June 26, 2022

Արամ Մանուկյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արամ Մանուկյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց:  Այս մասին «Հետք»-ին ասաց Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանն անդրադարձել է հանգամանքին, որ Մանուկյանին մեղսագրվում է այնպիսի արարք, որը նախատեսում է մեկ տարուց ավելի, մասնավորապես՝ մինչև 12 տարի ազատազրկում և կալանքի որոշումը հիմնավորել այն հանգամաքնով, որ ազատության մեջ մնալու դեպքում Արամ Մանուկյանը կարող է խուսափել նախաքննական մարմնին ներկայանալ, խոչընդոտել նախաքննությանը:

Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը Մանուկյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացրել:

Փաստաբան Բաղդասարյանը պարզաբանում է, որ 2016-ի հուլիսին «Սասնա ծռեր»-ն ապստամբություն են բարձրացրել, իսկ միջազգային  իրավական ակտերով ապստամբությունը հանցակազմ չի պարունակում: Դրանից, ըստ փաստաբանի,  բխում է, որ Արամ Մանուկյանի նմատմամբ ոչ թե պետք է այլընտրանքային խափանման միջոց կիրառվի, այլ նա պետք է ազատ արձակվի՝ արարքում հանցակազմ չլինելու հիմքով:

«Երկրի քաղաքական իշխանությունն իր պոզիտիվ պարտականությունը չի կատարել, և հասարակությունն ըմբոստացել է»,- ասաց Բաղդասարյան ու հիշեցրեց, թե ինչպես էր ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հասարակությունը սատարում «Սասնա ծռեր»-ին:

«Չկա  պատմության մեջ որևէ դեպք, երբ նմանտիպ գործողություններ կատարած անձանց նկատմամբ լինի նման հետաքրքվածություն և պաշտպանություն՝ հասարակության կողմից»,- նշեց Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք Երևանում Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման առթիվ հարուցված քրեական գործով Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ  235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Մանուկյանն, ով նույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդին է, կալանքի տակ է գտնվում 2016-ի հուլիսի 27-ից, դատարանն արդեն երրորդ անգամ է երկարաձգում նրա կալանքի ժամկետը:

hertq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4