January 28, 2021

«168 ժամ». ԵԽ գլխավոր քարտուղար. Պատերազմի վերսկսման ռիսկն առկա է

Պարբերականը հարցազրույց է տպագրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տյորբյերն Յագլանդի հետ:

Ի՞նչ եք կարծում հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման հեռանկարի մասին:

Հուսով եմ, որ վավերացման գործընթացը կարող է վերսկսվել: Շատ կարեւոր է, որպեսզի կողմերից ոչ մեկը չառաջադրի արձանագրություններում չհիշատակված պայմաներ: Ես չեմ ցանկանում մատնանշել որեւէ կողմի, սակայն, կարծում եմ, կարեւոր է, որպեսզի երկու կողմերն էլ հավատարիմ մնան գործընթացին: Ես քաղաքական գործիչ եմ եւ գիտեմ, որ դա շատ բարդ քաղաքական գործընթաց է: Սակայն, հուսով եմ, կողմերը չեն հրաժարվի գործընթացից եւ այն չեն հետաձգի շատ երկար ժամանակով:

Դուք հետեւո՞ւմ եք ԼՂ շուրջ բանակցային գործընթացին:

Այո եւ շատ ուշադիր: Ես գիտեմ, որ վերջերս շփման գծում տեղի է ունեցել չափազանց վտանգավոր եւ ցավալի միջադեպ, որը կարող է վերաճել ավելի վատ բանի: Հուսով եմ՝ կողմերը կփորձեն կայունացնել իրավիճակն ու պահպանել հրադադարը:

Եվրոպայի խորհուրդը պե՞տք է արդյոք ավելի ակտիվ դեր ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման գործընթացում:

Ինչ վերաբերում է բանակցություններին ու վերջնական կարգավորմանը, մենք չենք կարող մասնակցություն ունենալ, քանի որ այդ իրավասությամբ օժտված է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Շատ կարեւոր է, որպեսզի բոլորը ընդունեն դա: Կրկնօրինակման ցանկացած փորձ կարող է խճճել գործընթացը: Իսկ եթե մեզ խնդրեն, մենք կարող ենք աջակցել տարբեր մակարդակներում կողմերի դիրքորոշումների մերձեցման եղանակով:  

Ի՞նչ եք կարծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման հավանականության մասին:

Պատերազմի վերսկսման ռիսկն առկա է այնքան ժամանակ, քանի դեռ չկա վերջնական կարգավորում: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խուսափել այնպիսի միջադեպերից, ինչպիսին տեղի ունեցավ վերջերս: Ցանկացած էսկալացիա կարող է հեշտությամբ վերածվել լուրջ բանի եւ դուրս գալ վերահսկողությունից: Կցանկանայի հիշեցնել, որ Եվրոպայի խորհրդում ընդգրկվելիս Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4