September 23, 2021

Ժառանգության համագումար

Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության երկար սպասված` 6-րդ արտահերթ համագումարը: Կառավարության նիստերի դահլիճը լեփ-լեցուն էր, բազմաթիվ էին հրավիրվածները, որոնց թվում սակայն չկային կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, թեեւ ներկա էին ՀԱԿ-ին անդամակցող Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդգես Գասպարին, ԱԺ պատգամավորներից ` Լյովա Խաչատրյանն ու Շիրակ Թորոսյանը:
«Ժառանգության» վարչության նախագահ Արման Մարտիրոսյանը ներկայացրեց 2008-10 թվականների վարչության գործունեությունը, գնահատական տվեց այդ տարիների հասարակական-քաղաքական իրավիճակին եւ հայտարարեց, որ համակարգափոխությունը մշտապես եղել է «Ժառանգության» օրակարգում:

Նա նկատեց, որ իրենք համագործակցել եւ աջակցել են դաշտի մյուս կուսակցություններին, բայց համարժեք վերաբերմունքի չեն արժանացել:

«Մենք հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին»,-ասաց Մարտիրոսյանը եւ քվեարկության դրեց վարչության գործունեությունը: Համագումարի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց, բացառությամբ վարչության նախկին նախագահ Անահիտ Բախշյանի եւ եւս 4 հոգու, 9 մարդ ձեռնպահ էր:

«ժառանգությունն» առաջինն էր, որ փորձեց իր ներսում կայացնել ժողովրդավարությունը, մենք ցույց տվեցինք, որ «Ժառանգությունը» մանր կուսակցություն չէ»,-ասաց Անահիտ Բախշյանը եւ ներկայացնելով կուսակցության գործունեությունը իր` վարչությունը ղեկավարած տարվա ընթացքում, նկատեց, որ եղել են բացթողում, թերություններ, ինչի համար ինքը հրաժարական է տվել եւ հայցեց կուսակցականների ներողամտությունը: «Մեղավոր ենք եղել բոլորս»,-արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը:

Ապա խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանինն էր: «Ժառանգությունը իր նախորդ համագումարից մինչեւ այս համագումար ընկած ժամանակահատվածում ունեցել է ժամանակավոր շեղում, նահանջ իր սկզբունքներից, չափանիշներից ու արժեքներից, զիջեցինք մեր ինքնությունն ու տեղը քաղաքական դաշտում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցությունն այս 2.5 տարիներին ապրել է այնպես, ինչպես ՀՀ-ն 15 տարվա ընթացքում, այսինքն «դե ֆակտո», ոչ թե «դե յուրե»իրավիճակում: Այսինքն, ըստ էության այն ճամփաբաժանը, որի մասին խոսում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, հենց այս էր. «Այսօրվանից կուսակցությունն անցնում է դե յուրե գործունեության»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ մի քանի հոգի, որոնք իր համոզմամբ անարդարացիորեն են հեռացվել վարչությունից, եւ նոր ընտրվող վարչությունը նրանց անդամությունը կվերականգնի մի դիմումով: Նա ասաց, որ վարչությունից, կուսակցությունից հեռացումները պետք է արվեին ոչ թե վարչության նիստերում, այլ համագումարում: Թեեւ նկատեց, որ հեռաց ածներն իրենց վարքագծով ու ելույթներով ապացուցեցին, որ հոգով, սրտով վաղուց հեռացած են եղել «Ժառանգությունից»:

Նա կոչ արեց նրանց, ովքեր խոսում են մանդատները վայր դնելու անհրաժեշտության մասին, օրինակ ծառայեն եւ ընտրական հանձնաժողովների իրենց մանդատը առաջինն իրենք դնեն:
Հովհաննիսյանը ասաց, որ անցած ժամանակահատվածը ապացուցել է, որ սխալ էին այն մարդիկ, ովքեր ասում էին ««Ժառանգությունը» Րաֆֆին է, Րաֆֆիից այն կողմ ոչինչ չկա»:

Պետք է հարցաքննվեն բոլոր նախագահները

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ երկրին արտաքին եւ ներքին քաղաքականության մասին:
«Արցախյան ազատամարտում մենք հաղթել ենք պատերազմում, սակայն տանուլ ենք տվել խաղաղության հարցում: Մենք պետք է կարողանանք կանխել պատերազմը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել դրան»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ ՀՀ-ն պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը. «Պետք է պահանջենք Ադրբեջանից, որ վերջ տա հայկական հողերի օկուպացիային, ինչպես նաեւ պատասխան տա Ջուղայում հայ մշակութային կոթողների ոչնչացման համար»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց, որ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի եւ արժանապատվության վրա: «Միայն այդ դեպքում մենք կհասնենք տարածաշրջանային խաղաղության եւ կայունության»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, թե այդ հարաբերությունները պետք է վերականգնել առանց նախապայմանների: Իսկ այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը արկածախնդրություն է, ինչի արդյունքում Թուրքիան չբավարարվեց հանձնաժողովների ստեղծումով ու Կարսի պայմանագրի վավերացմամբ, այլ փորձեց տիրանալ նաեւ Արցախին:

Ներքաղաքական խնդիրներից խոսելիս Րաֆֆի Հովհաննիսյանը կենտրոնացավ մարտի 1-ի վրա եւ ընդգծեց, որ իրենք հետամուտ են լինելու այդ ոճրի բացահայտմանը, բայց այդ չի կարող լինել, «քանի դեռ հարցաքննված չեն երկրորդ, երրորդ, ապա նաեւ առաջն նախագահները»:

Հովհաննիսյանը խոսեց նաեւ ամենաբարձր մակարդակում կոռուպցիայի չափերից եւ շեշտեց, որ երկրորդ ու երրորդ նախագահներն այնքան հարստություն են կուտակել, որ լրիվ կբավականացնի Արցախն ու ազատագրված տարածքները վերաբնակեցնելուն, եւ կուրծք ծեծելու փոխարեն խորհուրդ տվեց այդ հայրենանվեր գործն անել, «այլապես մենք կանենք»:

«Ժառանգության» համագումարում հրապարակվեց կուսակցության վարչության նոր կազմը, որը ընտրվեց ընդմիջման ընթացքում կազմակերպված փակ, գաղտնի քվեարկությամբ: Վարչության նոր կազմում են Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը, սոցիալական ապահովության նախկին փոխնախարար, «Բարեփոխում» ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանը: Վարչության նոր կազմում մեխանիկորեն ընտրվեց Ստեփան Սաֆարյանը, որպես ԱԺ-ում խմբակցության ղեկավար։ Մյուս անդամները ակտիվ գործունեությամբ չեն զբաղվել եւ հասարակության լայն շերտերին հայտնի չեն:

Կուսակցության նոր վարչության կազմում ընտրվեց 11 հոգի։ Վարչությունը կուսակցության նախագահ ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ի դեպ, նորաթուխ ժառանգական Ռուբեն Հակոբյանը ելույթի ընթացքում հիշեց 1995,1996 թվականների դեպքերը, դրան հաջորդած բռնությունները, եւ դրանով բացատրեց հասարակության անվստահությունը նաեւ այսօրվա ընդդիմության նկատմամբ: Դահլիճում ներկաներից Գրիզելդա Ղազարյանը տեղից բացականչեց. «Այդ ամենը չգիտեիք, ինչու էինք մտել իշխանություն ու ծառայում այդ հանցավոր իշխանությանը»: Նա նկատի ուներ ՀՅԴ-ին, որի մանդատով Հակոբյանը պաշտոնավարում էր:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4