January 28, 2021

Ժամանակն է, որ Գերմանիան ինչ-որ բան փոխի իր ներքին քաղաքականությունում. գերմանացի պատմաբանը Բունդեսթագի ընդունած բանաձևի մասին

Գերմանացի պատմաբան Տեսսա Հոֆմանը Tert.am-ի հետ զրույցում վերլուծել է, թե 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ինչ ազդեցություն է ունեցել Գերմանիայի և նրա հասարակության և նրանց՝ Հայոց ցեղասպանության մասին ընկալումների վրա:
Նա նշեց, որ 101 տարի տևեց, մինչև գերմանացի օրենսդիրները պաշտոնապես ճանաչեցին միլիոնուկես հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
«Ճանաչումը եկավ ոչ միայն ընդդիմանալու երկարատև և արդեն ավանդույթ դարձած պաշտոնական Գերմանիայի անտարբերությանն ու մերժողականությանը, այլ նաև մեջտեղ բերեց բավականին մեծ անհանգստություն թուրք-գերմանական հարաբերություններում: Բայց թե որքան հակասական է գերմանական դիրքորոշումը, ցույց տվեց (ցույց է տալիս՝ նաև ներկայում- Տ. Հ) երեք ամիս անց՝ սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի կառավարության խոսնակի հայտարարությունը, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումն իրավական ուժ չունի և իրավական պարտավորության բնույթ չի կարող ունենալ, այն միայն արտացոլում է Գերմանիայի խորհրդարանի կարծիքը»,- նշեց գերմանացի պատմաբանը:
Նրա խոսքով՝ բոլոր դիտորդների համար էլ պարզ էր, որ նման հայտարարությունը հիմնականում պայմանավորված էր գերմանական կառավարության վախով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կչեղարկի փախստականներին վերաբերող Եվրամիություն-Թուրքիա համաձայնագիրը: «Հատկանշական է, որ այս համատեքստում գերմանական մեդիաները հունիսի 2-ին Ցեղասպանության ճանաչումը նշում էին որպես Հայկական բանաձև՝ այնպես, կարծես այն ոչ մի կապ չուներ Թուրքիայի կամ Օսմանյան կայսրության հետ: Դա գերմանական խուսափողականության դրսևորումներից էր»,- նշեց Տեսսա Հոֆմանը:
Նա հիշատակեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին Գերմանիայում գործող մի քանի թուրքական կազմակերպություններ դիմել են Սահմանադրական դատարան` բողոքելով խորհրդարանի ընդունած՝ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ: «Սահմանադրական դատարանը, սակայն, վճռել էր, որ բողոքողները չունեն ապացույց, որ բանաձևը խախտում է իրենց իրավունքները, ավելին՝ դատարանը չի տվել իր որոշումը վերանայելու որևէ հնարավորություն»,- նշեց նա:
Պատմաբանը նշեց, որ այնուամենայնիվ, կան դրական տեղաշարժեր, որոնք պայմանավորված են գերմանական և երկրում գործող հայկական կազմակերպությունների գործունեությամբ:

Բացի այդ, մատնանշեց, որ գերմանացի օրենսդիրներն ունեցել են հստակ առաջադրանքներ՝ ուղղված կառավարությանը. պետք է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, նպաստել երկխոսությանն ու հաշտեցմանը: «Արդեն ժամանակն է ինչ-որ բաներ անելու ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականությունում: Մասնավորապես՝ դպրոցական դասագրքերում, պատմության դասագրքերում պետք է ներկայացվի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը(ները)»,- ասաց նա:

Տեսսա Հոֆմանը, միևնույն ժամանակ, նշեց, որ դժվարություններ շատ կլինեն ամենամեծ թուրքական համայնքն ունեցող Գերմանիայի դպրոցական դասագրքերում Օսմանյան կայսրության իրականացրածը որպես ցեղասպանություն ներկայացնելու հարցում:
«Հետևաբար, դեռ շատ բան կա անելու հայկական և գերմանական ընկերությունների համար այսքան մերժողականության մթնոլորտում»,- ասաց նա:
Հետաքրքրված հայկական կազմակերպությունները ստիպված պետք է լինեն համոզել որոշում կայացնող գերմանացիներին՝ ինչու է անհրաժեշտ դասագրքերում Օսմանյան կայսրության իրականացրածը որպես ցեղասպանություն ներկայացնել, ասաց նա՝ նշելով, որ այդ հարցում դաշնակիցներ կարող են լինել ինչպես երկու գերմանական կրթական արհմիությունները, այնպես էլ անհատ գիտնականներն ու կրթության ոլորտի ներկայացուցիչները, որոնք տպագրվել են ցեղասպանության թեմաներով:
Տեսսա Հոֆմանը հուշեց՝ 2017 թվականը Գերմանիայում խորհրդարանական ընտրությունների տարի է. «Լավ ժամանակ է շահագրգիռ կողմերի համար հարցնելու թեկնածուներին, կուսակցություններին և խմբակցություններին Գերմանիայի դպրոցներում Ցեղասպանության մասին գիտելիք մատուցելու վերաբերյալ նրանց դիրքորոշման մասին»:

tert.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4