September 18, 2021

Մեռած ժողովրդավարության գարշահոտը Թեհրանի առաջնորդարանում

Հաստատելով «Ռոստոմ» աղջկանց դպրոցի փակումը ԹՀԹ Թեմական խորհուրդն ապացուցեց, որ ժողովրդի մտահոգություններով չի հետաքրքրվում

Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի դիվանի կողմից հրապարակված հայտարարությունն ու ՀՅԴ պաշտոնաթերթ «Ալիք» օրաթերթի կողմնակալ եւ չարդարացվող լրատվությունը Թեմական խորհրդի այսպես կոչված «վերադասավորման ծրագրից» ու նաեւ այդ խնդրում հիշյալ թերթի կողմնակալ «միջնորդությունը» դպրոցի ծնողների եւ Թեմական խորհրդի միջեւ եւ մանավանդ հուլիսի 6-ին առաջնորդարանի դահլիճում, Թեմական խորհրդի հրավերով, կայացած ամոթալի եւ սուտ «երկխոսության» մասին հրապարակումը, վկայում են, որ դեռ անցյալ տարվանից էին նրանք որոշել «Ռոստոմ» աղջկանց դպրոցի ճակատագիրը, փաստը՝ նույն դպրոցի տեսչի տեղափոխման դիմումը: Եվ, վստահաբար, եթե չլիներ «Ռոստոմ» դպրոցի հարակից «Բահար» քաղաքամասի հայ բնակչության եւ ի մասնավորի դպրոցի աշակերտության ծնողների ամբողջովին արդարացված բողոքը, նրանց ազնիվ պոռթկումը, դեռ ամիսներ առաջ փակած կլինեին այս հարցը:
Ծնողների պահանջատեր կեցվածքը ոչ միայն ուշացրեց այս ընթացքը, այլ նաեւ Թեմական խորհրդին պարտադրեց, գոնե առերես, հարգել ժողովրդին: Դրա վառ ապացույցն է նույնիսկ երեկվա «Ալիք» օրաթերթում հրապարակված հոդվածի եզրահանգումը:
«Ալիք»- օրաթերթը նշում է, որ «Ռոստոմ» դպրոցի աշակերտության ծնողների կողմից Պատգամավորական ժողովին առաքված բողոք նամակի տակ ստորագրել էին 73-74 հոգի, սակայն չի հիշատակում, որ իր կուսակիցների կողմից կազմակերպված «ընդլայնված նիստում» դպրոցի 105 աշակերտների ծնողներից ներկա էին միայն 27-ը, որոնցից քանիսն էլ ամուսիններ, եւ, ոտքի տակ տալով լրագրողին վայել վարքը, դիմում է ստի եւ գրում «ծնողները տւեցին իրենց լիարժէք համաձայնութիւնը, որպէսզի Թեմական խորհուրդն անցնի գործնական փուլին եւ սկսի գործադրել «Ռոստոմ» աղջ. դպրոցը «Արաքս»-ին միաւորելու գործընթացը », այսինքն դպրոցի փակելը:
Փաստը մնում է փաստ, որ այսպիսով Թեմական խորհուրդը առանց ծնողների լիարժեք նեկայությամբ եւ իմացությամբ եւ նրանց կամքի հակառակ, բայց նրանց անունով որոշում է կայացրել եւ այդ ամոթալի արարքում նրան օժանդակել է կուսակցական օրաթերթը: Այդուհանդերձ, եթե հաշվի չառնենք «Թունյան» դպրոցի վերակառուցման հետ կապված խնդիրները, այն ինչ կատարվեց «Ռոստոմ» դպրոցի հարցով, կարելի է ասել շատ առումներով, աննախընթաց էր իրանահայ համայնքի վերջին տարիների պատմության մեջ, որի համար ծանր գին վճարեց Թեմականը՝ կորցնելով իր եւ իր գործեղանակի նկատմամբ վստահությունը:

«Ռոստոմ» դպրոցի փակման հետեւանքով առաջացած մասսայական ալիքը մեծ հարված հասցրեց նաեւ Դաշնակցություն կուսակցության վարկին ոչ միայն իրանահայ համայնքում, այլ նաեւ Հայաստանում եւ ողջ Սփյուռքում: Որովհետեւ այս օրերին, երբ բոլոր կողմերից, այդ շարքում նաեւ դաշնակցականները, դատապարտում են օտարալեզու դպրոցների վերաբացումը Հայաստանում, ՀՅԴ-ն անտեսելով ժողովրդի պահանջը, թեհրանահայ աշակերտությանը ուղորդում է դեպի ոչ հայկական դպրոցներ:

Իսկ եթե ժողովուրդը, համայնքի ազգային կառույցները չտկարացնելու մտոք, որոշեց դատի չտալ նրանց իրենց կատարած անօրեն եւ կործանիչ արարքի համար, ապա դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ այդ կառույցների կամայականությունը եւ նրանք իրենց քաջալերված զգան իրենց կատարածի համար: Այլ ընդհակառակը, «Ռոստոմ» դպրոցի պարագան եւս ավելացավ նրանց եւ մանավանդ Թեմական խորհրդի արձանագրած բացասական արդյույնքների ցանկում:

iranahayer.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4