September 23, 2021

Սփյուռքահայ մտավորականները դեմ են օտարալեզու դպրոցների վերաբացմանը

Պոլսո «Մարմարա» թերթի խմբագրապետ Ռոպեր Հատտեճեանը, հրապարակախոս, մշակութաբան Մովսես Հերգելեանը եւ գրող Թորոս Թորանեանն այսօր «Ուրբաթ» ակումբում իրենց վրդովմունքն արտահայտեցին «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ օտարալեզու դպրոցների վերաբացման վերաբերյալ:

Սփյուռքահայ մտավորականները շատ են զարմացել, երբ տեղեկացել են, որ իրենց հայրենիքում նման հարցի վերաբերյալ բանավեճ կա. «Այսպիսի հարցի քննարկումն էլ ավելորդ է»,- ասում է Ռոպեր Հատտեճեանը: Նա սփյուռքի օրինակով գիտի, որ հայերն օտարամոլ են, եւ օտարալեզու դպրոցների առկայության դեպքում շատերն են ձգտելու իրենց երեխաներին այդ դպրոցներ տանել:

«Պոլսի մեջ 18 հայկական վարժարան ունենք, բայց դրանց ուսուցիչների ու աշակերտների թիվը օր օրի կպակսի»,- ասում է «Մարմարա»-ի խմբագրապետն ու նշում պատճառը. Թուրքիայում ապրող հայերը ցանկանում են, որ իրենց երեխաներն օտարալեզու կրթություն ստանան:

Թորոս Թորանեանը կարեւորում է հայերեն լեզվամտածողությունը. նա թեեւ ստիպված է Սիրիայում արաբերեն խոսել, բայց մտածում է հայերեն. «Ես հայերեն միտքս կթարգմանեմ արաբերեն, մարդիկ ինձ կհասկնան»:

Բեյրութում բնակվող Մովսես Հերգելեանը նշեց, որ Լիբանանում բազմաթիվ օտարալեզու դպրոցներ կան, որոնց արդյունքում տուժում է ազգային ինքնագիտակցությունը: «Այնտեղ, երբ մարդկանց հարցնում են, թե դու ով ես, չեն ասում` լիբանանցի եմ, այլ իրենց կրոնը կամ կուսակցությունն են նշում»,- ասում է հրապարակախոսը:

Օտարալեզու դպրոցների վերաբացումով Հայաստանը եւս կթուլանա` կարծում են սփյուռքահայ մտավորականները, իսկ սփյուռքն «արդեն թույլ է», քանի որ հայերենն օրեցօր փոշիանում է:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4