September 18, 2021

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԿԱՐԱՍԸ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հունիսի 15-ից Տիգրանակերտում վերսկսվել են պեղումները: Վերջերս այնտեղ բացվել է թանգարան, որտեղ ներկայացված են վերջին 4 տարվա ընթացքում գիտահետազոտական խմբի պեղումների արդյունքները` խեցիներ, կարասներ, զարդեր:

ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի ներկայացմամբՙ պեղումներն ընթանում են երեք հիմնական հատվածներում: Թաղամասում ընթանում է հյուսիսային պարսպապատի բացումը: «Ուշագրավ է, որ ունենք պատեր, որոնց բարձրությունը առավել քան 4 մետր է: Երկրորդ հատվածը միջնաբերդն է, որտեղ նորից բացվում են ժայռափոր համալիրներ: Երրորդ հիմնական տեղամասը բազիլիկ եկեղեցու պեղումներն են»:

Վերջին գտածոն 600 լիտր տարողությամբ օձապատկերով անտիկ կարասն է, որ Արցախում ամենամեծն է: 10-15 օրվա ընթացքում նրանք կավարտեն անտիկ դամբարանադաշտի շրջակայքի պեղումները` հույսով, որ կգտնեն այդ ժամանակաշրջանի դրամներ:

Հնագետի ներկայացմամբՙ Տիգրանակերտը մարդկային ուժի, կամքի եւ ինքնության հաստատման յուրահատուկ խորհրդանիշ է:

«Եթե բարձրանաք եւ վերեւից դիտեք շրջակայքը` կզգաք մարդկության ձեռքբերումները, որի հզոր ուժն այսօր էլ զգացվում է»:

Տիգրանակերտի մասին արդեն նկարահանվել է 2 ֆիլմ: Շուտով հանդիսատեսի դատին կներկայացվի եւս երկուսը: Մինչեւ տարեվերջ կհրատարակվի արշավախմբի անդամների հեղինակած գիրքը պեղումների վերաբերյալ: Այսօր Տիգրանակերտը հանրապետության ամենահայտնի պատմաշակութային շինություններից մեկն է: Օրական այնտեղ այցելում են միջին հաշվով 40-70 զբոսաշրջիկ:

Այս տարի պեղումները կավարտվեն օգոստոսի 25-ին: Պետրոսյանը համոզված է, որ այդ ընթացքում կկարողանան գտնել արժեքավոր իրեր եւ արձանագրություններ, սակայն լուրջ արդյունքի հասնելու եւ հետազոտություններն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շուրջ 20 տարի

Տիգրանակերտի պեղումների կապակցությամբ հետաքրքրական են Ադրբեջանի արձագանքները: Ադրբեջանի ԳԱԱ-ն երկու որոշում է ընդունել Տիգրանակերտի կապակցությամբ: «Այդ որոշումները տեղադրված են նրանց ազգային անվտանգության կայքում, որտեղ հատուկ նշվում է, որ տարածքն իրականում Տիգրանակերտը չէ: Եթե սկզբում նրանք հայկական կողմին անվանում էին ստախոսներ, այժմ ընդունում են, որ Տիգրանակերտ քաղաքը կա, սակայն հնավայրին փորձում են ավելացնել «աղվանական» մակդիրը», «Արմատում» ասաց Համլետ Պետրոսյանը:

Հայ հնագետները գետնի տակից բացել են մի հզոր քաղաք, որի հյուսիսային պարիսպը 120 մետր երկարություն ունի, տեղ-տեղ 5 մետր բարձրությամբ եւ սրբատաշ ծիծեռնապոչով: Նման պատեր Անդրկովկասում կառուցվել են միայն հելլենիստական դարաշրջանում, իսկ այդ ժամանակ Ադրբեջանը գոյություն չուներ: Գոյություն չուներ նաեւ Ադրբեջանի կնքահայր Թուրքիան:

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4