June 26, 2022

ՀՀ-ում ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունը մնում է անպատիժ․ Human Rights Watch

Հայաստանի կառավարությունը չի ապահովել խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժ կիրառելու համար պատասխանատու իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ողջամիտ և վստահելի հաշվետվողականություն։ Այս մասին ասվում է Human Rights Watch-ի 2017թ. Համաշխարհային զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ 2016թ. հուլիսին իշխանություններն ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ և հարձակվել մայրաքաղաք Երևանում ցույցերը լուսաբանող լրագրողների վրա: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են բողոքի ցույցի տասնյակ առաջնորդների և մասնակիցների՝ անհիմն քրեական գործեր հարուցելով նրանց դեմ և նրանցից ոմանց զրկելով ձերբակալված անձանց հիմնական իրավունքներից:

«Վեց ամիս անց, մենք դեռևս սպասում ենք, որ պատասխանատվության ենթարկվեն հուլիսին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ իրենց լիազորությունները չարաշահած իրավապահները», – ասել է Գեորգի Գոգիան, Human Rights Watch-ի, Հարավային Կովկասի հարցերով տնօրենը։ «Իշխանությունները չեն հապաղել բազմաթիվ ցուցարարների հետապնդելու հարցում, բայց կարգազանց ոստիկանների նկատմամբ նույն խստությամբ չեն իրականացրել արժանահավատ հետաքննություն և պատշաճ հետապնդում»:
Human Rights Watch-ի՝ 687 էջից բաղկացած Համաշխարհային զեկույցի 27-րդ հրատարակությունը դիտարկում է մարդու իրավունքների իրավիճակն ավելի քան 90 երկրներում:

Զեկույցում մատնանշվում է, որ 2016թ․ հուլիսին և օգոստոսին ՀՀ իշխանությունները կամայականորեն կալանավորել են բողոքի ցույցերի հետ առնչություն ունեցող տասնյակ մարդկանց:

Իշխանություններն առանց հապաղելու հետաքննություն են սկսել ոստիկանության դրսևորած հակաիրավական վարքագծի առնչությամբ, սակայն հետաքննությունը հանգեցրել է սահմանափակ պատասխանատվության։ Իշխանություններն աշխատանքից ազատել են Երևանի ոստիկանապետին «ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը չկանխելու» համար։ Ոստիկանության 17 այլ ծառայողներից ոմանց լիազորությունները կասեցվել են, մյուսներին հայտարարվել է նկատողություն, սակայն ոչ մի քրեական գործ չի հարուցվել որևէ պաշտոնատար անձի նկատմամբ:

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է նաև, որ դեկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Երևանի փոխոստիկանապետին «հասարակական կարգի գերազանց պահպանության» համար ոսկե մեդալով, ով հուլիսի 29-ին մասնակցել է ընդդեմ ցուցարարների իրականացված ոստիկանական գործողություններին:

«Ոստիկանության բռնությունների համար հաշվետվողականությունն էական է հանրային վստահության վերականգնման համար, այն դեպքում, երբ մարդիկ զգում են, որ Հայաստանում կառավարությունն ականջալուր չի լինում նրանց մտահոգություններին», – հայտարարել է Գոգիան։

Human Rights Watch-ը նաև բացահայտել է մարդու իրավունքների այլ լուրջ խնդիրներ Հայաստանում՝ կապված ընտանեկան բռնության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնության և խտրականության հետ

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4