September 18, 2021

Սահմանի բացման մասին` ոչ մի խոսք

Հայաստանում սեպտեմբերի 11-17ը նախանշված ՆԱՏՕ-զորավարժությունների ընթացքում հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման մասին խոսակցությունները անհիմն են: Հավատացնում են ՀՀ ԱԻՆ-ում, որի հետ համատեղ ՆԱՏՕ-ն կազմակերպում է այս տարվա զորավարժությունները:

Հիշեցնենք, որ թուրքական RADIKAL պարբերականը տեղեկացրել էր, որ Հայաստանում սեպտեմբերի 11-17ը նախանշված ՆԱՏՕ-ի ռազմական-մարդասիրական զորավարժությունների ժամանակ բացվելու է հայ-թուրքական սահմանը, որպեսզի զորավարժություններին մասնակցող թուրքական ռազմական շարասյունները առանց խոչընդոտի մտնեն Հայաստան:

«ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում կազմակերպված թե’ նախնական, թե’ վերջնական պլանավորման համաժողովների ժամանակ բացարձակապես խոսք չի եղել հայ-թուրքական սահմանի բացման մասին: Հայկական, հյուսիս-ատլանտյան ու թուրքական պատվիրակությունները նույնիսկ ակնարկ չեն արել այդ մասին»,-«Ա1+»-ին ասաց ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն Սերգեյ Ազարյանը:

Զորավարժություններին Հայաստանի փրկարար ծառայությունը մասնակցում է 2003 թվականից: Սերգեյ Ազարյանի խոսքով, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում տարեկան մեկ անգամ ՆԱՏՕ-ի եվրաատլանտյան աղետների արձագանքման ու համակարգման կենտրոնը կառույցի անդամ և գործընկեր պետությունների հետ համատեղ կազմակերպում է զորավարժություններ այդ երկրներից մեկում: Մինչ այդ էլ կազմակերպվում են նախնական պլանավորման մի քանի համաժողովներ` որոշելու վարժանքների մանրամասները:

«Թուրքական կողմը այս համաժողովներին մշտապես մասնակցել է` 3-5 հոգանոց պատվիրակությամբ: Այս տարի նրանք միայն որոշ վերապահում արեցին եւ նշեցին, որ մասնակիցների կազմը կներկայացնեն օգոստոսին: Ամենամեծ թվով պատվիրակությունը, որ առայժմ գրանցվել է դա ռուսականն է` 32 զինվորական» ,-ասաց Սերգեյ Ազարյանը:

«Հայաստան 2010» անունը կրող զորավարժությունները անցկացվելու են Կոտայքի մարզում` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում ու Արզնի քաղաքի շրջակայքում: Մասնակցելու են դաշինքի անդամ երկրների դիտորդներ, փորձագետներ, 20 փրկարարական թիմ: Վարժանքների սցենարի հիմքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումն է երկրաշարժի դեպքում:

«Ոչ մի շարասյան մասին, նույնիսկ այլ երկրներից, խոսք լինել չի կարող: Բացառվում են նաեւ ինչ-ինչ փոփոխությունները, քանի որ ամեն ինչ արդեն ծրագրավորված է»,-հավելեց նա

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4