September 18, 2021

Մեկ շաբաթվա կինոտոն Երևանում. Մեկնարկում է «Ոսկե ծիրանը»

Հուլիսի 10-ին մեկնարկում է «Ոսկե ծիրան» 7–րդ երևանյան միջազգային կինոփառատոնը։ Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Կարմիր գորգով կանցնեն փառատոնի ղեկավարներն ու հյուրերը։

Այս տարի «Ոսկե ծիրանը» կբացի ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը։ Փառատոնի բացմանը ներկա կլինի ֆիլմի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Նշենք, որ այս տարի փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 500 մասնակից շուրջ 70 երկրներից, այդ թվում՝  Հայաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Մեքսիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Արգենտինայից, Ֆինլանդիայից, Բրազիլիայից:։

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ 3 մրցութային ծրագրերը կգնահատեն միջազգային 5 ժյուրիներ` այդ թվում ՖԻՊՐԵՍՍԻ-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի և Էկումենիկ կամ եկեղեցիների անկախ ժյուրիները:

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին կգլխավորի իսլանդացի հանրահայտ ռեժիսոր Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնը, վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահն է իտալացի անվանի կինոքննադատ Լուչիանո Բարիզոնեն, իսկ Հայկական համայնապատկեր ծրագրի ժյուրին կղեկավարի հայազգի կինոքննադատ Արմեն Մեդվեդևը Ռուսաստանից:

Այս տարի փառատոնը հարուստ է կինոյի ոլորտի անվանի մարդկանց հոբելյաններով։ Կնշվեն կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի 85, դերասաններ Մհեր Մկրտչյանի և Խորեն Աբրահամյանի 80, օպերատոր Ալբերտ Յավուրյանի 75, դերասան Արմեն Ջիգարխանյանի 75–ամյա հոբելյանները։ Փառատոնի շրջանակում կնշվի նաև սփյուռքահայ ռեժիսորներ Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյանի 50–ամյակը։

Հարուստ է նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը։ Ծրագիրը կբացի Սեմիհ Քափլանօղլուի «Մեղր» ֆիլմը։ Երևանցի կինոդիտողները հնարավորություն կունենան դիտել Քշիշտոֆ Զանուսսիի «Փոխայցը», Ռոբ Նիլսոնի «Ներշնչվածը», Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6»–ը, Ստանիսլավ Գովոռուխինի «Ուղևորը»։

Հավելենք, որ կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են նաև Միխայել Հանեքենի «Սպիտակ ժապավենը», Լի Չան-Դոնի «Պոեզիան» և Յան Կունենի «Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին» ֆիլմը։

Այս տարի «Ոսկե ծիրանի» հետաքրքիր իրադարձություններից է լինելու ջազային խմբերի «Ջազ-կինո» մրցույթը։ Ջազ փառատոնը կանցկացվի «Ոսկե ծիրանի» օրերին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։

Փառատոնի կազմակերպիչները խոստանում են մեկշաբաթյա կինոտոն։ Իսկ մեզ մնում է վայելել։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4