
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» գիրքը լույս է տեսել երկրորդ հրատարակությամբ: Այս մասին թուրք մտավորականը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Լավ նորություններ: «Հայերի բռնի իսլամացումը» գիրքը երկրորդ հրատարակությամբ է լույս տեսել: Փոքր-ինչ ուշացավ, սակայն ես շատ ուրախ եմ»,- հայտնել է նա:
Գրքի առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ կերպով զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների և պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին:
Երկրորդ բաժնում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների և հալածանքների մի մեծ արշավ:
Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման և ուծացման քաղաքականությունը 1915-1918 թթ.: Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երևույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:
Գիրքը 2016 թվականին թարգմանվել և հրատարակվել է հայերեն:
1in.am
Leave a Reply