September 18, 2021

ԲԱՐՁՐ ՊԱՀԵՆՔ ՄԱՄՈՒԼԻ ՎԱՐԿԸ-Կոչ «Ալիք» օրաթերթի պատասխանատուներին

Վերջին մեկ ամսվա ընթացքում Սփյուռքի ամենահին հայկական կենսունակ համայնքում` Իրանում, որ ի միջի այլոց հայ մամուլի հիմնադրի պատվավոր տիտղոսը պատկանում է նրա արժանավոր որդի՝ Տ. Հարություն քհն. Շմավոնյանին, ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթի որդեգրած գործելաոճի հետեւանքով հարցականի տակ է դրվել հայ մամուլի ազնվությունը, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ համայնքի համերաշխության եւ կենսունակության վրա:

Արդարեւ, երկու տարի է, որ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը ձեռնարկել է մի ընդհանուր ծրագիր, ըստ որի, «համայնքի նոսրացման պատճառով, վերադասավորվում են բոլոր ազգային կառույցները»: Այդ ծրագրի շրջանակներում ազգային կալվածներից եւ կառույցներից որոշները վաճառվել, փակվել եւ կամ միատեղվել են, ընդ որում համայնքի մեջ ակնառու տագնապ ստեղծեցին Իրանահայ արհեստավորների միության կենտրոնատեղիի՝ «Արամ» ազգային սրահի վաճառքի, «Թունյան» ազգային դպրոցի չմտածված հիմնաքանդ անելու եւ «Ռոստոմ» ազգային դպրոցի փակման խնդիրները: Տագնապաստեղծ հիշյալ հարցերը երեւի այնքան էլ դառը չհնչեին, եթե «Ալիք» օրաթերթը չքողարկեր դրանց իրական պատկերը, չարդարացներ Թեմական խորհրդի չբացատրվելիք ու հակականոնագրային քայլերը եւ ամենագռեհիկ կերպով չայլափոխեր ժողովրդի պահանջը:

Անկախ նրանից թե որքանով է իրեն արդարացնում Թեմական խորհրդի կողմից գործադրվող վերոհիշյալ ծրագիրը, մեզ մամուլի գործիչներիս նախեւառաջ պիտի հետաքրքրեր հարցի թափանցիկությունն ու ճշմարիտ տեղեկատվությունը եւ այդ սկզբունքով էլ պիտի աշխատեինք հասարակությանը փոխանցել ծրագրերի եւ եղելությանց մասին: 

Բայց, դժբախտաբար, «Ալիք» օրաթերթի կողմից բազմաթիվ անգամ հարցերը այլ ընթացք ընդունեցին: Համայնքը ղեկավարող գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը, հաշվի չառնելով ժողովրդի կամքը՝ գործեց նրան հակառակ, իսկ «Ալիք» օրաթերթը մամուլի իր ամենահիմնական՝ հարցերը պարզաբանելու, առաքելությունը ստանձնելու փոխարեն աշխատեց քողարկել եւ արդարացնել Թեմական խորհրդի նման գործելաեղանակը: 

Իրանահայ արհեստավորների միության կենտրոնատեղիի՝ «Արամ» ազգային սրահի վաճառքը Թեմական խորհրդի միջոցով, միութենականների կամքի հակառակ, եւ այդ հարցում «Ալիք» օրաթերթի միջնորդությունը երկու կողմերի միջեւ նաեւ «Ռոստոմ» աղջկանց ազգային դպրոցի փակումը հակառակ նրա աշակերտության, ուսուցչական կազմի եւ ծնողների կամքի եւ դարձյալ «Ալիք» օրաթերթի միջնորդությունը կողմերին «իրարահասկացողության բերելու նպատակով», որից հետո մեջտեղից կորավ մոտ 300 ստորագրությամբ «Ռոստոմ» դպրոցի ծնողների եւ բահար քաղաքամասի հայ բնակչության համախոսականի իսկական պատճենը: Եվ այնուհետ այդ առնչությամբ անճիշտ տեղեկատվությունը, որտեղ ծնողների պահանջը՝ դպրոցի չփակելու փոխարեն, ձեւացվեց մի տարօրինակ պահանջի, թե՝ «ինչու դպրոցի փակելու մասին մեզ ավելի շուտ չեք ասել» կամ թե՝ «պարզեք մեր վիճակը, որ իմանանք թե որտեղ պիտի արձանագրենք մեր երեխաներին», որն իրականում ապատեղեկացնող եւ ապակողմնորոշող մի տեսարան էր եւ ուրիշ ոչինչ:

«Ալիք» օրաթերթը ոչ միայն կրկնում է Թեմական խորհրդի կողմից «Ռոստոմ» դպրոցի փակման մասին հրապարակված անհիմն հայտարարությունը, այլ նրանից էլ առաջ անցնելով 20-25 հոգուն ներկայացնում է որպես այդ դպրոցի ողջ աշակերտության ծնողների, որը համազոր է բացարձակ ստի: Ու դեռ ավելացնում, որ հուլիսի 6-ին Թեմական խորհրդի, Պատգամավորական ժողովի դիվանի եւ Կրթական խորհրդի հետ համատեղ նիստի ընթացքում «ծնողները (այսինքն այդ 20-25 հոգին) տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն անցնի գործնական փուլին եւ սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս» դպրոցին միաւորելու գործընթացը», այսինքն փակումը, որն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ հիշյալ նիստում ո՛չ քվեարկություն եղավ, ո՛չ էլ հավաքական հաստատում, նույնիսկ այդ սակավաթիվ ներկաների կողմից:

Իհարկե մենք լավապես գիտակցում ենք, որ «Ալիք»-ը անկախ թերթ չէ, այլ կուսակցական պաշտոնաթերթ եւ, ինքնաբերաբար, արտացոլում է պատկան կուսակցության տեսակետները եւ ոչ թե հասարակական պահանջը, սակայն դա չի նշանակում, թե որեւէ կուսակցության պաշտոնաթերթ իրավունք ունի իր նախասիրություններից ելած աղավաղել հարցերը, այլափոխել իրականությունները եւ սուտ լրատվություն կատարելով մոլորեցնել հասարակությունը:

Այստեղ խնդիրը լոկ «Ալիք» օրաթերթի սխալ կեցվածքը չէ, այլ այն անառողջ մոտեցումը, որով նա փորձում է ազգային իշխանությունների սխալը քողարկել, որը պակաս բան չէ քան ինքը սխալը, եւ նույնիսկ երբեմն ավելի քանդիչ՝ որի համար նախեւառաջ պատասխանատու է Դաշնակցություն կուսակցությունը եւ ապա թերթի խմբագրական կազմը:

Կասկածից վեր է, որ համայնքի նյութական, հոգեւոր եւ բարոյական շահի զոհելը հանուն հատվածական շահի, կարող է ունենալ անվերադարձ կորուստներ:

Ուստի «Ալիք» օրաթերթին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի քայլերից, որով կխաթարվի համայնք-մամուլ փոխհարաբերությունը:

Թեհրան, 15 հուլիսի 2010թ

     «Իրանահայեր» լրատու ցանց

       «Արաքս» շաբաթաթերթ

        «Լույս» ամսագիր

Հայկական էլեկտրոնային եւ տպագիր մամուլից խնդրում ենք, արձագանքելով այս կոչը, Բարձր պահել հայ մամուլի վարկը եւ դեմ կանգնել անճիշտ լրատվությունը սովորույթի վերածելու ավերիչ գործունեության:

  photo by hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4