June 26, 2022

Հայաստանի հավաքականը տապալվեց. Ովքե՞ր են պատասխանատուները

Մինսկում ավարտված «Զարգացման գավաթ» մրցաշարում Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը զբաղեցրեց վերջին՝ 12-րդ հորիզոնականը: Մեր հավաքականը պարտվեց բոլոր 5 մրցավեճերում: Խմբային փուլում Հայաստանը նախ՝ 5:0 հաշվով զիջեց Ռուսաստանին, այնուհետև 4:1 հաշվով՝ Մոլդովային և 3:1 հաշվով՝ Բելգիային: 10-12-րդ հորիզոնականների համար պայքարում հայաստանցի պատանիները նույն՝ 4:1 հաշով պարտվեցին Լատվիային, իսկ վերջին մրցավեճում 3:0 հաշվով՝ հարևան Վրաստանին:

Փաստորեն, 5 մրցավեճից չորսում Հայաստանը պարտվեց խոշոր հաշվով՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 19 գնդակ: Ամոթալի արդյունք, որն արտացոլում է հայկական մանկապատանեկան ֆուտբոլի ներկայիս վիճակը:

Ո՞վ է պատասխանատու նման անհաջողության համար: Մեր երկրում սովորական երևույթ է դարձել պատասխանատվությունից խուսափելն ու տարատեսակ պատճառաբանություններ ներկայացնելը: Ֆուտբոլային չինովնիկները նախկինում պատանեկան ֆուտբոլի անհաջողությունները կապում էին, այսպես կոչված, մութ ու ցուրտ տարիների հետ՝ պնդելով, որ այն ժամանակ չկային պայմաններ ֆուտբոլով զբաղվելու համար: Բայց արի ու տես, որ մութ ու ցուրտ տարիների սերունդն ավելի մարտունակ և ուժեղ էր, քան «զարգացման ուղին» բռնած «հզոր» Հայաստանի սերունդը:

Ներկայիս 17 տարեկանների հավաքականում խաղում են 2000, 2001 թվականներին ծնված պատանիներ: Նրանք ֆուտբոլով սկսել են զբաղվել 2007-2008 թվականներին, երբ առկա էին լավ պայմաններ նորմալ մակարդակի ֆուտբոլիստ դառնալու համար:

Հայկական ֆուտբոլի ղեկավարությունը ֆուտբոլասերներին շարունակ համոզում էր, որ 2002 թվականից հետո ստեղծված ենթակառուցվածքները և պայմանները զգալիորեն կնպաստեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը: Սա՞ է մեր ֆուտբոլի ապագան: Հավաքական, որը խոշոր հաշվով զիջում է Մոլդովային, Լատվիային, Վրաստանին: «Զարգացման գավաթում» Հայաստանի հավաքականի խփած 3 գնդակներից 2-ը խփել է Գերման Կուրբաշյանը, ով ներկայացնում է Գեմանիայի «Քյոլնի» պատանեկան թիմը:

Ցավալի է, բայց նման անհաջողությունները հոգեբանական առումով ծանր հարված են հասցնում պատանի ֆուտբոլիստներին, որոնք գտնվում են ձևավորման փուլում: Խաղերից առաջ պատանիների կողմից Հայաստանի պետական օրհներգը երգելն ուղղակի հիացմունք էր առաջացնում: Պատանիները գիտակցում են, որ ներկայացնում են երկիր, սիրում են իրենց երկիրը, խաղում են մեծ նվիրումով, բայց… Բայց կանաչ խաղադաշտում մեր ֆուտբոլիստների հնարավորությունները խիստ սահմանափակ են: Ցավալի է նաև, որ պատանի խաղացողներն այսուհետ կգիտակցեն նաև, որ ամենաթույլն են:

Դժվար է ասել՝ այս հավաքականը հնարավո՞ր է փրկել, թե՞ ոչ: Համենայնդեպս, փրկողներ չեն նկատվում: Վրաստանի հետ խաղում նկատվում էր, որ տղաները տեխնիկապես վատ չեն պատրաստված: Որոշ դեպքերում մեր ֆուտբոլիստները գերազանցում էին մրցակցին՝ շրջանցելով մի քանի ֆուտբոլիստների: Սա ապացույցն է այն բանի, որ կադրեր ունենք, և կարելի է պատրաստել բարձրակարգ ֆուտբոլիստների: Բայց երբ հավաքականի մարզչին չի հաջողվում բացատրել, կամ նա ընդունակ չէ բացատրելու, թե ինչպես պետք է դուրս գալ սեփական կիսադաշտից, բոլոր հույսերը կարծես հօդս են ցնդում:

Կան տարրական ֆուտբոլային կանոններ, որոնք մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվում իրագործել: Ձախողման պատճառներ կարելի է շարունակ որոնել, մեղադրել մարզչին, ֆուտբոլիստներին, ասել, որ արհեստական խոտածածկի վրա դժվար է խաղալ և այլն: Պատճառաբանություններ փնտրելով, սակայն, խնդիրը չի լուծվի: Անհրաժեշտ են փոփոխություններ, համակարգային փոփոխություններ: Ամենաթույլի կարգավիճակում մնալը ամոթ է: Ամոթ է ոչ միայն ֆուտբոլիստների, այլև ֆուտբոլի երկրպագուների, նաև՝ շարքային քաղաքացու համար:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4