
Ամերիկահայ հայտնի երաժիշտը Սերժ Թանկյանը մեջլիսում համարձակ հայտարարություններով հանդես եկող հայազգի պատգամավոր Գարո Փայլանին համարում է իրական հերոս: Այս մասին Թանկյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում:
«Այս հատուկ օրը, երբ մենք հիշում ենք Մարտին Լյութեր Քինգին և այն ամենը, հանուն ինչի նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը Թուրքիայում հեռացնում է պատգամավորին ցեղասպանության մասին հիշատակելու համար:
Գարո Փայլանն իրական հերոս է, քանի որ շատ հեշտ է խոսել ճշմարտության մասին մի հասարակությունում, որտեղ չկան հետհարվածներ, մինչդեռ շատ վտանգավոր է այն հասարակությունում խոսելը, որտեղ գործում են հետհարվածները: Ես մեծ պատիվ եմ ունեցել նախորդ տարի հանդիպել նրան: Մենք քեզ հետ ենք, Գարո»,- նշել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը զրկվել է խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից թուրքական Մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է․ «1913-1923 թվականների ընթացքում չորս ժողովուրդ կորցրեցինք` հայերը, ասորիները, հույները, հրեաները մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ արտաքսվեցին, կա՛մ փոխանակման ենթարկվեցին»:
1in.am
Leave a Reply