September 18, 2021

Բոլոր տարրերը մեկ ամբողջություն են և դրանք տարանջատելու փորձերը անհնար կդարձնեն հավասարակշռված լուծումը. միջնորդներ

Ղազախստանում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են արել։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրությունում։
ՌԴ, Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարները և ԱՄՆ փոխպետքարտուղարը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները վկայակոչել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել էր Աթենքում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը, և հիշեցրել են կողմերին Հելսինկյան եզրափակիչ ակտում պարունակող սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում համաձայնության գալու վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորության մասին, մասնավորապես՝ զերծ մնալ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքից, ինչպես նաև պետությունների տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներ։

Նրանք հաստատել են, որ 2009թ. հուլիսի 10-ին իտալական Ակվիլայում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Նիկոլա Սարկոզիի և Բարաք Օբամայի ձևակերպած և հունիսի 26-ին Մուսկոկայում վերահաստատած տարրերը պետք է հակամարտության ցանկացած արդար և երկարատև կարգավորման հիմքը լինեն։

Առաջարկվող տարրերը իրենցից ներկայացնում են մեկ ամբողջություն, և դրանցից մի քանի տարրեր առանձնացնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը։

Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստեյնբերգը երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ կողմերի միջև տարաձայնությունները հաղթահարելու համար ներդրած ջանքերի առնչությամբ՝ հաշվի առնելով այս տարվա հունվարի 25-ին Սոչիի և հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը քննարկված իրավիճակը։

Նախարարներն ընդգծել են, որ մինչև օրս հակամարտության կողմերի ձեռնարկած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար։ Նրանք ափսոսանք են հայտնել տարածաշրջանում լարվածությունը մեծացնող վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, այդ թվում 2010թ. հունիսի 18-19-ի զինված լուրջ միջադեպի և իրավիճակն ավելի թեժացնող հրապարակային հայտարարությունների առնչությամբ։

Նրանք զգուշացրել են, որ ուժի գործադրումն է ստեղծել ներկա իրավիճակը, և դրա կրկնությունը կարող է հանգեցնել միայն տառապանքների, կործանման և հակամարտության ու թշնամանքի սենդեսերունդ փոխանցման։

Նրանք կոչ են արել փոխզիջման ոգու ամրապնդման՝ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ ընդհանուր հիմքի վրա համաձայնության հասնելու նպատակով։ Կողմերը լրացուցիչ գործողություններ պետք է ձեռնարկեն 1994թ. հրադադարն ամրապնդելու և հետագա քաղաքական երկխոսության և համաձայնությունների հասնելու համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։ Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հաստատել են իրենց աջակցույթունը կողմերին խաղաղ ճանապարհով համաձայնության հասնելու համար, սակայն նշել են, որ ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը կրում են ադրբեջանցի և հայ առաջնորդները։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4