September 23, 2021

Zaman. Թուրքիան պետք է աշխատի ձեռք բերել Հայաստան մտնող գազատարի բաժնետոմսերը

Եթե Վրաստանը վերջնականապես որոշի վաճառել Ռուսաստանն ու Հայաստանը կապող Հյուսիս-Հարավ գազամուղը, ապա Թուրքիան պետք է աշխատի ձեռք բերել այդ գազամուղի բաժնետոմսերը: Այս մասին է գրում թուրք վերլուծաբան, Zaman օրաթերթի հոդվածագիր Ֆիքրեթ Էրթանը` անդրադառնալով Հայաստան մտնող գազատարը սեփականաշնորհմանը ոչ ենթակա օբյեկտների ցանկից հանելու վերաբերյալ օրինագծի ընդունմանը Վրաստանի խորհրդարանում։

«Ժամանակ առ ժամանակ Վրաստանի իշխանություններն անդրադառնում են Հյուսիս-Հարավ գազամուղի վաճառքի հարցին: Օրինակ` 2005թ. Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իտալական La Stampa թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թբիլիսին բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գազատարի վաճառքի առնչությամբ: Սակայն ավելի ուշ Վաշինգտոնը հայտարարեց, որ դրանով կմեծանա Վրաստանի կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև սպառնալիքի տակ կհայտնվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Այդպիսով, հարցը հայտնվեց պահարանում»,- գրում է Ֆիքրեթ Էրթանը` հիշեցնելով պաշտոնական Թբիլիսիի` Վաշինգտոնին տված խոստումը գազատարը չվաճառելու վերաբերյալ։

«2005թ. սեպտեմբերին վրացական իշխանությունների և ԱՄՆ-ի միջև ձեռք բերվեց համաձայնություն Հյուսիս-Հարավ գազատարի մոդեռնիզացման վերաբերյալ: Ըստ համաձայնագրի` Միացյալ Նահանգները պարտավորվեց չորս կարևոր ենթակառուցվածքների համար Վրաստանին տրամադրել 295 միլիոն դոլարի օգնություն, որից 70 միլիոնը տրամադրվելու էր գազատարի մոդեռնիզացմանը: Իսկ պաշտոնական Թբիլիսին այդ աջակցության դիմաց 5 տարի ժամկետով Վաշինգտոնին խոստացել էր չվաճառել գազատարը: Այդ ժամկետը լրանում է 2011թ. ապրիլին»:

Անդրադառնալով գազատարի հետ կապված վերջին զարգացումներին` թուրք վերլուծաբանն ընդգծում է, որ վրացական խորհրդարանում այդ առնչությամբ լուրջ քննարկումներ են սկսվել իշխանության և ընդդիմության միջև։ Վերջինը մտավախություն ունի, թե գազատարը կարող է վաճառվել Ռուսաստանին, ինչն ավելի կմեծացնի Թբիլիսիի կախվածությունը Մոսկվայից:
«Սակայն վրացական իշխանությունները փորձում են հակազդել այդ քննադատություններին և հանգստացնել հանրությանը: Վրաստանի վարչապետ Գիլաուրին հայտարարեց, որ կառավարությունը մտադրություն չունի ներկայում վաճառել գազատարը, ինչպես նաև հրաժարվել վերահսկիչ փաթեթից»,- գրում է Ֆիքրեթ Էրթանը` ավելացնելով, որ գազատարի հնարավոր վաճառքի հարցում հատկապես զգայուն է Հայաստանը:

«Տարածաշրջանի երկրները, ինչպես նաև Միացյալ Նահանգները ուշադիր հետևում են գազատարի հետ կապված այդ քաղաքական զարգացումներին: Այդ հարցում բավական զգայուն է Հայաստանը, քանի որ վերջինս մտավախություն ունի, որ գազատարի վրա կարող է աչք տնկել Վրաստանում գազի և էներգետիկ ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող Ադրբեջանը: Իսկ Ռուսաստանը նախկինի պես շարունակելու է մեծ հետաքրքրություն ցուցաբերել գազատարի առնչությամբ»,- գրում է թուրք վերլուծաբանը` ընդգծելով, որ Վրաստանում կարևոր ներդրումներ ունեցող Թուրքիային նույնպես պետք է հետաքրքրի Հյուսիս-Հարավ գազատարով:
«Հետագա զարգացումների արդյունքում եթե ստեղծվեն հարմար պայմաններ և գազատարի բաժնետոմսերը հանվեն վաճառքի, Թուրքիան պետք է աշխատի գնել դրանք: Իսկ եթե Թուրքիան գնի այդ բաժնետոմսերը, ապա տարածաշրջանում նրա ազդեցությունն էլ ավելի կմեծանա»,- եզրափակում է Ֆիքրեթ Էրթանը:

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4