավվում՝ կենսամակարդակի բարձրացում, աշխատատեղերի ստեղծում։ Ակնկալիքները, որոնք տեւական բնույթ են կրում եւ չեն սահմանափակվում մեկ-երկու, հինգ կամ տասը տարով, հենց այդ պարարտ հողն է ստեղծում ցանկացած պոպուլիստական քաղաքական գործչի կամ կուսակցության համար։ Եվ պոպուլիզմը որպես զենք շատերն են օգտագործում։ Բայց պոպուլիզմն էլ է արդեն շատերին ձանձրացրել, եւ մարդիկ սկսել են տարբերակել դատարկ պոպուլիզմը իրական ծրագրերից։ Եվ այնքան էլ հեշտ չէ պարզունակ պոպուլիզմով շահել մարդկանց սրտերը։ Այդ մարդկանց ուղղակի անվանում են պոպուլիստ կամ ժողովրդական լեզվով՝ դատարկ խոսացող, որի տակը բան չկա։ Ես ուզում եմ վերադառնալ Դոնալդ Թրամփի ընտրություններին, որը վերջին շրջանում մեծ ազդեցություն է թողել։ Նա ինքն էլ ասաց, որ դատարկ խոսքերի ժամանակն ավարտվել է, հիմա եկել է ռեալ քայլերի, գործողությունների ժամանակը։ Մեզ մոտ ես կարող եմ ասել, որ տասը տարի առաջ մենք դատարկ խոսքերի ամբողջ ռեզերվը սպառել ենք։ Պետք են ռեալ քայլեր։ Ժողովուրդը իշխանությունից է քայլեր սպասում, քանի որ նա կարող է անել ռեալ քայլեր։ Իսկ երբ չի անում այդ քայլերը, աճում է բողոքական ընտրազանգվածը։
-Դուք խոսեցիք բողոքական ընտրազանգվածի մասին։ Անցյալ տարի մենք ականատես եղանք, թե ինչպես մի խումբ դիմեց զինված ապստամբության եւ այդ ընթացքում վայելում էր հանրային որոշակի աջակցություն։ Շատերը չեն բացառում, որ այն կարող է հետագայում էլ կրկնվել։ -Մինչեւ այդ դեպքերը ես հանդես եկա հոդվածով, որտեղ գրել եմ, որ տեղի է ունենում հասարակության ռադիկալացում։ Ծայրահեղական մտքերը, տրամադրությունները, գործողությունները գնալով ավելի են խորանում։ Երբ իշխանություններից լինում են սպասելիքներ, որ պետք է արվեն կոնկրետ քայլեր, եւ դրանք չեն արվում, այդ բողոքական ընտրազանգվածը ավելի սուր քայլերի է դիմելու։ Այսինքն՝ երբ մարդուն չեն լսում, նա իրեն լսելի դարձնելու համար անում է ցույցեր,հացադուլ։ Եվ երբ տեսնում է, որ դրանք էլ չունեն ազդեցություն, սկսում է դիմել ապստամբության։ Հայաստանի օրինակով կարող եմ ասել, որ գնալով մենք ավելի ռադիկալ դրսեւորումների վկա ենք լինելու, դրանք խորանալու են։ Ես համոզված եմ, որ կարող են այդ ռադիկալ դրսեւորումները կրկնվել, եթե ժողովրդի եւ իշխանությունների միջեւ չհաստատվի ներդաշանկություն։ Մարդիկ ստիպելու են, որ իրենց լսեն։
-Ընտրություններից առաջ տարբեր քաղաքական ուժեր ձեւավորում են դաշինքներ։ Նրանք կարո՞ղ են լուրջ հակակշիռ դառնալ իշխանությանը։-Կուզենայի, որ նրանք դառնան հակակշիռ։ Խնդիրն այն է, որ այսօր մեր հասարակությունը ընդդիմությունից ունի ավելի շատ սպասելիքներ, քան՝ իշխանություններից։ Եթե իշխանությունը վերարտադրվում է, ապա հանրությունը գիտի, որ նրանից սպասելիքներ չի կարող ունենալ։ Նա սպասում է, որ ձեւավորվի ուժեղ ընդդիմություն, որը կգա իշխանության եւ կփոխի ինչ-որ բան։ Անկախ այն բանից, որ ընդդիմության մեջ հին դեմքերն են, որոնց գործունեությանը մեր հանրությունը ծանոթ է կամ նոր դեմքեր են, որոնց չեն ճանաչում, բոլոր դեպքերում կա փոփոխությունների հասունացած պահանջ։
-Երբվանի՞ց եք սկսելու սոցհարցումները, ըստ Ձեզ՝ ո՞ր քաղաքական ուժերը ինչ շանսեր ունեն ԱԺ ընտրություններից առաջ։-Հարցումները կսկսենք անցկացնել փետրվարից։ Կարծում եմ, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԱԺ ընտրություններում սպասվում է փորձություն։ Կերեւա, թե նախկին եւ ներկա զինծառայողները ինչպես են գնահատում երկարամյա նախարարին։ Եթե իրեն ճանաչել են, համարել են լավ նախարար, ապա կարող են իրեն ձայն տալ։ Զինվորականությունը կարող է նրան ձայն տալ, եթե իրեն հարգել է։ Թեեւ «Ժառանգություն» կուսակցությունը տրոհվել է, սակայն, հանրային գիտակցության մեջ դեռ պահպանվել է նրա իմիջը։ Շանսեր կունենա նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եթե կարողանա կրկին ներկայանալ որպես ընդդիմադիր ուժ։ Իմ կարծիքով՝ «Ելք»-ին իրենց քվեն կտան հիմնականում ընդդիմադիր դաշտից միջին տարիքի եւ երիտասարդ ընտրողները, իսկ ՀԱԿ-ին՝ նրանք, որոնք նրան մշտապես ընտրել են անցած 25 տարիների ընթացքում։ Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուն, ապա չեմ կարծում, թե դա կարող է քաղաքական դաշտում իրավիճակ փոխել։ Այսօր ընդդիմադիր դաշտում խաղացողներն այնքան շատ են, որ մեկը մյուսից ձայներ են խլելու։ Այլ հարց է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն, հակառակ դեպքում միայն խանգարելու են միմյանց։
Թագուհի Հակոբյան

hraparak.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4