September 22, 2021

Ադրբեջանը պատրա՞ստ է շարունակել

Ալմաթիում հուլիսի 17-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնգակողմ հնարավոր հանդիպումն, ըստ Էդվարդ Նալբանդյանի, հստակեցման նպատակ է հետապնդելու:

Արդյոք Ադրբեջանը համաձայն է բանակցությունները շարունակել Սանկտ-Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի շուրջ, ինչի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ-Պետերբուրգում:

Այս մասին այսօր Լեհաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց «Արեւելյան գործընկերության» ծրագրի անդամ Ադրբեջանի օրեցօր ահագնացող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ: Միայն նկատեց, որ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրով համագործակցությունը կնպաստի տարբեր երկրների խնդիրների լուծմանը: «Իսկ Լեհաստանը, որպես կապող օղակ, ամեն կերպ կաջակցի ԼՂ խնդրի կարգավորմանը»,-ասաց Սիկորսկին:

Այսօր երկու երկրների նախարարները խոսեցին հայ-լեհական դարավոր բարեկամությունից, վերջերս երկկողմ հարաբերությունների ինտենսիվ զարգացումից, կարեւորեցին երկու  երկրների մայրաքաղաքներ ուղիղ չվերթի բացման հանգամանքը եւ տեղեկացրին, որ աշխատում են մեղմել մուտքի արտոնագրի պայմանները:

Ռադոսլավ Սիկորսկին նկատեց, որ Շենգեն արտոնագրի դեպքում խնդիրն ավելի բարդ է, բայց ազգային մուտքի արտոնագրի տրամադրման պայմանների հեշտացման, նվազագույնի հասցնելու վերաբերյալ հայկական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք է բերվել, իսկ Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ ՀՀ-ն ընդհանրապես աշխատում է մեղմել արտոնագրային ռեժիմը, եւ որպես առաջին քայլ կդյուրինացնի Լեհաստանի հետ արտոնագրային ռեժիմը, ինչը կնպաստի նաեւ տնտեսական կապերի աշխուժացմանը:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4