
Հուլիսի 14-ին բացվել է Դամասկոսի 57-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև Հայաստանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հայկական տաղավարում ներկայացված էին հայաստանյան 20-ից ավելի ընկերությունների գործունեությունը լուսաբանող տեղեկատվական և գովազդային նյութեր:
Բացման պաշտոնական արարողությունից հետո հայկական տաղավար են այցելել Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրին, կառավարության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ:
Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ կարճատև զրույցի ընթացքում Սիրիայի վարչապետը գոհունակություն է հայտնել երկարամյա ընդմիջումից հետո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը նման լուրջ միջազգային միջոցառումների նոր խթան կհանդիսանա հայ-սիրիական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Հայկական տաղավարի այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական արտադրության ապրանքների, մասնավորապես` հանքային ջրերի նկատմամբ:
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 երկիր Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, Ասիայից և Հարավային Ամերիկայից:
Tert.am
Leave a Reply